«Պալասում» տաղավարները հերթով փակվում են, առևտրականները չեն կարողանում վարձերը վճարել

Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող «Պալաս» առևտրի կենտրոնում արտաքուստ ամեն ինչ լուսավոր է ու պայծառ, հիմնական պատճառն առևտրի կենտրոնի վերանորոգված լինելն է։ Առևտրականներն անգամ կատակում են՝ միայն վերանորոգված տարածքն է, որ այս առևտրի կենտրոնում իրենց պահում է, երկրորդ պատճառն էլ այն է, որ հիմնականում առևտրականները Նոր Նորքի բնակիչներ են։

«Մի քանի տարի առաջ, երբ անբարեկարգ էր, բարեկագրեցին, մի պահ դա նպաստեց, որ մեզ մոտ առևտուրը լավանա, նոր տաղավարներ բացվեցին, իսկ հիմա հակառակ պրոցեսն է ընթանում, տաղավարները հերթով փակվում են, չկա այդպիսի մի օր, որ չիմանանք, որ տաղավար է փակվել, կամ չլսենք վիճաբանություն տնօրինության սենյակից, որ տաղավարի վարձը չեն կարողանում մուծել»,-մեզ հետ զրույցում պատմեց առևտրականներից մեկը։

Իսկապես, այնտեղով շրջելիս փակված տաղավարները, առեւտրականների դժգոհ դեմքերը չես կարող չնկատել: «Գնում, խոսում ենք հետները, գալիս ենք ընդհանուր համաձայնության, բայց ի՞նչ անենք, պետք է իրենց էլ հասկանանք, որ հարկայինի հետ գործ ունենք, իրենք էլ են իրենց հերթին ընտանիք պահում»։

Այստեղ ամսական տարածքի համար վճարում են 80 հազար դրամից սկսած, կենտրոնի հաշվապահը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ առևտրի կենտրոնի վիճակը շատ ծանր է. «Երբեք այսքան տաղավար միանգամից իրար հետևից չի փակվել, տաղավարների 20 տոկոսը փակվել է, սա խայտառակություն է, մենք էլ չգիտենք՝ ինչ անենք, առևտուր չկա, առևտրականները չեն կարողանում տարածքների վարձերը վճարել, թողնում, գնում են»,-ասաց հաշվապահը։ Նա նշեց, որ արդեն սկսել են մտածել այն մասին, որ տաղավարների գները նվազեցնեն։

«Եթե մարդ չի մնացել, էլ ի՞նչ առևտուր, ապրանք չենք կարողանում գնալ բերել, սահմանում էնտեղ են մեզ ճնշած պահում, էդ ԵՏՄ-ն ամեն ինչ իրար խառնեց, Թուրքիայից ապրանք բերելը դարձել է մեզ համար լուրջ խնդիր, չենք կարողանում, ապրանքը ամիսներով ճանապարհին է մնում, մեզ ոչ ոք չի օգնում, չի բացատրում, թե ինչն է պատճառը, որ ապրանք չենք կարողանում բերել։ Հետո էնքան մանր-մունր վճարումներ ենք անում, որ ստիպված ապրանքը մի փոքր թանկ ենք ուզում վաճառած լինել, որ գոնե էդ ծախսերը հանենք, բայց այդպիսի բան չի կարող լինել, գալիս են, գին են իջեցնում, մենք էլ, որ գոնե ծախած լինենք, էժան տալիս ենք»,-ասաց առևտրականներից տիկին Մարիան։

Ի դեպ, նա ցույց տվեց պարտքերի իր տետրը. «Սա իմ տետրն է, թե ում ինչքան գումար եմ պարտք, ինչի համար եմ էդ գումարը վերցրել, տեսեք լրիվ բանկերին վճարելու համար է, կամ էլ տարածքի վարձ»։

«Պալաս» առևտրի կենտրոնում գործում է նաև կահույքի առևտրի կենտրոն, այնտեղի աշխատակիցը ևս դժգոհեց առեւտրից. «Կահույքի գործը ընդհանրապես կանգնած է, մարդիկ այսօր կահույք հազվադեպ են գնում, բայց եթե գնում են, մենք միանգամից մի քանի հազար դոլարի առեւտուր կարող ենք անել»։

Կոշիկի սրահում մի փոքր ակտիվություն էր նկատվում, վաճառականները ուրախացել էին՝ աշուն է, սեզոնային գնումներ են անում. «Դե էս քանի օրը ձմռան համար են առևտուր անում, դրա համար էլ մի քիչ ակտիվ է, եթե համեմատենք անցյալ տարվա հետ, ապա այս տարի կտրուկ թվերը նվազել են, անցյալ տարի ավելի լավ էր, քան այս տարի»,-ասաց առևտրականը։

Խոսելով հարկային տեսուչների այցելության մասին՝ աշխատակիցն ասաց. «Դե առանց իրենց մեր կյանքը չենք պատկերացնում, գալիս, գնում են, խախտումներ են իրենց արևին գտնում ու տուգանում, բայց էս վերջերս մի տեսակ քչացել է այցելությունները, թու թու աչքով չտամ, թե չէ նորից կգան ու մեզ նորից պարտքերի տակ կգցեն»,-ասաց առևտրականը։

Մեկնաբանություն
X