Մեդիախոհանոց-38

Վեր կանգնենք բամբասանքից

Լրատվական դաշտում ոչ միայն մեծ մրցակցություն կա, այլեւ չարություն, նախանձ, իրար դեմ աշխատելու ձգտում։ Ես խմբագիրներ գիտեմ, որոնք, օրինակ, ողջ օրն զբաղված են մյուս լրատվամիջոցների գործընկերներին հայտնաբերելու գործով։ Ասենք, կայքերում գովազդատուների ցանկն ուսումնասիրելով, սկսում են «տեռոր» անել նրանց, թե ինչու եք այս կայքին գովազդ տալիս, մեզ տվեք։ Ես խմբագիր գիտեմ, որն ավելի հնարամիտ է գտնվել այս հարցում. որոշ ֆիրմաների գովազդն անվճար տեղադրում է իր կայքում, մի քանի ամիս անց ֆիրման «ամոթու» պայմանագիր է կնքում սրա հետ։ Խմբագիր գիտեմ, որը, տեղեկանալով, որ մի բարձրաստիճան պաշտոնյա հանդիպել է գործընկեր ԶԼՄ-ի ղեկավարի հետ, ամեն գնով հանդիպում է կորզում վերջինիս հետ եւ շանտաժ անում, թե՝ ես գիտեմ, որ ընդունել եք իքսին, համագործակցում եք նրա հետ, բա մե՞նք։ Երբեմն այնքան նողկալի է ֆինանսներ կորզելու, մրցակիցներին վարկաբեկելու, ոչնչացնելու այս կիրքը, որ ափսոսում ես, որ ժամանակին այս մասնագիտությունն ես ընտրել, եւ լեզուդ չի պտտվում մեղադրել նրանց, ովքեր փնովում են լրագրողներին։ Հասկանում ես, որ մենք ինքներս ենք վարկաբեկել լրագրողի անունը, աղավաղել հասարակական պատկերացումը մամուլի մասին։ Ինչպե՞ս մաքրել դաշտն այս աղբից, ես չգիտեմ։ Բայց նախօրեին տեղի ունեցած մի իրադարձություն ինձ հույս ներշնչեց, որ ժամանակն ամեն ինչ, այնուամենայնիվ, իր տեղը կդնի։

Մեր թերթի հետ լուրջ կոնֆլիկտ ունեցած մի կազմակերպության ղեկավար, ոը ժամանակին սպառնում էր մեզ դատի տալ եւ որտեղ նստում բողոքում էր «Հրապարակից», անսպասելի խոստովանություն արեց, որ մի քանի տարի մեր թերթի հրապարակումներին ուշի ուշով հետեւելուց հետո փոխել է իր վերաբերմունքը «Հրապարակի» նկատմամբ եւ համարում է, որ մենք իսկապես ծառայում ենք հանրությանը։ Գիտի մեր բոլոր դժվարությունները, հետեւում է մեր բոլոր դատերին ու վեճերին, հասկանում է, թե ինչքան դժվար է մեր երկրում ազատ ու անկախ լինելը, եւ չի կարող չարձանագրել, որ մենք լավագույնների թվում ենք։ Խոստովանությունն անսպասելի էր հատկապես նրանով, որ մենք սույն անձնավորության եւ նրա ղեկավարած կազմակերպության մասին ոչ մի դրական բան չենք գրել, եւ նա որեւէ ակնկալիք չունի մեզնից։ Մարդը կարողացել է օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը եւ տարբեր բամբասանքներից ու նախապաշարումներից վեր կանգնել։

Ես հույս ունեմ, որ մեր հասարակության յուրաքանչյուր անդամ մի օր արժեւորելու է իր կյանքը, իր շրջապատը։ Մի օր կարողանալու է բոլոր ազդեցություններից ազատվել եւ իրական գնահատականներ տալ ամեն ինչին. իշխանություններին, մամուլին, հասարակությանը, իր շրջապատին, իր անցյալին ու ապագային։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր մաքրվել եւ առաջ շարժվել։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X