Քաղաքագրություն. Բուսաբանական այգին

Խճուղու կողմից Երեւանի բուսաբանական այգու մետաղական պարիսպները ծռմռված, խեղճ ու ցաքուցրիվ են երեւում: Ժամանակին տարածաշրջանի լավագույն բուսաբանական այգիներից մեկը, քաղաքի կանաչ վայրերից գուցե իր էությամբ ամենակարեւորը, այժմ ներսից ու դրսից լքված ու թշվառ դիմագիծ ունի:

Եվ դժվար է ու անհասկանալի ըմբռնումը, թե Բուսաբանական այգին այլեւս ինչ գործառույթ ու ասելիք ունի իր քաղաքին, բնակիչներին, արդյոք պետության ղեկավար մարմինները գիտե՞ն նրա գոյության մասին, եթե գիտեն, ապա ինչո՞ւ այգին այդօրինակ տեսք ունի, ի՞նչ է արվում վիճակը բարեկարգելու համար: Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում Երեւանի բուսաբանական այգու մասին կարող եք ընթերցել հետեւյալը. «Երեւանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին՝ անվանի գիտնականներ Ա. Կ. Մաղաքյանի, Ա. Ա. Հախվերդովի եւ Ն. Վ. Միրզոեւայի կողմից: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաեւ վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ եւ բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված է Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ (30 ցեղից)՝ հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային եւ այլն։ Երեւանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին՝ բուհերի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաեւ յուրահատուկ ռեկրեացիոն օջախ մայրաքաղաքի եւ հանրապետության բնակչության համար։ Այստեղ ներկայացված են նաեւ մի շարք հազվագյուտ եւ անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38-ը ներառվել է ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ): Երեւանի բուսաբանական այգու միջազգային կապերն ընդգրկում են աշխարհի շուրջ 40 բուսաբանական գիտական հաստատություն։ Երեւանի բուսաբանական այգում մինչեւ 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էր արեւադարձային եւ մերձարեւադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։

Երեւանի բուսաբանական այգու կազմի մեջ մտնում է նաեւ 4 դենդրարիում»:
Հոդվածի վերջում կետառկետ թվարկված են այգու առջեւ ծառացած, կարծես մահվան տանող խնդիրներ, որոնք շատ են ու տարաբնույթ: Այգու յուրաքանչյուր այցելու անզեն աչքով հնարավորություն ունի տեսնելու դրանք: Բուսաբանական այգու սքանչելի, կախարդական աշունն իսպառ խամրում է, երբ ոտքերիդ տակ ճարճատում են կիսավեր ջերմոցներից թափված ապակու բեկորները: Մի պահ տպավորություն է, թե այգին վերջնականապես պատկանում է ապակուն ու ագռավներին: Հիմա Բուսաբանական այգու գեղգեղուն թռչուններն ագռավներն են, իսկ այգու մեղեդին՝ նրանց անվերջ ու անհրապույր կռկռոցը, որոնք չես կարող անտեսել: Բերնեբերան լցված դեռեւս հին, ժանգոտված աղբամանները՝ շուրջբոլորը սփռված աղբի մնացուկներով, իհարկե, շատ ժամանակ հիշեցնում են նաեւ երեւանյան բակերում առկա աղբամանների ճակատագիրը, աղբամաններ, որոնց համապատասխան մարմինները տարին մեկ են այցելում: Բայց հիմա կարծես կա «Սանիտեքը», կան համենայնդեպս ավելի նոր աղբամաններ, եւ որոշ տեղերում աղբահանությունն զգալիորեն բարելավվել է: Այսօր դժվար է Երեւանի բուսաբանական այգուց տուն դառնալիս պահպանել զվարթ տրամադրությունը: Այգու ներկա վիճակը դա թույլ չի տա: Թշվառությունը, լքվածությունը, ավերածությունը, մենակությունը, անորոշությունը. ահա այգին բնութագրող տխուր հատկանիշներից: Եվ եթե այսպես շարունակվի, եթե վերադաս մարմիններն այգին վերջնական կործանումից փրկելու ծրագիր կյանքի չկոչեն, գուցե շատ մոտ ապագայում Երեւանը զրկվի իր ամենամեծ ու ինքնատիպ Բուսաբանական այգուց:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X