Մեդիախոհանոց-36

Էսպես էլ է լինում

Մեր աշխատանքը միայն տհաճություններից չի բաղկացած։ Երբեմն նաեւ հաճելի պահեր են լինում՝ երբ մեզ գնահատում են, կամ մեր գրածն արդյունք է տալիս։ Նախորդ շաբաթ անդրադարձել էինք Արարատի մարզի բնակիչ, 4 երեխաների հայր, հաշմանդամ 38-ամյա Արմեն Կարապետյանի ընտանիքին՝ «Մեծ տղաներս դիմանում են քաղցին, իսկ, այ, փոքրիկները քաղցից լացում են» վերնագրով: Երեկ ուրախությամբ տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո կարիքավոր ընտանիքին բառացիորեն ողողել են բերք ու բարիքով։

Ընտանիքի մայրը՝ Հասմիկը, բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել՝ օգնության առաջարկներով: Իսկ կիրակի օրը նրանց են այցելել մի խումբ երիտասարդներ, անհատ ձեռներեցներ, ինչպես նաեւ «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» ՀԿ-ն՝ տանելով գրեթե ամեն ինչ: «Երեխեքս էսքան տարվա մեջ էդքան երջանիկ չէին եղել, տեսնեիք՝ մի տոպրակից ոնց էին մյուսն անցնում: Ամբողջ ձմեռվա վառելիքը բերել են, էսպես անուն առ անուն չեմ կարող բոլորին հիշել, բայց չգիտեմ ոնց շնորհակալ լինեմ: Էնքան դպրոցական պարագաներ, հագուստներ են բերել, տղաներս էլ չեն ամաչի դպրոց գնալիս, տանը խաղալու համար էլ համակարգիչ են տվել»,-ուրախությունից հուզախռով պատմում էր կինը: Նրանց նաեւ գումարով են օգնել, իսկ ամենակարեւորը՝ փոքրիկ Հարությունի երազանքն է իրականացել. նրան մի քանի տուփ «սնիկերս եւ շարիկ կոնֆետներ» են նվիրել, ինչի մասին երազում էր նա։ Եվ, մոր պատմելով, երեխայի երջանկությանը չափ ու սահման չկա: Հուսանք, որ երեխաների հայրը շուտով կապաքինվի, ոտքի կկանգնի, ինքնուրույն կկարողանա հոգալ իր ընտանիքի կարիքները, ու մի գեղեցիկ օր էլ տուն կկառուցեն իրենց համար:

Ամեն անգամ նման հրապարակումներից եւ մեր ընթերցողների արձագանքից հետո հասկանում ենք, որ հրաշալի ժողովուրդ ունենք՝ հարեհաս, զգացմունքային, կարիքի ու դժբախտության պահին մարդկանց ձեռք մեկնող։ Թերեւս չի եղել մի հրապարակում, որտեղ նկարագրած լինենք կարիքի մեջ հայտնված մարդկանց վիճակը, որ արձագանքներն ուշանան։ Եվ կարեւոր չէ, թե ինչքան եւ ինչպես՝ ով ինչով կարող է, օգնում է։ Ցավալի է, որ նման դեպքերում հասարակ մարդիկ ավելի արագ են արձագանքում, քան մեծահարուստները եւ պետական կառույցները։ Մանավանդ այն կառույցները, որոնք պարտավոր են սոցիալական քաղաքականություն իրականացնել։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X