Մոսկվայում վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում էր «Պալաչի» ընկերությանը (տեսանյութ)

Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու, Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դե լյուքս» ընկերությունից հաստատեցին, որ այսօր Մոսկվայում վթարի է ենթարկվել իրենց ընկերությանը պատկանող ավտոբուսը: «Այո, վթարի է ենթարկվել մեր ավտոբուսներից մեկը, ինչ ինտերնետում է գրված, մենք այդքանը գիտենք, որևէ այլ տեղեկություններ չգիտենք»,-ասաց աշխատակիցը։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիները Մոսկվայից պետք է գային Երևան։

«Մենք տեղեկություններ չունենք, թե քանիսն են, ինչպես է եղել վթարը, կարող եմ ասել, որ վարորդը ազգությամբ հայ է»,-ասաց աշխատակիցը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 03.10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը:

Ըստ նախնական տվյալների՝ ժամը 03.08-ի սահմաններում Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովայա շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510OP61 պ/հ ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

ՀՀ ՏԿԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը կապ է հաստատել ՌԴ Տուլայի շրջանի ԱԻ պետի հետ: Վերջինս հայտնել է, որ պատահարի հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ և ներկայումս աշխատանքներ են տարվում զոհերի ու վիրավորների անունները պարզելու ուղղությամբ:

Ժամը 09:30-ի դրությամբ՝ որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7, տուժել՝ 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 34-ը՝ հոսպիտալացվել են տարածաշրջանային Ուզլովայա (15 մարդ), Կիրեևսկի (12 մարդ) և Նովոմոսկովսկի (7 մարդ) բժշկական կենտրոններ: Վիրավորներից 9-ի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: Ավտոբուսում երեխաներ չեն եղել:

Օպերատիվ խումբը դիտարկում է 2 հիմնական վարկած՝ կամ վարորդն է քնել ղեկին, կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:

Բացվել են թեժ գծեր՝

  • Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում՝ 007 487 221 1609
  • ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում՝ 911 կամ 010 36-02-97 հեռախոսահամարներով:
Մեկնաբանություն
X