Մեդիախոհանոց-35

«Ձե՞զ էլ առան»

Խմբագրության այցելուները շատ տարբեր են։ Մեզ դիմում են բոլոր խավերի, մասնագիտությունների ներկայացուցիչներ։ Սովորաբար մարդը դիմում է լրագրողներին, երբ հույսը կտրել է, որ հարցը կլուծվի, երբ ուզում է որեւէ մեկին պատժել, երբ դժգոհ է, չբավարարված։ Մեկի աշխատանքային իրավունքն է ոտնահարվել, մյուսին ապօրինի հետապնդում են, երրորդը զայրացած է «սամադուռ» տնօրենի պահվածքից, չորրորդը կոռուպցիայի դեմ թաքուն հայտարարություն է ուզում անել, հինգերորդը հարեւանի հետ վեճ ունի, վեցերորդին սոցապն է մերժել, յոթերորդը գլոբալ պետական խնդիրների մասին կարեւոր դիտարկում ունի։ Մի խոսքով՝ մարդը, որ մտածել է, թե միայն խնդրի հանրայնացումը կօգնի դրա լուծմանը, եկել է խմբագրություն։ Վստահել է մեզ, հույս է կապել մեզ հետ։ Շատ մեծ պատասխանատվություն է սա ենթադրում։ Ինչքան պետք է խելացի, գրագետ, արդարամիտ լինենք մենք՝ լրագրողներս, որ մարդկանց հուսախաբ չանենք, չմերժենք, ինչպես անում են մյուս բոլոր ատյանները, եւ այնպես ներկայացնենք նրա խնդիրը, որ նա գոհ ու բավարարված հեռանա, ավելին՝ հարցի լուծումը տեղից շարժվի։ Իսկ դա հեշտ բան չէ, քանի որ երբեմն այնպիսի անլուծելի հարցեր են առաջ քաշում մեր քաղաքացիները, այնպիսի փակուղային խնդիրներ, որ դրանց լուծման համար առնվազն կախարդական փայտիկ պետք է ունենանք մենք։ Այդ պարագայում ես աշխատում եմ որեէ խոստում չտալ, մարդուն անտեղի չհուսադրել։ Մյուս կողմից՝ այնքան սիրալիր լինել, այնքան ուշադիր նրա առաջ քաշած հարցի նկատմամբ, որ նա երկրորդ անգամ էլ ուզենա դիմել թերթին։ Եվ հեռանալիս չասի՝ անգրագետ, անմարդկային էակներ են լրագրողները, ու իր շրջապատում սեւ «փիառ» չանի մամուլի ու լրագրողների հասցեին։

Բայց, բնականաբար, մեզ դիմողներից ոչ բոլորի պահանջներն ու խնդիրներն են, այսպես կոչված, օրինական, իրավաչափ, արդարացի։ Երբեմն մարդիկ դիմում են մեզ՝ բողոքելով իրենց մերձավոր հարազատներից, եւ մոր ու որդու, ամուսինների, եղբայրների միջեւ դատավորի դեր ստանձնելն անշնորհակալ գործ է՝ մամուլի գործառույթների մեջ հաճախ չմտնող։ Ես նման դեպքերում սովորաբար խորհուրդ եմ տալիս ներընտանեկան միջավայրում լուծել այդ հարցերը, հաշտվել, զիջել, հարցը դուրս չբերել հանրային դաշտ։

Թերթում հոդված տպելուց հետո այդ խնդիրները չգիտեմ ինչքանով կլուծվեն, բայց որ միջանձնային հարաբերությունները վերջնականապես կփչանան՝ վստահ եմ։ Երկրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր դիմում են մեզ, ներկայացնելով խնդրի մեկ՝ իրենց ձեռնտու երեսը եւ թաքցնելով երկրորդը։ Նման դեպքերում ճշմարտությունն արագորեն պարզվում է։

Սակայն բոլոր այն դեպքերում, երբ փորձում ես մարդուն մեղմորեն մերժել՝ բացատրելով, որ իր պահանջն այնքան էլ արդարացի չէ, լսում ես կանխատեսելի պատասխանը՝ «ձե՞զ էլ առան», լավագույն դեպքում՝ «հասկանում եմ. ճնշել են ձեզ»։ Ի՞նչ պատասխանես այս մարդկանց, ինչպե՞ս բացատրես, որ ոչ ոք չի ճնշել, որ իր խնդիրն այնքան մանր հարց է, որ նման ճնշումները մեզ համար մոծակի խայթոցի նման մի բան են։ Իսկ մենք անգամ «տանկերի» դեմ ենք ելնում։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X