Ընդդիմության միասնական շտաբն ընտրել է բոյկոտի տարբերակը

«Նոր Հայաստան» ճակատի Ընդդիմության միասնական շտաբը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տապալելու համար ընտրել է բոյկոտի ճանապարհը։ Իսկ մինչ այդ նրանք սկսում են մարզային այցելությունները։ Առաջիկա կիրակի ճակատի միասնական շտաբը հավաք կանցկացնի հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, նոյեմբերի 4-ին՝ Վանաձորում։ Նրանց կտեսնենք նաեւ այսօր՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքում։

«Կհայտարարենք շտաբի առաջիկա շաբաթվա գրաֆիկը: Այս պահին կապի մեջ ենք ՀԱԿ-ի եւ «Ոչ»-ի ճակատի նախաձեռնող խմբի հետ: Հույս ունեմ՝ համագործակցության օղակը կընդլայնվի եւ ավելի կամրանա, քանի որ այս ռեժիմի դեմ պայքարում մենք միասնական ենք»,- ասում է Ժիրայր Սեֆիլյանը։ Ընդդիմության միասնական շտաբը կոչ է անում դեկտեմբերի 6-ին չմասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, փոխարենը դուրս գալ փողոց, գործադուլների, դասադուլների, անհնազանդությունների միջոցով հասնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների:

Ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Սեֆիլյանն ընդունում է, որ «Ոչ»-ի ճակատը մյուս ուժերի հետ մարտավարական տարաձայնություններ ունի։ ««Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներն ասում են՝ մասնակցել հանրաքվեին եւ «ոչ» ասել, իսկ մենք ասում ենք՝ չմասնակցել, մենք համոզված ենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի է ունենալու նկարչություն։

Հույս ունենք, որ ընդհանուր լեզու կգտնենք եւ համաձայնության կգանք»,-հայտարարեց նա։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ինքը հարգում է «Ոչ»-ի ճակատի դիրքորոշումը, բայց չի կիսում այն: «Ամբողջ գործընթացը պետք է մերժվի: Ինչպես պետք չէր գնալ ու բանակցել Սերժ Սագսյանի հետ, նույնկերպ պետք է չմասնակցենք հանրաքվեին: Մենք ասում ենք՝ չենք ճանաչում այս նախաձեռնությունը, ունենք այս գործիքը՝ անհանդուրժողական գործողությունների ցուցադրում: Մենք չենք պատրաստվում բռնություն կիրառել, մենք չենք պատրաստվում ցավ պատճառել մեր մնացած հայրենակիցներին: Մենք պետք է գործադուլներ, դասադուլներ, փողոցում պայքարենք»,- ասաց Փոստանջյանը: Նրա խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանրությանը պետք է նախապատրաստել այդ անհնազանդությանը:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչո՞ւ չի մասնակցում հրապարակային գործողություններին։ Սեֆիլյանը նկատեց, որ առաջիկա օրերին Հովհաննիսյանն ինքը բոլոր փակագծերը կբացի։ Նա «անձնական խնդիրների բերումով բացակայում է երկրից» եւ հայտնի չէ, թե երբ կմիանա պայքարին։ Առայժմ հայտնի չէ նաեւ, թե երբ ակտիվ պայքարին կմիանա ՀԱԿ ղեկավար, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենք է՞լ են մարզերում եւ գյուղերում ստեղծելու «Ոչ»-ի շտաբներ, ինչպես «Այո»-ի ճակատն է ստեղծել. ««Նոր Հայաստանի կազմում» ընդգրկված քաղաքական-հասարակական ուժերը տարբեր մարզերում ունեն գրասենյակներ, եւ դրանք, ըստ էության, այս օրերին կլինեն «Ոչ»-ի շտաբներ։ Դժբախտաբար, շատ չեն գրասենյակները, սակայն առկա են եւ Գյումրիում, եւ Վանաձորում, եւ Կապանում, առաջիկա օրերին հնարավոր է մի քանի այլ վայրերում եւս կետեր ստեղծվեն։ Սակայն բոլոր շրջաններում ունենալու ենք բջիջներ, որոնք օժանդակելու են մեր ծրագրերը։

Կարծում եմ՝ պայքարը պետք է տեղի ունենա Երեւանում, եւ մեր դեկտեմբերի 1-ի համաժողովրդական հավաքում ներառված կլինեն նաեւ մարզերի մեր բնակիչները, ուստի կարիք չկա գյուղում, շրջաններում, այսպես ասած, պայքարի մեջ մտնել մարզպետի, գյուղապետի հետ։ Կպահենք մարզերի բնակչության էներգիան Երեւանում դրսեւորելու համար»։

Աննա
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X