Քաղաքագրություն. Ավան

«Ավան» անունը պատկանում է այն տեղանունների թվին, որոնք իրենց նախնական նշանակությամբ հասարակ են, բայց հետագայում դարձել են աշխարհագրական հատուկ անուն։

«Ավան» բառը հայերենում փոխառնված է պահլավերենից: Այն ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Ի դեպ, անցյալում սովորաբար ավան են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել եւ դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ «Ավան» մասնիկը միացվել է մեր շատ տեղանունների։ Այդ ձեւով են առաջացել Ստեփանավան, Գեղամավան, Արտավան եւ այլ անուններ։

Ավանը եղել է Այրարատյան նահանգի Կոտայք գավառի նշանավոր բնակավայրերից մեկը։ Այն դեռ յոթերորդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։ Անցյալի հուշարձաններից նշանավոր է վեցերորդ դարի ճարտարապետական հուշարձաններից Ավանի տաճարը, որը եղել է միջնադարյան հայ ճարտարապետության աչքի ընկնող կոթողներից մեկը։

Տաճարը կառուցել է հակաթոռ կաթողիկոս Հովհան Սյունականը։ Դա այն շրջանն է, երբ Հայաստանը կրկին բաժանվեց Պարսկաստանի եւ Հունաստանի միջեւ։ Այդ ժամանակներում էր, որ Ավանում Հովհան կաթողիկոսը (519-602) հիմնեց այս տաճարը եւ Ավանն էլ դարձրեց կաթողիկոսանիստ վայր, ի հակադրություն Էջմիածնի կաթողիկոսարանի: Դրա համար էլ ասում են՝ հակաթոռ կաթողիկոս կամ քաղկեդոնական կաթողիկոսություն։ Այսինքն՝ հայ եկեղեցական օրենքով ընտրված կաթողիկոսին հակառակ։ Ավանի տաճարի նախատիպը եղել է Էջմիածնի Մայր տաճարը: Այդ առթիվ ճարտարապետ Թ. Թորամանյանը գրում է. «Այս Հովհան կաթողիկոսը Ավանում շինեց 6-րդ դարու մեջ մի եկեղեցի, որ նմանություն էր բերում Էջմիածնին. այս նմանությունն այն ժամանակ պատշաճ էր համարվում, որովհետեւ Հովհանը նստում էր հակաթոռ կաթողիկոս, հակառակ Էջմիածնի, ուստի շինած կաթողիկոսական եկեղեցին եւս պիտի ունենար Էջմիածնի ավանդական ձեւը, իբրեւ կաթողիկոսական լուսավորչական ձեւ»։

Ավանն իր ժամանակին եղել է շատ բազմամարդ եւ ընդարձակ բնակավայր, ունեցել է ուրիշ եկեղեցիներ ու վանքեր, որոնց փլատակներն են մեզ հասել՝ որպես լուռ վկաներ նրա անցյալի պատմության։

Հայրենագիտական Էտյուդներ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X