Իրավունք

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը գաղտնի է պահում դատավորների թեստերը

Դատավորների թեկնածուների մրցույթների ժամանակ հավակնորդները գրավոր թեստեր են հանձնում եւ հարցազրույց։ Թեստերը կազմում է Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, նախկինում արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը։ Երբ դիտորդ կազմակերպության՝ «Իրավունքի Եվրոպա միավորման» ներկայացուցիչները ռեկտորից պահանջել են թեստերի տեքստը, որ համեմատելով հավակնորդների պատասխանների հետ, կարողանան արդյունքը դիտարկել, ակադեմիայի ռեկտորը հրաժարվել է կատարել նրանց պահանջը՝ պատճառաբանելով իր հեղինակային իրավունքը։ Այս մասին մեզ հայտնեց «Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը։

Արդյոք սա չի՞ նշանակում, որ դատավորների մրցույթը թափանցիկ չէ․ «Թեստը չի կարող պաշտպանվել հեղինակային իրավունքով, եւ սա ուղղակի պատճառաբանություն է, որպեսզի դիտորդական կազմակերպությունը չկարողանա արդյունավետ իրականացնել հանրային հսկիչի գործառույթը։ Թեստն արդեն իսկ հրապարակվում է, երբ բաժանվում է հավակնորդին, եւ հավակնորդն էլ ոչ մի պարտավորություն չի ստորագրում, որ այդ թեստի հարցերը չի հրապարակի ուրիշներին։ Հետեւաբար, սա ուղղակի մտացածին պատճառաբանություն է, ինչը լուրջ կասկածի տակ է դնում դատավորների մրցույթի ոչ ձեւական բնույթը»։ Նշենք, որ Արդարադատության ակադեմիայի կառավարումն իրականացնում է խորհուրդը, որի կազմում մեծ մասը կառավարության անդամներ են՝ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայան, արդարադատության փոխնախարար Արթուր Մկրտչյան, Երեւանի դատախազ Արթուր Դավթյան, Արագածոտն մարզի դատախազ Հակոբ Մարտիրոսյան, եւ երեք դատավորներ։ Դատավորների մրցույթներ անցկացվել են անցյալ տարեվերջին եւ ամռանը։ Հետաքրքիր է, որ թեստավորումից բարձր միավորներ հավաքած հավակնորդներն էին դուրս թռչում հարցազրույցի ժամանակ։

Առաջին մրցույթի արդյունքում գրավոր թեստավորման ընթացքում բարձր միավոր հավաքած 8 հավակնորդ «կտրվել» է հարցազրույցից, իսկ երկրորդ անգամ երկրորդ փուլի արդյունքում դուրս է մնացել 11 հավակնորդ։ Դիտորդական հաշվետվությունը պատրաստ կլինի առաջիկայում։

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X