Մեդիախոհանոց-27

Դիակնե՞ր, թե՞ էսսեներ

Տարիներ առաջ մամուլում վիճակը բավականին այլ էր՝ քաղաքական, հասարակական գործիչներն ավելի սիրահոժար էին հարցազրույցներ տալիս, եւ թերթում հոդվածով հանդես գալը պատվաբեր էր համարվում։ Քաղաքական գործիչների, վերլուծաբանների մի հսկա բանակ կար, որը գրիչ վերցնելն ու մտքերը թղթին հանձնելը համարում էր իր պարտականությունը, իր գործը։ Հիմա քաղաքական, պետական գործիչների շրջանում մի տեսակ «գողական» բարքերն են իշխում, երբ հարցազրույց տալուց հրաժարվելը, լրագրողին կոպտելը համարվում են «լավտղություն», հոդված գրելը, ընդհանրապես՝ պատվից ցածր գործ։ Մինչդեռ ժամանակին քաղաքական գործիչների, վերլուծաբանների գրած հոդվածներից բանավեճեր էին ծագում, կարեւոր հասարակական քննարկումներ։

Եվ գրիչ էին վերցնում անգամ պետության առաջին դեմքերը։ Ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը գրեթե հեղափոխական ազդեցություն ունեցավ իրավիճակի վրա։ Վահան Հովհաննիսյանի, Վանո Սիրադեղյանի հոդվածաշարերը տպագրվել են առանձին գրքերով եւ ընթերցվում են մինչ օրս։ Տիգրան Հայրապետյանի հոդվածների ժողովածուներն այսօր էլ են զարմացնում իրենց թարմությամբ ու ասելիքի դիպուկությամբ։ Հիմա շմայսների, բուռնաշների, ճոյտերի դարաշրջանն է, որոնց խոսեցնելիս լրագրողները մի նպատակ ունեն՝ զավեշտը դարձնել ակնհայտ, սրանց անգրագիտությունն ի ցույց դնել եւ ընթերցողին զվարճացնել։

Այնպես, ինչպես հեռուստատեսությունը ժամանակի ընթացքում հրաժարվեց լուրջ, խոհուն հաղորդումներից՝ թոք-շոուներից, բանավեճերից, կլոր սեղաններից եւ այժմ նժարը թեքել է դեպի զվարճություններ, խաղեր, ֆիլմեր։ Այդպես էլ տպագիր մամուլն է թեքվել դեպի հումոր, սարկազմ, զավեշտ։ Երբ Ճոյտի հարցազրույցը շատ ավելի մեծ լսարան է գրավում, քան, ասենք, որեւէ գիտնականի կամ տնտեսագետի հարցազրույցը, ուզես-չուզես՝ ընթերցողի համար մրցավազքում դու էլ պետք է գնաս դեպի Ճոյտ։ Երբ Գալուստ Սահակյանի «մարգարիտները» տպագրելն ավելի մեծ արձագանք է ունենում, քան հետաքննական նյութ անելը, բնականաբար, սկսում ես նախընտրել ԱԺ նախագահի հետ հարցազրույցը, որը նաեւ քիչ աշխատատար ու ժամանակատար է։

Իսկ երբ դիակների, վթարների, քրեական պատահարների մասին լուրերն ավելի շատ ընթերցող են ունենում, քան, ասենք, Արամ Պաչյանի ու Սոնա Ադամյանի հոդվածները, սկսում ես մտածել, որ խոհուն, գրագետ լրագրողների ժամանակն անցել է։ Ավելի լավ է մի քանի ճարպիկ, կապեր ունեցող, ոստիկանության «սվոդկաներն» առաջինը հայթայթող աղջիկներ բերես, որոնք «ներողություն» բառը «ներեղություն» են գրում կամ պառլամենտը կառավարությունից չեն տարբերում։

Երբ մեզ մեղադրում են «քլիքների» ետեւից ընկնելու համար, ես մատնացույց եմ անում ամենաընթերցված նյութերի ցանկը մեր կայքում։ Ի վերջո, պահանջարկն է ծնում առաջարկ։ Եթե մենք չենք մատուցում այն, ինչ պահանջում է ընթերցողը, նա նախընտրում է կարդալ այլ լրատվամիջոց, եւ բնական «սելեկցիա» է տեղի ունենում. «Հրապարակը» դուրս է մղվում շուկայից, նրա տեղն զբաղեցնում են դիակներ ու շոուներ հրամցնող ԶԼՄ-ները։ Եվ մեզ մի ասեք, թե մենք կարող ենք ճաշակ ձեւավորել եւ ստիպել ընթերցողին կարդալ գեղարվեստական էսսեներ, հրապարակախոսական հոդվածներ, խորը վերլուծություններ, հարցազրույցներ հետաքրքիր ու գրագետ մարդկանց հետ։ Կա, անշուշտ, այդ ամենն ընթերցող մի փոքրիկ բանակ, բայց նրանց գոյությունը բավարար չէ, եւ նրանց հաշվին մենք չենք կարող գոյատեւել։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X