Մեդիախոհանոց-39

Մեր թղթակիցները

Մենք մշտական ընթերցողներ եւ մշտական թղթակցողներ ունենք։ Նրանց մի մասը պարզապես ասելիք ունի եւ հաճույք է ստանում, որ իր մտքերը թերթում տպագրված է տեսնում։ Սրանք այն էնտուզիաստներն են, ովքեր հոնորարի ակնկալիք չունեն, պարզապես գրում են իրենց ներսում կուտակվածն արտահայտելու համար եւ ուրախանում են, երբ ծանոթ-բարեկամները կարդում են ու արձագանքում։ Երբեմն շատ գրագետ, խելացի, ազնիվ հոդվածներ են գրում նրանք։ Ես, որպես կանոն, մեծ ուրախությամբ եմ տպագրում այդ հոդվածները։ Դրանք էականորեն տարբերվում են լրագրողական հոդվածներից, եւ դրանց մեջ սովորաբար հետաքրքիր առաջարկներ, էմոցիա, ցավ է լինում, որը բացակայում է լրագրողների հոդվածներում։ Հենց այս համարում ՍԴ նախկին անդամ

Վալերի Պողոսյանի հոդվածն է՝ 7-րդ էջում։
Բայց մեզ թղթակցում են ոչ միայն գրագետ, ասելիք ունեցող մարդիկ, այլ նաեւ անգրագետ, միտքը հասկանալի շարադրելու անընդունակ, տարբեր «ֆաշիստական» հակումներով, ագրեսիվ ու «աբիժնիկ» մարդիկ։ Այս անձանց հոդվածները մերժելը երբեմն այնքան էներգիա է խլում, այնպիսի վեճ ու աղմուկի, մեղադրանքների տեղիք տալիս, որ երբեմն թվում է՝ սա խմբագրի աշխատանքի ամենաբարդ մասն է։ Օրինակ, մի գիտությունների թեկնածու կա, որը պարբերաբար հոդվածներ է բերում մեզ։ Այժմ չի աշխատում, եւ զգացվում է, որ չի հաղթահարում իր պարապության սինդրոմը։ Ընդ որում, դրանում եւ մյուս բոլոր հարցերում մեղադրում է ոչ թե կոնկրետ ոլորտի ղեկավարներին, այլ անձամբ Սերժ Սարգսյանին։ Եվ ոջիլի հայտնի անեկդոտի նման՝ ինչի մասին ուզում է գրի, մի քանի նախադասությունից հետո սկսում է հայհոյել Սերժ Սարգսյանին։ Երբ զգուշորեն բացատրում եմ, որ, ասենք՝ դիակիզարանների բացակայության հարցում երկրի նախագահին մեղադրելն այնքան էլ հասկանալի չէ, նա վրդովվում է եւ մեզ մեղադրում Բաղրամյան 26-ի պատվերը կատարելու մեջ։

Թալինի գյուղերից մեկից մի «թղթակից» պապիկ ունենք, որն օր ծերության իրեն լրագրող է զգացել եւ ամիսը մի քանի անգամ ձեռագիր թղթեր է բերում խմբագրություն՝ խնդրելով տպել։ Նրա «գրվածքներից» բան հասկանալու համար առնվազն պետք է գուշակ լինես, մտքերն ընթերցելու կարողություն ունենաս, որ հասկանաս, թե ինչ է ցանկացել ասել։ Ես, որ խմբագրություն մտած քաղաքացիներին ամեն գնով բավարարելու սովորույթ ունեմ, մեկ անգամ սխալվել եմ եւ այդ հիերոգլիֆներից մի տեքստ եմ վերաշարադրել ու պապիկի անունը տակը դնելով՝ տպագրել։ Վերջ։ Ինչպես ասում են՝ լրագրության նոր «աստղն» այլեւս չի ուզում միայն հողագործությամբ զբաղվել՝ ուզում է գյուղացիների մոտ հպարտանալ իր տաղանդով։ Ընդ որում, ամեն անգամ բոխչայում մի քանի բուլկի, մի քանի կիլոգրամ իր աճեցրած կարտոֆիլ, մի քանի կոնֆետ պահած՝ գալիս է, թերեւս կարծելով, որ այդ «բարիքների» համար կտպագրենք իր «շեդեւրները»։ Այս մարդուն մերժելու համար պետք է քար սիրտ ունենալ։ Եվ ամեն անգամ մեր լրագրողներից մեկը «կրակն» է ընկնում՝ սկսում է հոդված սարքել նրա անհասկանալի մտքերը։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X