Մեդիախոհանոց-37

Արգելված տրյուկներ

Լրագրողներ-մամուլի խոսնակներ հավերժ հակամարտությունը հին ակունքներ ունի՝ սրանք, այսպես կոչված, դասակարգային թշնամիներ են, քանի որ առաջինները շարունակ փորձում են երկրորդներից ինֆորմացիա կորզել, իսկ երկրորդներն աշխատում են այդ ինֆորմացիան փակի տակ պահել։ Այս հակամարտությունը մեզանում տարբեր դրսեւորումներ է ունենում, երբեմն անգամ այս կանոնից բացառություններ են լինում՝ խոսնակներ-լրագրողներ համագործակցության օրինակներ էլ են լինում։ Թեեւ, որպես կանոն, այդ համագործակցությունն ի վնաս հասարակության է։ Այնպես որ, նորմալը հակամարտությունն է։ Բայց երբեմն անտագոնիզմն այնքան է խորանում, որ երկու ճամբարները միմյանց դեմ պայքարի անազնիվ մեթոդներ են ընտրում։ Ասենք, լրագրողը կապվում է որեւէ գերատեսչության մամուլի ծառայության հետ եւ հարց է ուղղում։

Այնպիսի հարց, որը մամուլի խոսնակի սրտով չէ. Պատասխանել՝ նշանակում է բացահայտել սեփական գերատեսչության «այիբը», չպատասխանել՝ նշանակում է խախտել օրենքը։ Իսկ օրենքը պարտադրում է պատասխանել լրագրողների հարցերին։ Ի՞նչ են անում մեր խոսնակներն այս պարագայում։ Նախ, գրավոր են պահանջում հարցերը։ Իսկ ինֆորմացիայի համար մրցավազքի մեր օրերում դա նոնսենս է։ Ինֆորմացիան արագ հնացող ապրանք է, եւ եթե դու աչքդ թարթես, ուրիշը դրան կտիրանա։ Բացի այդ, թերեւս հույս ունեն, որ լրագրողը կզլանա հարցերը գրավոր ուղարկել։ Կամ էլ ժամանակ կշահեն, որ կոլեկտիվ մտածեն, թե ինչպես «ցրեն» հետաքրքրասեր լրագրողին, կամ հարցերի հետ կապ չունեցող անբովանդակ պատասխան ուղարկեն։ Կա նաեւ խորամանկ, ես կասեի՝ նենգ խոսնակների մի տեսակ, որոնք իրենց յուրային լրատվամիջոցներին են տալիս մեր հղած հարցերի պատասխանները։ Սրանով կանխում են մեր հրապարակելիք նյութի էքսկլյուզիվությունը եւ իրենց ցանկացած ռակուրսով նյութի հրապարակում ապահովում՝ լավություն անելով «յուրային» լրագրողներին ու լրատվամիջոցներին։ Սա շատ տարածված տրյուկ է, որ «քյոհնա» խոսնակներն են կիրառում՝ մոռանալով, որ այս մեթոդներով նախ չեն կարող մեզ խանգարել, հետո՝ կյանքն անակնկալներով է հարուստ, եւ չի բացառվում, որ մի օր իրենք հայտնվեն բարիկադների այս կողմում եւ իրենց մաշկի վրա զգան, թե ինչ է նշանակում էքսկլյուզիվ նյութի կորուստ։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X