Վոլոդյա Ավետիսյանը դեռ չի պատրաստվում դադարեցնել հացադուլը

«Հայրս դեռ չի պատրաստվում հացադուլը դադարեցնել»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայրը։

Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել, նրան միացել են ևս երկու կալանավորվածներ, նրանք իրենց բողոքն են արտահայտում պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի փակ նիստում կայացված որոշման դեմ, որով իրենց մերժել են վաղաժամկետ ազատ արձակել: Վոլոդյա Ավետիսյանը պահանջում է հանդիպում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ լրագրողների հետ։ ԱՆախարարը չի հանդիպի հացադուլ հայտարարած Վոլոդյա Ավետիսյանին:

Վոլոդյայի որդին տեղեկացրեց, որ այս ընթացքում հոր առողջական վիճակը վատացել է. «Սրտի հետ կապված խնդիրներ էր առաջացել, համապատասխան բուժօգնություն է ստացել»։ Նա գտնվում է առանձին խցում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2 հազար դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել։

Մեկնաբանություն
X