Վարդան Պետրոսյանի մոտ աշխատանքը ստացվում է, դժգոհություններ չունենք

Նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, տեղի կունենա տուժող կողմի ներկայցուցիչների հայցի քննությունն ընդդեմ դերասան Վարդան Պետրոսյանի, այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։

Տուժող կողմի ներկայացուցիչները պահանջում են, որ Վարդանը հատուցի պատճառած վնասները, դրանք են ՝ փաստաբանների վճարած գումարներն ամբողջությամբ և մյուս անձանց պատճառած վնասները: Բուժման մասով գումարը չի գերազանցում մեկ միլիոն դրամը, իսկ փաստաբանի ծախսը՝ երկու միլիոնը: Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ ինչպես է Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը և արդյոք աշխատանքի գնում է. «Ես որևէ տեղեկություն այդ մասին չգիտեմ, ճիշտն ասած, պետք է որ աշխատանքի այցելի»։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին: Դերասանն աշխատում է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնում։

Մենք փորձեցինք կենտրոնից պարզել, թե Վարդան Պետրոսյանն աշխատանքի գնում է, թե ոչ։ «Ամեն օր պարտադիր գալիս է աշխատանքի»,-փոխանցեցին մեզ: Սակայն աշխատանքի ընթացքի, արդյունքների մասին ոչինչ չհայտնեցին՝ նշելով, որ եթե հարկ լինի որեւէ բան ասելու, դերասանը ինքը կասի: «Վարդան Պետրոսյանի աշխատանքային գրաֆիկը հետևյալն է, առավոտյան ժամը 8-ին գալիս է և 20:00-ին գնում: Նրա մոտ աշխատանքը ստացվում է, դժգոհություններ չունենք»,-ասաց կենտրոնից։

Մեկնաբանություն
X