Ժյուլ Վեռնը՝ ՀՀ-ԵՄ կապերի կոնտեքստում

Ժյուլ Վեռնի գրվածքներից մեկում, որի նույնիսկ անունն եմ մոռացել եւ սյուժեն էլ վատ եմ հիշում, կար մի նախադասություն, որ երբեք չեմ մոռանում: Մի արկածախնդիր համոզում է ամերիկյան հասարակությանը, որ աստվածաշնչյան դրախտը գտնվել է ԱՄՆ հյուսիսում, քանի որ ինքն այդտեղ նախամարդու եւ նույնիսկ դինոզավրի նախնիների կմախք է գտել:

Եվ, որպեսզի իր տեսությունը միջին վիճակագրական մահկանացուի վրա հարկ եղած տպավորությունը գործի, արկածախնդիրը կարողացածի չափ «գիտական» տերմիններ է գործածում: Սակայն որքան էլ հորինված տերմիններն իմաստազուրկ էին, արհեստական եւ դժվար արտաբերելի, միեւնույն է, ամենքն այդ տերմինները, ի վերջո, սովորում են: Այդ կապակցությամբ Ժյուլ Վեռն ասում է ֆրազը, որը չեմ մոռանում. «Նույնիսկ ամենագեղեցիկ կանայք սովորել էին այդ բառերն առանց սխալի արտասանել»:

Ժյուլ Վեռնը, իհարկե, արդարացի չէ իր լռին ակնարկում, թե գեղեցիկ կանայք հիմար են: Բազմաթիվ կանայք, ինչպես եւ տղամարդիկ կան աշխարհում, որոնք ե՛ւ գեղեցիկ են, ե՛ւ խելացի, նույնիսկ չափազանց գեղեցիկ ու խելացի: Սակայն միտքը, որ ինչ-որ ֆրազ անվերջ կրկնվելուց կարող է անգիր ասվել ամենքի կողմից, իրոք ճիշտ է:

Նման մի ֆրազ էլ Հայաստանում շրջանառության մեջ դրվեց համարյա Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: «Հայաստանը պատրաստ է Եվրոպական միության հետ զարգացնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում, որոնք չեն հակասում միջազգային համագործակցության այլ ձեւաչափերում Հայաստանի պարտավորություններին»: Այս նախադասությունն այնքան է կրկնվել հայաստանյան ամեն տրամաչափի պաշտոնյաների կողմից, որ, ըստ որոշ տեղեկությունների, ԵՄ-ի հետ ընթացող մտքերի փոխանակության, խորհրդակցությունների շրջանակում, վերջերս հայկական կողմից, դժվար է հասկանալ՝ զոնդաժի՞ նպատակով, ինչ-որ մեկի ինքնագործունեությա՞մբ, ոչ պաշտոնապե՞ս, թե՞ կիսապաշտոն, գաղափար է առաջարկվել, որ գուցե ապագա համաձայնագրում մի տողով ամրագրվի, որ Եվրամիության առջեւ Հայաստանի կողմից ստանձնվող պարտականությունները եւ խնդրո առարկա համաձայնագրի իրագործումը կախում ունեն ԵՏՄ-ում իրադրության հետագա զարգացումից: Մոտավորապես դա է եղել իմաստը:

Եվրոպական կողմից նման անհաջող միտքը չէր կարող չմերժվել, եւ, ենթադրելի է՝ արդեն մերժվել է: Սակայն ամբողջ վտանգն այն է, որ եթե Հայաստանը պաշտոնապես նման առաջարկությամբ հանդես գա եւ փորձի այն, ինչը բանավոր ՀՀ պաշտոնյաները կրկնել են ամբողջ երկու տարի, գրավոր ձեւակերպել եւ ընդգրկել ապագա համաձայնագրում (նույնիսկ եթե այդ համաձայնագիրը խնդիրներ ստեղծի ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության հետ), դա ԵՄ-ն կմերժի: Հնարավոր է ուղղակի Հայաստանի հետ համագործակցության նոր պայմանագիր չստեղծվի: Իսկ ԵՄ-ի հետ համագործակցության առկախումը Հայաստանի համար կբացի նույն անդունդի ճանապարհը, դեպի ուր ձնագնդի արագությամբ գլորվում է Ռուսաստանը՝ տնտեսական ճգնաժամից մինչեւ քաղաքական մեկուսացում եւ ահաբեկչական հետապնդումներ ձգվող իր խնդիրների անվերջանալի շարքով:

Անշուշտ, այն դրական ենթատեքստն էլ կա, որ գուցե ՀՀ պաշտոնյաներն էլ վերջապես գիտակցել են, որ խրտվիլակային ԵՏՄ-ի ապագան գոյություն ունի միայն թղթի վրա, հետեւաբար, մինչեւ ԵՄ-Հայաստան նոր բանակցություններն ավարտելը, փաստաթուղթն ստորագրելը, վավերացնելն ու գործողության մեջ դնելը ԵՏՄ-ն ապահովաբար փլուզված ու ոչնչացած կլինի: Եվ այդ դեպքում ինչո՞ւ ուղղակի չվերադառնալ բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրին: Դա էլ տարբերակ է, սակայն, ամեն պարագայում, ինչ նկատառում էլ գործի, անընդունելի է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը որեւէ կախման կամ առնչության մեջ դրվի Հայաստանի այլ պայմանագրային պարտավորություններից, դրանք Իրանին առնչվեն, Վրաստանին, Թուրքիային, թե Ռուսաստանին: Բոլոր մյուսները պետք է հարմարվեն ԵՄ-ին, քանի որ ցանկացած մեկն էլ գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետության գոյության երաշխիքը հենց ԵՄ-ում եւ Եվրոպա մայրցամաքում հաստատված արժեքներն ու դրվածքներն են:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X