Մեդիախոհանոց-32

Մի սիրեք

Մեր լրագրողները կոմպլեքսավորվում են, երբ մոտենում են իրեն քաղաքական գործիչ հորջորջած մեկին, հարց են տալիս, իսկ սա, թե՝ ես ձեր լրատվամիջոցի հարցերին չեմ պատասխանում։ Նրանց մի մասը բացատրում է, թե ինչու, ինչպես երեկ Լեւոն Զուրաբյանն է հայտարարել, թե՝ «Ժամանակ» թերթից ինչ-որ միտք եք վերցրել, դա բավական է, որ ես այլեւս ձեզ հարցազրույց չտամ։ Մյուսները չեն էլ բացատրում՝ «Չենք սիրում «Հրապարակն» ու վերջ»։ Ռուսն ասում է՝ նա նետ ի սուդա նետ։ Չեք սիրում՝ մի սիրեք։ Եթե ձեզ թվում է, թե «Հրապարակի» ուշքը գնում է ձեզ համար, չարաչար սխալվում եք։ Եվ եթե ձեզ դիմում ենք, քանի որ քաղաքական դաշտը ձեր նման անկատար, չկայացած, «աբիժնիկ», մամուլն ատող էքսպոնատներից է կազմված, ապա դեռ չի նշանակում, թե դուք շատ օգտակար, հանրության կողմից հարգված էակներ եք։ Եվ որքան դուք եք մեզ պետք, որ մեր թերթի էջերը լցնենք, գուցե շատ ավելի մենք ենք ձեզ պետք, որ ձեր մասին հանրությունը չմոռանա, գործող քաղաքական գործչի համարում ունենաք, եւ ձեզ «սպիսատ չանեն»։ Բայց սկսնակ լրագրողների համար դժվար է այս պարզ ճշմարտությունները հասկանալ, եւ ոմանք ծանր են տանում այդ անձանց մերժումները։ Ես կողմնակից եմ, որ սրանց ուղղակի մոռացության տանք կամ պատժենք։ Իրենց մեծամտության, մամուլի եւ խոսքի ազատության արժեքը չիմանալու, հասարակության կարծիքի հանդեպ անտարբերության, դեմոկրատիայի տարրական կանոններին ծանոթ չլինելու համար։ Նրանք, ովքեր պայման են դնում «Հրապարակի» առաջ, թե՝ իմ մասին կամ լավը, կամ ոչինչ, ես ասում եմ՝ այդ կանոնն աշխատում է մեռելների համար, գործող քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ մամուլը նախեւառաջ քննադատելու համար է։ Որ քննադատելը մեր իրավունքն է։ Իսկ իրենց դուր գալը մեր պլանների մեջ չի մտնում։ Ուստի. «ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի ուզեք» տարբերակով է պետք առաջնորդվել։ Այդ ի՞նչ դարակազմիկ մտքեր պետք է հայտնի Լեւոն Զուրաբյանը, որը, հայտնի անեկդոտի նման, խոսում է անգամ այն ժամանակ, երբ արդուկն ես միացնում, որ հնարավոր չլինի նրան ուղղակի մոռանալ, անտեսել։ Կամ՝ նյութերը կառուցել իր սիրելի լրատվամիջոցներին տված հարցազրույցների հիման վրա։ Կամ՝ ինչո՞վ են ուշագրավ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, որոնք մեկ տարում 180 աստիճանով շուռ եկան, իրենց նախկին պնդումներին հակառակ պնդումներ են այսօր անում եւ ոչ միայն չեն ամաչում մարդկանց աչքերին նայելուց, այլեւ լրատվամիջոցներին են մեղադրում իրենց չսիրելու մեջ։

Քաղաքական գործիչները պետք է հարգեն եւ աշխատեն լրագրողների հետ՝ անկախ նրանց վերաբերմունքից։ Չի կարելի «կաշառել» նրանց՝ «լավ» հոդվածներ գրելով։ Իսկ գործիչները չեն կարող պայմաններ դնել եւ ունենալ սիրելի ԶԼՄ-ներ ու լրագրողներ, որոնց հետ «աշխատում» են, ինչպես նաեւ՝ ատելի ԶԼՄ-ներ ու լրագրողներ, որոնց հարցազրույց չեն տալիս։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X