Աղոթքներ Փարիզի համար

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Փարիզն այսօրինակ մասշտաբային աղետ դեռ չէր տեսել: Քաղաքի տարբեր հատվածներում իրականացված ահաբեկչական պայթյունները, որոնք, ըստ «Իսլամական պետության» ներկայացուցիչների, վրեժ էին Ֆրանսիայի նկատմամբ Սիրիայում եւ առհասարակ Մերձավոր Արեւելքում վարած քաղաքականության համար, պայթյունները, որոնք խլեցին 129 մարդկային կյանք, անդրդվելիորեն փոխեցին ոչ միայն Ֆրանսիայի քաղաքական պատմությունը, այլեւ, կարելի է ասել, եվրոպական ողջ քաղաքակրթության դիմագիծը:

«Սա պատերազմ է», «Մենք պատերազմի մեջ ենք». սոցիալական տարբեր կայքերում, ֆորումներում կարելի է այսպիսի բազմաթիվ գրառումների հանդիպել: Եթե ոչ հեռու անցյալում կային մարդիկ, որոոնք կարծում էին, թե եվրոպական առաջատար երկրները քաղաքացիների կյանքը պաշտպանելու համար իսկապես ստեղծել են կուռ անվտանգություն, համակարգ, որն ի զորու է կանխել ահաբեկչությունները, հարձակումները, ապա այսօր արդեն այդ անվտանգության «անխափան» սիստեմները բացարձակ կասկածի տակ են: Դրանք պարզապես չեն աշխատում: Ֆրանսիական անվտանգության մարմինները չկարողացան բացահայտել եւ կասեցնել ահաբեկիչներին, թեպետ դա անելու համար նրանք կարծես թե ունեին ամեն ինչ: Սա նշանակում է, որ նման գործողություններն իրավապահ մարմինների եւ առհասարակ Ֆրանսիայի իշխանության վերահսկողությունից ու տեսադաշտից խույս են տալիս: Նշանակում է նաեւ, որ ահաբեկիչների գործողություններում ճանաչելի, բովանդակ տրամաբանություն չկա՝ նրանք պարզապես կրակ են բացում, սպանում ռեստորանում, սրճարանում իրենց հանգիստն անցկացնող խաղաղ բնակչությանը:

Ֆրանսիան փակում է իր օդային սահմանները, երկրում արտակարգ դրություն է հայտարարում, մոբիլիզացնում բոլոր ուժերը: Նախագահ Ֆրանսուա Օլանդն զգուշացնում է, որ հնարավոր են նոր ահաբեկչություններ, եւ պետք է պատրաստ լինել: Օբաման շտապում է զորակցություն հայտնել. «Սա հարձակում է ոչ միայն Փարիզի վրա, սա հարձակում է ոչ միայն Ֆրանսիայի ժողովրդի վրա, սա հարձակում է՝ ուղղված ողջ մարդկությանը եւ համամարդկային արժեքներին, որոնք մենք կիսում ենք: Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն: Ֆրանսիան մեր ամենահին դաշնակիցն է: Ֆրանսիացի ժողովուրդը, ուս ուսի տված, կանգնել է Միացյալ Նահանգների կողքին: Եվ մենք ուզում ենք շատ պարզ ասել, որ մենք կանգնած ենք նրանց կողքին ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարում»: Զորակցություններով ու ցավակցական ուղերձներով հանդես են գալիս այլ երկրների ղեկավարներ, կրոնական գործիչներ, անցկացվում են հիշատակի միջոցառումներ, մոմավառություններ: Պարզվում է՝ ֆրանսիացիների վիշտը կիսում է մոլորակի բնակչության հիմնական մասը։

«Մենք աղոթում ենք քեզ համար, Փարիզ»

Ահա ակնթարթում նորաձեւ դարձած բրենդային տողը, որ թեւածում է համացանցի տիեզերական տարածության մեջ: Սգալու եւ կարեկցելու զգացմունքների վերարտադրության համար ստեղծվեցին նաեւ լոգոներ՝ Էյֆելյան աշտարակով, Ֆրանսիայի դրոշով, որոնք օգտագործվում են ի նշան սրտառուչության, բայց նաեւ եւ ինչու չէ՝ առաջին հերթին նորաձեւության համար, չէ՞ որ ժամանակակից մարդը պիտի միանա, միավորվի կարեկցանքի, ըմբռնման վարակին: Սա ահաբեկչության դեմ պայքարի կարեւորագույն հատկանիշներից մե՞կն է դարձել:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X