Իրավունք

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալը բոյկոտում է դատական նիստերը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից Գարեն Աթաջանյանը և պաշտպանը բոյկոտել են և չեն մասնակցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննարկմանը. այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Մենք նախապես հայտարարել ենք, որ չենք մասնակցելու նիստին, քանի որ արդեն ամեն ինչ կանխորոշված է, նախորդ դատական նիստերից նման հետևություններ ենք արել։ Միջնորդությունները ամբողջությամբ անհիմն են եղել, մեր առարկությունները նախորդ նիստերին չեն ընդունվել, այդ իսկ պատճառով էլ անիմաստ ենք գտնում հետագայում ևս մասնակցել այդ թատերական խաղերին»,-ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դատարանը երկարաձգել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը: Պաշտպանյալի խոսքով՝ ներկայումս որևէ հիմնավորում չկա, որ իր պաշտպանյալը ընդհանրապես կապ ունի տվյալ հանցագործության հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ժամը 18.15-ի սահմաններում Կապան - Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր էին արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը: Այս գործով մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզի 4 բնակչի: Մասնավորապես՝ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը մեղադրվում են սպանության՝ պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար։

Մեկնաբանություն
X