Մհեր Մկրտումյանի կինը դեռ չգիտի ամուսնու մահվան մասին

Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կնոջ՝ Գայանե Մկրտումյանի առողջական վիճակը կայուն է, դրական տեղաշարժ է գրանցվել. այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր Գայանեին նորից հետազոտության են ենթարկելու, որից հետո պարզ կլինի՝ վաղը կվիրահատեն, թե ոչ. «Ոտքն ենք վիրահատելու, վիրահատությունից հետո տեղաշարժման հետ կապված խնդիրներ չեն առաջանա»,-վստահեցրեց բժիշկը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջրային կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հոկտեմբերի29-ին հիվանդանոցում մահացել է. «Գայանեն դեռևս չգիտի, որ ամուսինը մահացել է, նրան տեղյակ չենք պահել»,-ասաց Կ. Սահակյանը։ Մկրտումյանները երեք անչափահաս երեխա ունեն։

Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 25-ին, ժամը 18:30–ին, 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ՝ 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էին հիվանդանոց:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ստուգվել է վարորդի սթափությունը եւ պարզվել է, որ նա դեպքի պահին եղել է սթափ:

Մեկնաբանություն
X