Մեդիախոհանոց-31

Անիմաստ սեմինարներ

Միջազգային տարբեր կառույցներից ազատ մամուլին աջակցելու նպատակով Հայաստան ուղղվող գումարների մի հսկայական մասը, ինչպես գիտեք, տրամադրվում է գրանտների ձեւով։ Եվ դրանք, որպես կանոն, բաժին են հասնում այն հասարակական կազմակերպություններին, որոնք հմտացել են դրամաշնորհների ծրագրեր ներկայացնելու գործում։ Ասենք, ձեզ հայտնի՞ է, որ գրանտ գրողների մի խավ է ձեւավորվել, որոնք գիտեն այդ փաստաթղթերը լրացնելու բոլոր նրբությունները։ Դրանց չտիրապետելու դեպքում դուք կարող եք օրեր շարունակ տքնել, ապա մի տեխնիկական վրիպակի պատճառով չստանալ օդ ու ջրի նման ձեզ անհրաժեշտ այդ գումարը։ Իսկ գրանտ գրողների հմուտ բանակը ոչ միայն կստանա, այլեւ կկարողանա շրջանցել միջազգայինների կողմից պահանջվող խիստ հաշվետվությունների խոչընդոտը եւ նույնքան հմտորեն «ուտել» այդ գրանտը։ Այս մրցավազքում լրատվամիջոցներն ի սկզբանե պարտված են, քանի որ նախ գրանտ գրելու համար է գումար հարկավոր, ապա նաեւ՝ այլ ռեսուրսներ։ Մենք, որ հազիվ ենք հասցնում լրագրողական աշխատանք կատարել եւ քչից-շատից բավարարել մեր ընթերցողին, չունենք այդքան մարդկային ու ֆինանսական ռեսուրս, որ գրանտներ գրենք ու շահենք։ Իսկ եթե անգամ հաջողվում է դա անել, ապա հմուտ «գրանտագիրները» մեզ հաղթում են, եւ միջազգային փողերը հոսում են դեպի ազատ մամուլին հարակից կառույցները։ Ինչից էլ կարելի է ենթադրել, որ միջազգային կառույցներին, գրանտներ տվող պետություններին բոլորովին էլ պետք չէ, որ Հայաստանն ունենա ազատ մամուլ, անկախ լրատվամիջոցներ, խոսքի ազատություն։ Հակառակ դեպքում դժվար չէր լինի պարզապես մոնիտորինգ անել մեր մամուլը, ինչը, համոզված եմ, անում են բոլոր դեսպանատներն ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունները, եւ առանց գրանտ գրելու հոգեմաշ պրոցեսի, ֆինանսավորել խոսքի ազատությանը ծառայող ԶԼՄ-ներին։

Բայց մի պրոցես կա այդ գրանտների շրջանակներում, որին ակտիվորեն, ես կասեի՝ սիրով, մասնակցում են լրագրողները։ Դա սեմինարներն են։ Քանի որ դրամաշնորհների մի ահռելի բաժինը ծախսվում է սեմինարների վրա, իբրեւ թե լրագրողներ ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կրթելու համար, ուստի հանգստյան տներից մի քանիսում շաբաթ-կիրակի օրերին ասեղ գցելու տեղ չի լինում։ Սեմինարներ են։ Մարդու իրավունքների, կրթության, առողջապահության, աշխատանքային իրավունքի, համայնքային կառավարման, հազար ու մի թեմաներով։ Որպես կանոն, ոչինչ չտվող, դասագրքային ճառեր ու ելույթներ, տափակ ու անկենդան քննարկումներ, որոնց լրագրողները մասնակցում են մի նպատակով՝ Ծաղկաձորում կամ Դիլիջանում 1-2 օր հանգստանալու համար։ Ենթադրվում է, որ այդ սեմինարներից լրագրողներն ինչ-որ բան պիտի սովորեն, բայց դրանք այնքան վատ են կազմակերպվում, բանախոսներն այնքան սխալ են ընտրվում, որ արդյունավետությունը չնչին է։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X