Մեդիախոհանոց-34

Լրագրողի «աղբյուրները»

Լրագրողն առաջին հերթին «աղբյուրներն» է։ Լավ լրագրողն իր աշխատանքի ընթացքում մտերմանում է մարդկանց հետ, շահում նրանց վստահությունը, եւ այդ մարդիկ ժամանակի մեջ դառնում են իր համախոհները, գործընկերները։ Սա, անշուշտ, չի նշանակում սիրաշահել այս մարդկանց, առավել եւս՝ կատարել նրանց «պատվերը»։ Լավ լրագրողը կարողանում է զուգակցել լրատվամիջոցի շահը տեղեկատվական աղբյուրի շահերի հետ։

Եվ երբեք ոչինչ չի անում ի վնաս իր լրատվամիջոցի։ Աղբյուրներ ունենալը պարտադիր է ոչ միայն այն առումով, որ տվյալ ոլորտում, միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացված լինես, այլեւ այդ անձինք յուրահատուկ էքսպերտի կարգավիճակ են ձեռք բերում. երբ կարիք կա որեւէ մասնագիտական կարծիք լսելու, ինչ-որ երեւույթ մեկնաբանելու, լրագրողն իր վստահելի աղբյուրներին է դիմում, որը չի խաբում՝ այնպես, ինչպես մամուլի ծառայություններն են անում։ Եվ չի թաքցնում հանրության համար հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը։ Մենք էլ մեր հերթին չենք բացահայտում մեր աղբյուրներին։ Բայց կան լրագրողներ, որոնք մի հավերժություն աշխատում են՝ այդպես էլ աղբյուրներ ձեռք չբերելով։ Երբեմն անգամ բարեխիղճ, գրագետ լրագրողներ են, բայց ինֆորմացիա տիրապետող ոչ մի «բարեկամ» չունեն։ Նման լրագրողները, որպես կանոն, սենսացիոն, հետաքրքիր, հետք թողնող նյութեր չեն անում կամ անում են, երբ խմբագիրն է հանձնարարում։ Կան նաեւ լրագրողներ, որոնք չեն կարեւորում աղբյուրներ ունենալը եւ տարիներով աշխատելու պարագայում չեն ամբարում այդ «հարստությունը»։ Ավելին ասեմ՝ որոշ լրագրողներ անգամ հեռախոսագիրք չեն պահում եւ ամեն անգամ որեւէ հայտնի գործչի հեռախոսահամարը գտնելու համար ստիպված են ավելորդ ժամանակ ծախսել ու դես-դեն ընկնել։ Իսկ հեռախոսագիրքը, ասեմ՝ իմանաք, լրագրողի ամենամեծ հարստությունն է։ Ժամանակին իմ գործընկեր լրագրողներից մեկն ասում էր՝ հեռախոսագիրքս տպեմ, ծախեմ՝ հարստանամ։ Ո՞վ չի ուզենա նախարարների, պատգամավորների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների ձեռքի համարներն ունենալ եւ ուղիղ կապվել նրանց հետ՝ շրջանցելով քարտուղարուհի-օգնականներին։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X