Գրողներ, նկարիչներ, երաժիշտներ շտապեք և 2000 ԱՄՆ դոլար շահեք

Թեքեյան մշակութային կենտրոնում կանցկացվի միության մրցանակաբաշխությունը, 2014 թվականի ստեղծագործությունների համար մրցանակներ կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝ գրականության, երաժշտության, կերպարվեստի, Արալ-Մարալ մանկապատանեկան ստեղածագործությունների համար. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կանադայի Թեքեյան միության կենտրոնական վարչության անդամ Երվանդ Ազատյանը։ «Մրցույթին մասնակցել ցանկացողները իրենց հեղինակած աշխատանքները կարող են ներկայացնել նոյեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 3-ը Թեքեյան կենտրոնի գրասենյակ ամեն օր բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 12։00-ից մինչև 18։00-ն։ Իսկ մրցանակը գումարի տեսքով է լինելու 2000 ԱՄՆ դոլար, յուրաքանչյուր անվանակարգ ունի իր հիմնադրամը, և վերջնական ամփոփումը կլինի հունվար ամսին»,-ասաց Ազատյանը՝ հավելելով, որ 4 հոգուց բաղկացած ժյուրին է որոշելու հաղթողներին։ Մրցույթին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա, իսկ գրական ստեղծագործություններում չկա լեզվի սահմանափակում։

«Մեր ցանկությունն է, որ գրքի հեղինակը գրողների միության անդամ լինի, մեր օրերում հաճախակի են պատահում մարդիկ, իրենց գրպաններում ունենալով 100 դոլար և գնում իրենց ստեղծագործական մտքի թռիչքները տպագրում են և անընդհատ մրցույթների են մասնակցում։ Մենք փորձել ենք զտել դա և պահանջել, որ միության անդամ լինեն, բայց ժյուրին ուսումնասիրում է բոլոր ներկայացված աշխատանքները, եթե գրական ստեղծագործությունը իրենից արժեք է ներկայացնում այն չի անտեսվելու, հաշվի չի առնվելու,որ հեղինակը միության անդամ չի և բացարձակապես չի կարող ազդել գրքի գեղարվեստական արժեքի որակավորման կամ գնահատման վրա»,-ասաց Թեքեյան մշակութային միության գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանը։

Ի դեպ այս տարի անվանակարգում ընդգրկված չէ հեռուստառադիոլրագության անվանակարգը, պատճառը՝ ֆինանսական խնդիրներ են։

Մեկնաբանություն
X