Մեդիախոհանոց-33

Լրագրողի «վատն» ու «լավը»

Լրագրողների մեջ, ինչպես բժիշկների, ուսուցիչների, քաղաքական գործիչների, վարորդների... լավն էլ կա, վատն էլ։ Բայց լրագրողի «վատը» մյուս մասնագիտությունների «վատից» տարբերվում է նրանով, որ մերոնք շատ ակտիվ են, անգամ՝ ագրեսիվ, երբեմն՝ ապերախտ, երբեմն՝ ստախոս։ Ընդունում ես աշխատանքի։ Տարիներ շարունակ «վրան» աշխատում՝ գրել սովորեցնում, «մարդամեջ» հանում՝ ճանաչելի դարձնում հասարակության կողմից, իսկ «անորակ» մարդը դա չի գնահատում։ Չի հասկանում, որ իրեն տրամադրված «տարածքը», ազատ ստեղծագործելու հնարավորությունը, իր վրա ծախսված ժամանակն ու նյարդերն արժեք ունեն։ Դա կարող էր ծախսվել, տրամադրվել մեկ այլ անձի, որից թերթը, խմբագրությունն ավելի շատ բան կարող էր ետ ստանալ, որի աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ։ Եվ այն, որ Արեւմուտքում մարդկանց աշխատանքի ընդունելիս երկարաժամկետ պայմանագրեր են կնքում՝ խզման պահին որոշակի պատժամիջոցների նախատեսմամբ, միանգամայն արդարացված սկզբունք է։ Այո, մարդը պետք է իմանա, որ եթե սույն հիմնարկն իրեն մասնագետ դարձնելու վրա ծախսել է իքս գումար եւ ժամանակ, ինքը պարտավոր է դրա դիմաց իքս ժամանակ աշխատել, ապա մեզ մոտ ստացած գիտելիքներն ու փորձը չծառայեցնել մեկ այլ՝ մեզ մրցակից հիմնարկին։ Բայց դա էլ դեռ ոչինչ։ Երբեմն ստիպված ես լինում զանցանք կատարած անձին հեռացնել աշխատանքից։

Սակայն խախտում կատարած, թերթի կորպորատիվ շահերին դավաճանած, երբեմն շատ ավելի մեծ պատժի արժանի «վատ» լրագրողը հեռանալուց հետո սկսում է ակտիվորեն վարկաբեկել այն լրատվամիջոցը, որտեղ տեւական ժամանակ ստեղծագործել է։

Լրագրողներից մեկը, որի հետ աշխատում էինք հոնորարային սկզբունքով եւ որի հետ նախկինում այլ ԶԼՄ-ներ եւս խնդիրներ էին ունեցել, ինչ-որ ժամանակից պատուհաս դարձավ թերթի գլխին։ Նրա հոդվածների հետ կապված՝ սկսեցին դժգոհություններ հասնել խմբագրություն։ Այնպես ստացվեց, որ տարբեր մարդիկ զանգահարում-գալիս բողոքում էին, որ միակողմանի, սուբյեկտիվ հոդվածներ է գրում նա, ներկայացնում է մի կողմի տեսակետը՝ չլսելով մյուսին, սեւեռումներ ունի մի շարք թեմաներով, տարիներ առաջ գրած նյութերը փոքր-ինչ ձեւափոխելով՝ ուղարկում է «Հրապարակին» եւ այլն, եւ այլն։ Ավելի լուրջ մեղադրանքներ էլ կային՝ գործարքների մասին։ Սկզբում մտածում էի, որ դժգոհողները քննադատություն չհանդուրժող «աբիժնիկներն» են։ Անգամ ուրախ էի, որ ընթերցողն արձագանքում է հրապարակումներին։ Միայն սույն լրագրողին մեղմ դիտողություններ էի անում՝ մատնացույց անելով սխալները եւ խնդրելով աշխատել նյութերի վրա։ Սակայն երբ ահազանգերը շարունակվեցին, հասկանալի դարձավ, որ ինչ-որ բան այն չէ։ Սկսեցի ավելի ուշադիր լինել։ Եվ իսկապես հասկացա, որ բողոքների մի մասն արդարացի է։ Կարող էինք ավելի խիստ պատժել, բայց բավարարվեցինք համագործակցությունը դադարեցնելով։ Սակայն փաստերը խեղաթյուրելու մեջ հմտացած լրագրողն անցավ շանտաժի լեզվին՝ սկսեց հրապարակել ինչ-որ գրագրությունների պատառիկներ, բաց թողնելով իրեն ուղղված դիտողությունները։ Հայտարարեց, թե չենք վճարել իրեն։ Թեեւ որեւէ պարտավորություն չունեինք իր հանդեպ, եւ որեւէ կերպ իր պահանջները հիմնավորված չէին։ Որոշեցինք զերծ մնալ ցածրակարգ ու էժան «բազարի» մեջ մտնելուց՝ հուսալով, որ, միեւնույն է՝ ճշմարտությունը ջրի երես կելնի, եւ չարը կպատժվի։

Մեր երկիրը փոքր է, եւ ամեն ինչ բոլորին, ի վերջո, հայտնի է դառնում։ Իսկ լրագրողական դաշտն ընդհանրապես պստիկ մի բան է, եւ այս դաշտում իր տեղը փնտրող վայ-լրագրողը չհասկացավ, որ շանտաժի լեզուն կիրառողները երբեք հաջողության չեն հասնում։ Արդեն երրորդ խմբագիրն է զանգում եւ ինձ տեղեկացնում, որ մերժել է աշխատանքի ընդունվելու նրա խնդրանքը։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X