ISIS-ը, փաստորեն, չէր ստում

Եգիպտոսի Սինա թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանումը շարունակում է գլխավորել բոլոր միջազգային լուրերը: Թեպետ եւ Ռուսաստանը, եւ Եգիպտոսը, ելնելով քաղաքական հաշվարկներից ու նպատակահարմարությունից, ամեն ինչ կտային, միայն թե չպարզվեր, որ ՌԴ 200-ից ավելի քաղաքացու բարբարոսական մահվան պատճառն ահաբեկչությունն է եւ հատկապես ISIS խմբավորման իրականացրած ահաբեկչությունը, իրականում երեւում է, որ հենց այդպես էլ կա:

Ինչո՞ւ ահաբեկչություն

Եթե հաշվի առնենք, որ նոյեմբերի 4-ի երեկոյան Բրիտանիայի կառավարությունը, իսկ դրանից հետո, ժամերի տարբերությամբ, նաեւ Միացյալ Նահանգների անվտանգության ծառայությունները պաշտոնապես հայտարարեցին, որ, իրենց հասանելի տեղեկատվության համաձայն, եգիպտական Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Metrojet ինքնաթիռը, հավանաբար, պայթեցվել է ռումբով, ապա այլ վարկածի այլեւս լուրջ չէ վստահություն ընծայել: Ամերիկյան հետախուզությունը նաեւ մանրամասնել էր, որ տարբեր աղբյուրներից եկող տեղեկատվության համադրումը թույլ է տալիս ենթադրել, որ պայթուցիկ ռումբը տեղադրված է եղել բեռների մեջ կամ բեռնախցիկում մեկ այլ տեղ, եւ ռումբն ինքնաթիռում տեղադրել է իսկապես ISIS-ը կամ ISIS-ին հավատարմություն հայտնած ահաբեկչական խմբավորումներից մեկը:

Ինչից են ամերիկյան եւ բրիտանական հետախուզությունները հանգել եզրակացության, որ կատարվածն ահաբեկչություն է: Հայտնի է, որ նոյեմբերի 4-ի երեկոյան, Metrojet-ի ինքնաթիռի՝ հավանաբար պայթեցված լինելու մասին հայտարարությունը տարածելուց հետո, վարչապետ Քամերոնը հրավիրել էր Բրիտանիայի կառավարության արտակարգ նիստ՝ անվտանգության հարցով: Այդ նիստերը կոչվում են COBR, մամուլն ավելի հաճախ դրանք կոչում է COBRA, հապավումը բացվում է՝ Cabinet Office Briefing Room (A): Սրահը, որը կոչվում է Briefing Room, որտեղ անցկացվում են ՄԹ կառավարության անվտանգության հարցերով արտակարգ նիստերը, եւ հենց սրահի անունն էլ ներառված է COBR հապավման մեջ, գրեթե նույնն է, ինչ Վաշինգտոնում Սպիտակ տան Situation Room կոչվող սրահը: Այդ սրահներն ունեն հատուկ սարքավորումների, տեսա-ձայնային տեխնիկայի հագեցվածություն, ինչը թույլ է տալիս անվտանգությանն առնչվող ինֆորմացիա դիտել, լսել եւ այլն (օրինակ, Օսամա Բեն Լադենի սպանության ընթացքին Սպիտակ տան Situation Room-ից ուղղակի ռեալ ժամանակի մեջ հետեւել էին, հետո այդ պատմական պահի լուսանկարը տարածվել էր լրատվամիջոցներին):

Ընդսմին, ամբողջ մի տասնամյակում մեկ-երկու անգամ հազիվ է պատահում, որ, ՄԹ կառավարությունը, Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս կատարվող ինչ-որ իրադարձության այնպիսի սպառնալիք համարի երկրի համար, որ COBRA նիստ գումարի:

2000թ.-ից հետո, տասնհինգ տարում, ընդամենը երկու-երեք անգամ է նման նիստ գումարվել, վերջինը՝ 2010թ.: Քամերոնի կաբինետը COBRA նիստից հետո հանգել էր այն եզրակացության, որ ռուսական ինքնաթիռի վթարի հավանական վարկածը հենց ռումբի պայթեցումն է, եւ իրադրությունն այնպիսին է, որ չի կարելի վտանգել բրիտանացիների կյանքը, սպասելով մինչեւ վթարի պաշտոնական հետաքննության շաբաթներ տեւող ավարտը:

Ինչո՞ւ ISIS-ը

Ամերիկյան հետախուզությունից լրատվամիջոցներին փոքր-ինչ ավելին էր հայտնի դարձել՝ ահաբեկչության կազմակերպիչների առումով: Ինչո՞ւ կա վստահություն, որ հենց ISIS-ն է իրականացրել ահաբեկչությունը:

Ընդհանրապես, երբ ISIS-ի կողմից ահաբեկչության համար պատասխանատվություն ստանձնելուց հետո բարձրաձայն տարակուսանքներ հայտնվեցին, թե ISIS-ը չունի նման զինտեխնիկա, որ երկրից կարողանա հազարավոր կիլոմետրերի բարձրությամբ թռչող ինքնաթիռ կործանել, Ֆրանսիայի հատուկ ծառայությունների նախկին մի սպա BBC-ին ասել էր, որ, նախ, ISIS-ը երբեք չի պատահել, որ պատասխանատվություն ստանձնի մի գործողության համար, որն ինքը չի կատարել, եւ երկրորդ՝ ISIS-ը չի ասում, թե իրենք ինքնաթիռը խփել են, ասում են, որ կործանել են: Իսկ կործանել հնարավոր է նաեւ ռումբով կամ սաբոտաժով: Ընդամենը երկու-երեք օր հարկավոր եղավ, որպեսզի ամերիկյան եւ բրիտանական հատուկ ծառայությունները հաստատեին ֆրանսիացի նախկին կոլեգայի հիպոթեզը:

Իսկ ամերիկացիների վստահությունը՝ ինքնաթիռի պայթեցումն ISIS-ի կողմից կատարված լինելու առնչությամբ, ի թիվս այլ իրողությունների, որոնք հասկանալիորեն չեն բացահայտվում, հենվում է նաեւ մամուլին հայտնի դարձած երկու հանգամանքի վրա. առաջին. ISIS-ի ներսում ինչ-որ կոդավորմամբ շրջանառվում է տեղեկատվություն ներքին օգտագործման համար, որն ԱՄՆ հետախուզությանը մատչելի է, եւ այդ ներքին ցանցում տեւակսն ժամանակ ինքնաթիռում ռումբ տեղադրելու թեմա է շրջանառվել: Երկրորդ հանգամանքը, որ անվտանգության շրջանակներից մամուլին հայտնի է դարձել, այն է, որ մեկ-երկու շաբաթում ISIS-ի զինյալների ղեկավարների կուտակում է եղել Սինայի թերակղզում, իսկ ռուսական ինքնաթիռի պայթեցումից հետո նրանք ցրվել են:

Եվ վերջապես, ինչպես նախկին մի սպա ասաց, այն էլ ամերիկյան եւ բրիտանական անվտանգության ծառայությունները երբեք «ռումբ» բառ չեն գործածի, եթե վստահ չլինեն, որ այն գործադրվել է: Ինչո՞ւ է գործադրվել: Դա արդեն քաղաքական հարց է՝ ակնհայտ բացատրությամբ: Ո՞վ Ասադի հրավերով Սիրիա ներխուժեց, եւ ումի՞ց էին իսլամիստները երդվում վրեժխնդիր լինել:

Վարչապետ Քամերոնի բարձրությունը

Երբ բրիտանական հատուկ ծառայություններն ասում են, թե իրենք վտանգ են տեսնում, եւ ՄԹ կառավարությունը դադարեցնում է չվերթները դեպի Շարմ-էլ Շեյխ, տարհանվող բրիտանացիներին թույլատրվում է միայն ձեռքի պայուսակ բարձրացնել ինքնաթիռ, որպեսզի ինքնաթիռների բեռնախցերը մնան կատարելապես դատարկ, ուղեկցող բեռները տեղափոխելու համար էլ ռազմական օդանավեր են ուղարկվում, դա նշանակում է, որ նոր պայթեցումների վտանգ է առկա: Մյուսների կողմից այդ վտանգը չտեսնելն արդեն թույլ հետախուզական ծառայություններ եւ տեղեկություններ ունենալու արդյունք է:
Ընդ որում, բոլոր թվարկված միջոցառումների ձեռնարկման օրը՝ նոյեմբերի 5-ին, վարչապետ Դեյվիդ Քամերոնը Լոնդոնում ընդունում էր հենց Եգիպտոսի նախագահին եւ Ալ-Սիսիի հետ համատեղ ասուլիսին էլ կրկնեց, թե Շարմ-էլ- Շեյխի օդանավակայանում բրիտանական ծառայություններն անվտանգության խնդիրներ են տեսնում: Եգիպտոսի նախագահն առանձնապես չառարկեց (ենթադրելի է՝ ինքնաթիռի պայթյունի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցություններում արդեն քննարկվել էր), ուղղակի բրիտանական կողմին հրավիրեց համատեղ աշխատելու անվտանգության բարձրացման ուղղությամբ: Ավելի ուշ վարչապետ Քամերոնը զանգահարել էր նաեւ ՌԴ նախագահ Պուտինին, եւ որքան էլ ռուսները դրան արժանի չլինեն, այնուամենայնիվ, ջենթլմենի իր էությունից ու բարձրությունից ելնելով, հավանաբար ռուսական կողմին էլ, ինչպես եգիպտականին, ինչ-որ չափով տեղյակ էր դարձրել, թե որտեղից եւ ինչ վտանգներ է տեսնում:

Արդյունքում նոյեմբերի 5-ի դրությամբ A321 Airbus-ի պայթեցման վարկածը չհիմնավորված ենթադրություն ու հոգեբանական գրոհ որակող ՌԴ իշխանություններն ընդամենը մեկ օր հետո՝ նոյեմբերի 6-ին, իրենք էլ դադարեցրին երկկողմ չվերթները դեպի Եգիպտոս ընդհանրապես: Այլ հարց, որ Եգիպտոսում երեկվա դրությամբ 45-50 հազար ռուս զբոսաշրջիկներ էին գտնվում, եւ այդքան մարդ տարհանելը գերմասշտաբային խնդիր է: Այնուամենայնիվ, ինչ անհարմարություն էլ դա պատճառի, ինչ դժվարություն էլ լինի, գերադասելի է, որ մարդիկ տարհանվեն, քան պայթեցված ինքնաթիռի ուղեւորների նման հետո, Աստված մի արասցե, մասնատված աճյունները Ռուսաստան տարվեն: Իսկ Շարմ-էլ-Շեյխում ու Սինայում նոր ահաբեկչությունների զոհ չդառնալու բարեբախտության համար ռուսները պետք է հավիտյանս ՄԹ վարչապետ Դեյվիդ Քամերոնին երախտապարտ լինեն:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X