Սիրիական դժոխքի ավարտը

Երեկ Ավստրիայի մայրաքաղաքում էին հավաքվել մեկ տասնյակից ավելի եվրոպական եւ մերձավորարեւելյան երկրների արտաքին գործերի նախարարներ՝ քննարկելու սիրիական ճգնաժամի հարցը: Թեեւ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Քերրին ասել էր, թե ժամանակն է սիրիական դժոխքին վերջ դնելու, որեւէ մեկը չէր հավատում, թե Վիեննայում տեղաշարժ կարձանագրվի:

Սակայն այն, որ վերջապես նույն սեղանի շուրջ էին նստելու Սիրիայի պատերազմի հիմնական դիրիժորները՝ Իրանը եւ Սաուդյան Արաբիան, արդեն ձեռքբերում էր: Պարզ է՝ Իրանը շարունակում է կրկնել, որ ISIS-ը պետք է պարտության մատնվի, եւ դա պետք է արվի Բաշար Ասադին աջակցելու ճանապարհով: Սաուդյան Արաբիան էլ հանդիպման նախօրեին պաշտոնապես կրկնեց, որ Ասադը չի կարող մասնակցություն ունենալ Սիրիայի քաղաքական ապագայում եւ պետք է հեռանա։ Եթե հոժարակամ չի հեռանա՝ ուժով կհեռացվի:

Իրանը եւ Սաուդյան Արաբիան ամբողջ Մերձավոր Արեւելքում են միմյանց դեմ միջնորդավորված պատերազմում, սակայն նորությունն այն է, որ կարծես երկուսն էլ համոզվել են, որ Սիրիայում ոչ մի կողմը հաղթանակ չի տոնելու, չվերջացող արյունահեղությունից, ավերածություններից ու փախստականներից բացի, առջեւում ոչինչ չի սպասվում: Ուշագրավ էր նաեւ, որ Վիեննայի հանդիպումից հետո պետքարտուղար Քերրիի հետ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, թե Մոսկվան չի ասում, որ Ասադը պետք է մնա իշխանության ղեկին, այլ ասում է, որ Սիրիայի ժողովուրդը պետք է ընտրություն կատարի:

Եթե հաշվի առնենք, որ երեկ համաձայնեցված մի քանի կարգավորումներից մեկն այն է, որ Սիրիայում պետք է ՄԱԿ-ի կողմից կազմակերպվեն ընտրություններ, որոնց մասնակցեն բոլոր սիրիացիները՝ ներառյալ տեղահանվածներն ու երկրից արտագաղթածները, Ասադի հեռանալու հարցը կարելի է լուծված համարել:

Մեկնաբանություն
X