Չի բացառվում, որ նորից Գյումրիում կրիմինալի և հանցագործների հետ գործ կունենան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատում ընդգրկված «Հիմնադիր խորհրդարանի» փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը չի բացառում, որ այս անգամ էլ Գյումրիում կրիմինալի և հանցագործների հետ գործ կունենան։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ընթացքում դանակահարվել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչ Միրզոյանը։ Թատերական հրապարակում նաև ձվեր են շպրտել Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած շարժման անդամների, հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Նոր Հայաստանն» իր շրջագայությունն սկսում է Գյումրիից: Գյումրեցիների հետ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերի 1-ին, ժամը 15:00-ին՝ Թատերական հրապարակում:

Հանդիպմանը մասնակցելու են «Նոր Հայաստան» ճակատի ներկայացուցիչներ Ժիրայր Սէֆիլյանը, Զարուհի Փոստանջյանը, Գարեգին Չուգասզյանը, Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրիաս Ղուկասյանը: Ավետիսյանը ասում է, որ պետք է նկատի ունենալ, որ այդ միջանկյալ միջոցառումները այդքան մարդաշատ չեն կարող լինել՝ ստեղծված իրավիճակից ելնելով։

«Մարդիկ արդեն հոգնել են և կոնկրետ գործողություններ են ակնկալում։ Բնականաբար այդ հանգամանքը շատ է ազդում և պետք է հաշվի առնենք ու այդ ամենից խրտնել պետք չէ։ Որքան մարդ էլ գա, պետք է գնանք և մեր տեսակետները ներկայացնենք։ Պետք է նկատի ունենալ, որ նաև հրապարակային միջոցառումները լուսաբանվում են ինտերնետային միջոցներով և շատերը կարող են այդ ձևով տեղեկանալ»։

Մեկնաբանություն
X