Մեդիախոհանոց-28

Նորից ֆինանսների մասին

Ինչպես հայաստանյան բոլոր դաշտերում, լրատվական դաշտում էլ լիքը թափոն ու աղտեղություն է կուտակվել։ Դրանից ազատվելու ձեւը ես, ցավոք, չգիտեմ եւ մեր թանկ ժամանակն ու սուղ ռեսուրսն էլ չեմ ուզում ծախսել այդ թափոնի դեմ պայքարում։ Հուսով եմ, որ այդ աղբը կամաց-կամաց, ժամանակի ընթացքում կմաքրվի։ Երեկ մեր լրատվադաշտի թափոններից մեկն իբր բացահայտում էր արել իր աղբանոց-կայքում՝ հարցնելով, թե որտեղից է ֆինանսավորվում «Հրապարակը»։

Եթե հիշում եք, «Մեդիախոհանոցի» առաջին 5-6 հրապարակումները ես նվիրել էի այդ խնդրին՝ մեր ընթերցողին ծանոթացնելով մեր «ֆինանսական խոհանոցի» հետ։ Գրել էի այն բոլոր ֆինանսական դժվարությունների մասին, որ այսօր ունեն ԶԼՄ-ները, հնարավորինս բաց ներկայացրել էի մեր խնդիրները՝ ցույց տալով մեր ֆինանսական աղբյուրները։ Ավելի մանրակրկիտ հաշվետվություն մենք ամբողջ տարին ներկայացնում ենք հարկայինին։ Իսկ ֆինանսական տարվա ավարտին հաշվետվությունը տպագրում ենք թերթում։ Ի դեպ, «Հրապարակն» օրինավոր հարկատուներից է՝ 8 տարվա գործունեության ընթացքում 1 կամ 2 դեպք է եղել, երբ հարկերի վճարումը փոքր-ինչ ուշացրել ենք։ Մենք նաեւ մեր աշխատակիցներին գրանցել ենք, հոնորարով բավականին քիչ աշխատողներ ունենք։ Թեեւ, անշուշտ, աշխատակազմը մեծ չէ, եւ աշխատավարձերն էլ բարձր չեն։

Ինչ վերաբերում է այդ հիվանդագին հետաքրքրասիրությանը՝ մեր փողերը հաշվելու, մեր ֆինանսական վիճակի մասին ստույգ տեղեկություններ ունենալու, ապա դրան էլ ենք նորմալ վերաբերվում։ Ոչինչ մարդկային խորթ չէ մեզ, եւ ուրիշի գրպանը մտնելու փորձերին էլ նորմալ ենք վերաբերվում։ Ոմանք դա անում են այն բացատրությամբ, թե լրագրողներն ամեն օր մտնում են ուրիշների գրպանը, հետաքրքրվում, թե այս կամ այն պաշտոնյան որտեղից է 100 հազար դոլարանոց մեքենա վարում կամ մեկ միլիոն դոլարանոց տուն կառուցում։ Թեեւ տարբերությունն էական է՝ մենք պետական բյուջեից գումար չենք ստանում, հարկատուների գրպանը չենք մտնում, առավել եւս՝ 100 հազար դոլարանոց մեքենաներ չենք վարում, բայց պատրաստ ենք հաշվետու լինել ընթերցողի առաջ։

Այո, «Հրապարակի» կայքում գովազդները քիչ են, բայց, նախ, մենք լրատվական եւ գովազդային ծառայությունների մատուցման պայմանագրեր ունենք մի շարք կազմակերպությունների հետ։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, մի քանի մասնավոր ընկերությունների, անգամ պետական մեկ կառույցի հետ։ Եվ ուշադիր ընթերցողը, անշուշտ, նկատած կլինի այս ընկերությունների գովազդը կամ հաղորդագրությունները մեր թերթում։ Բացի այդ, ի գիտություն պարազիտ կայքերի եւ ռեկետով գովազդ հայթայթողների, նշենք, որ մենք գովազդ ստանալու համար շանտաժներ, տարբեր ստոր մեթոդներ չենք կիրառում, ի տարբերություն այդ նույն կայքերի։ Եվ գովազդն էլ մեր եկամտի հիմնական աղբյուրը չէ։ Մեր եկամտի հիմնական աղբյուրը թերթն է, թերթի վաճառքը, որն ամեն օր հանրապետությունով մեկ տարածվում է եւ ունի կայուն տպաքանակ։ Թերթի տպագրական ծախսը եւ աշխատավարձի մի մասը գոյանում են վաճառքից եկած գումարներից։ Անշուշտ, կան նաեւ հովանավորներ, որոնք պարբերաբար օգնում են թերթին, երբ որեւէ կրիտիկական վիճակ է առաջանում։ Ասենք՝ խմբագրությունը նորոգելու կամ արձակուրդի շրջանում առաջացած ֆինանսական ճեղքվածքը փակելու խնդիր կա։ Բայց այդ օգնությունը մեր թերթի բովանդակության վրա չի ազդում եւ անազնիվ նպատակների չի ծառայում, ինչպես անում են որոշ անմաքուր կայքեր։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X