Երեկվա հանրահավաքին մասնակցած մարդկանց թիվը ՀժԿ-ին բավարարում է

Երեկ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի կազմակերպիչները միաբերան ասում են, որ անձրևոտ եղանակը իր բացասական ազդեցությունը ունեցավ եւ հասարակությունը չհավաքվեց։

Այնուամենայնիվ, «Ոչ»-ի միասնական ճակատում ընդգրկված ՀԺԿ-ին մարդկանց թվաքանակը բավարարում է. «Մենք սպասում էինք ավելիին, բայց այն, ինչ տեղի ունեցավ այդ եղանակային պայմաններում, մեզ բավարարում է։ Մարդիկ եկան և մենք նկատեցինք, թե ինչպիսի դժգոհություն կա։ Ինչպիսի մերժում կա, այդ փոփոխությունների նկատմամբ»,-ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում երեկ անձրևի տակ անցկացված «Չեք անցկացնի» նախաձեռնության հանրահավաքին մասնակցում էին « Ոչ»-ի համատեղ շտաբի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները։

Մեր այն հարցին՝ հնարավոր է անվստահությունն է պատճառը, որ մարդիկ չեն հավաքվում, Մինասյանը պատասխանեց. «Մարզային այցելությունները ցույց են տալիս, որ անվստահություն չկա, ուղղակի բոլոր տեղերում, որտեղ, որ եղել ենք, որտեղ որ չենք եղել, արձագանքներ ենք ստանում, որ միևնույն է՝ կեղծվելու է ամեն ինչ, այժմ մենք պետք է այնպես անենք, որ այդ կարծիքը մարդկանց մոտից վերանա»,-ասաց Մինասյանը։ Նա տեղեկացրեց, որ ՀԺԿ-ի և Հայ ազգային կոնգրես կուսակցությունների բոլոր մարզային կառույցները դարձել են «ոչ»-ի շտաբեր և այդ շտաբերի քանակը բավարար է, որ իրենք մարզերում ակտիվ «ոչ»-ի քարոզարշավ անցկացնեն։

«Այնտեղ բավականաչափ փորձված մարդիկ են ընդգրկված, ովքեր տարիներ շարունակ այդ շտաբերը աշխատեցրել են, բավարար է մեզ համար, այդ աշխատանքի կատարման ուղղությամբ»,-ասաց մեր զրուցակիցը։

Տեղեկացնենք, որ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող ճակատներից մեկը՝ «Նոր Հայաստանի» հանրային փրկության ճակատը վաղը Գյումրիում անցկացնելու է հանրահավաք, Մինասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրենք մասնակցելու են. ««Ոչ»-ի շտաբը մասնակցում է միայն այն ակցիաներին, որը կազմակերպում են իրենք. «համապետական ակցիա էր, դրա համար էլ մասնակցեցին, մարզային հավաքներին կարծում եմ, եթե բոլորով հավաքվենք ու գնանք մի տեղ, ժամանակը չի հերիքի։ Մենք էլ, երբ մարզային հանրահավաք ենք կազմակերպում, ամբողջ մեր կազմով չենք գնում, բաժանվում ենք խմբերի, եթե իրենք էլ համապետական հավաք անցկացնեն, գուցե մասնակցենք»։

Նշենք, որ «Ոչ»-ի համատեղ շտաբում ընդգրկված են Հայ Ազգային Կոնգրես և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը և «Չեք անցկացնի» նախաձեռնությունը։

Մեկնաբանություն
X