Ի՞նչ անակնկալ էին պատրաստել ակտիվիստները Վրաստան այցելած Սերժ Սարգսյանի համար

Հոկտեմբերի 31-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երիտասարդները՝ թվով 37 հոգի, Զարուհի Փոստանջյանի և Ալեք Ենիգոմշյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեցին դեպի Խոջավանք, այցելեցին պանթեոն՝ Րաֆֆու և Հ. Թումանյանի գերեզմաններին, որից հետո նրանք շարժվեցին դեպի Թբիլիսիի Նոր Էջմիածին եկեղեցի։

Սակայն, նրանց հիմնական նպատակը ոչ թե Թբիլիսում հայկական կոթողները տեսնելն էր, այլ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը մասնակցող նախագահ Սերժ Սրագսյանին անակնկալ մատուցելը։ «Նոր Հայաստան»-ի երիտասարդ անդամ Հարություն Աղլամազյանն ներկայացրեց, թե ինչպես է անցել Թբիլիսում իրենց ինքնաբուխ ակցիան. «Գրողների պանթեոնից հետո ցանկություն հայտնեցինք և շարժվեցինք դեպի Սուրբ Գևորգ եկեղեցի, որպեսզի մասնակցենք պատարագին։

Այնտեղ գալով՝ մենք տեսանք մարդկանց հոծ խմբեր, որոնց թույլ չէին տալիս մտնել եկեղեցի, պետք է նախօրոք գրանցված լինեին։ Մենք էլ, այդ պահից օգտվելով, իրականացրեցինք մեր բողոքի ակցիան, «Ոչ սահմանադրությանը» գրություններով պլակատներ մեր ձեռքերին պարզեցինք և սկսեցինք վանկարկել «Սերժիկ – հանցագործ», «Նոր Հայաստան՝ առանց Սերժի», «Հանցագործ, դու՛րս եկեղեցուց»։ Մենք նաև դժգոհում էինք, որ Սերժ Սարգսյանը հանցագործ է և իրավունք չունի մտնել եկեղեցի»,-ասաց Հարությունը։

Ի դեպ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով էր մեկնել Վրաստան, նա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ մասնակցում էր Թբիլիսիի (Վրաստան) Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման արարողությանը։

Այսքանով ակցիան չի ավարտվել, տարածքը հսկող թիկնապահների և ակցիան իրականացնողների միջև բախում է տեղի ունեցել, Հարությունն ասում է, որ իրենց արդեն պանթեոնից մի խումբ մարդիկ հետևել են. «Նրանք նախօրոք պատրաստվել էին, այնտեղ ինչ-որ վրացահայերից մի քանի հոգի բերել էին, ու փորձում էին մեզ հեռացնել։ Ու երբ տեսան, որ մեր բողոքի ձայնն ենք ուզում բարձրացնել, սկսեցին մեզ խոչընդոտել, մենք էլ հակազդեցինք ու թույլ չտվեցինք, որ մեր ձեռքից խլեն այդ պլակատները։ Հետո միջոցառման կազմակերպիչները մոտեցան և զգուշացրին, որ եկեղեցու մոտ ակցիաներ անել չի կարելի։ Մենք էլ ասացինք, որ մենք ենք որոշում՝ կարելի է թե չի կարելի, կարծում ենք, որ Վրաստանը ազատ երկիր է և կարող ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել այնտեղ որտեղ ցանկանում ենք»,-պատմեց երիտասարդը։

Այնուամենայնիվ, նրանք կարծում են, որ իրենց ակցիան հաջողված է և իր նպատակին ծառայեց։«Սերժը երբ մեքենա էր նստում, տեսավ մեզ և կարծում եմ՝ մեր կոչերը լսեց և համապատասխան հետևությունները կանի»,-ասաց Հարությունը՝ կոչ անելով աշխարհասփյուռ հայությանը նման ակցիաներ անել, երբ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնում է որեւէ երկիր: «Նույնիսկ Ֆրանսիայում նման արձագանքեր են եղել, բոլոր տեղերում նման քայլեր պետք է արվի, որպեսզի այս իշխանությունները ինչ-որ ձևով հասկանան՝ ինչ են անում․ գուցե այդ քայլերից հետո Սերժ սարգսյանը ուշքի գա»։

Մեկնաբանություն
X