Մեդիախոհանոց-40

Մասնագիտություն եւ մասնագիտացում

90-ականների լրագրությունն էականորեն տարբերվում էր 21-րդ դարի լրագրությունից ոչ միայն նրանով, որ տեխնիկական առաջընթացը խիստ հեշտացրել է լրագրողների գործը՝ ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար մի քանի րոպեն բավական է. համացանցն ամեն ինչ քո փոխարեն «հիշում» է, այլեւ մեր մասնագիտության նկատմամբ վերաբերմունքով։ Չէի ուզենա ասածս վերագրեին տարիքիս՝ չէ՞ որ մարդիկ, մեծանալով, փնթփնթան են դառնում, եւ երիտասարդների ոչ մի արածը նրանց չի գոհացնում։

Մանավանդ՝ այսօրվա երիտասարդները շատ բաներում գերազանցում են մեզ՝ ավագ սերնդի ներկայացուցիչներիս։ Բայց որոշ բաներ, այնուամենայնիվ, մենք ավելի լավ էինք անում։ Տարիների ընթացքում մի քանի լավ հատկություն լրագրությունը, ցավոք, կորցրեց։

Դրանցից առաջինը, իմ կարծիքով, լրագրողական մասնագիտացումն էր։ «Մեր ժամանակներում» կային քաղաքական, տնտեսական, իրավական, մշակութային, սոցիալական, կրթական թեմաներով գրող լրագրողներ։ Անգամ կարեւոր հաստատություններին կցված լրագրողներ կային, որոնք պարտավոր էին հետեւել այդ հաստատություններում կատարվող իրադարձություններին։ Եվ եթե որեւէ կարեւոր ինֆորմացիա բաց էիր թողնում, խմբագրի կողմից նախատինքի էիր արժանանում, երբեմն՝ պատժվում։

Կայքային լրագրության մեր օրերում լրագրողի մասնագիտացումը կամաց-կամաց դառնում է անցյալի մնացուկ. այժմ լրագրողները գրում են ամեն ինչի մասին։ Չկա թեմատիկ, ոլորտային մասնագիտացում։ Երեկվա ուսանողին հավատարմագրում են Ազգային ժողովում, ուղարկում կառավարություն, հանձնարարում բարդ հարցազրույցներ անել, խճճված թեմաներով հոդվածներ գրել։ Նա այսօր քաղաքական թեմաներով գրող լրագրող է, վաղը կվազի մշակութային միջոցառման, երրորդ օրը կլուսաբանի ընդդիմության հանրահավաքը, չորրորդ օրն անապահով ընտանիքի մասին ռեպորտաժ կպատրաստի։

Սա, անշուշտ, մի կողմից լավ է, քանի որ լրագրողի մասնագիտությունը գիտելիքների որոշակի «բագաժ», ընդհանուր պատրաստվածություն է ենթադրում։ Եվ բոլորովին պարտադիր չէ, որ կրթական թեմաներով հոդված գրող լրագրողը մի 5 տարի դպրոցում աշխատած լինի, կամ կառավարության նիստերը լուսաբանողը նախարարություններից մեկում մի քանի տարի չինովնիկների հոգեբանությունն ուսումնասիրած։ Ի վերջո, մեր ընթերցողը միջին գիտելիքների տեր, հանրաճանաչ թեմաներով հրապարակումներ պահանջող քաղաքացին է, այլ ոչ թե նեղ ոլորտային մասնագետը։ Եվ իզուր չէ, որ իմ գործընկերներից մեկը ժամանակին պնդում էր, որ լրագրողը, բառի դրական իմաստով, պետք է լավ դիլետանտ լինի՝ իմանա ամեն ինչից քիչ-քիչ։ Սակայն միեւնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ մեզ ընթերցում են նաեւ տվյալ ոլորտների նեղ մասնագետները, որոնք անմիջապես նկատում են լրագրողի կոպիտ սխալներն ու անգրագիտությունը։

Ինչպե՞ս համատեղել այս երկուսը՝ լայն ընթերցողի համար նախատեսված հանրամատչելի, ուշագրավ հրապարակումները եւ նեղ մասնագետին էլ որոշակիորեն բավարարող վերլուծությունները։ Իմ փորձը ցույց է տալիս, որ երբ լրագրողը մասնագիտանում է որեւէ ոլորտում, կարճ ժամանակ անց նա կորցնում է չափի զգացողությունը եւ սկսում է ընթերցողին «զարմացնել» իր գիտելիքներով։ Նա դադարում է զգալ, թե որ թեման ու մատուցման որ ձեւը կարող են գրավել ընթերցողին։ Եվ սկսում է գրել նեղ լսարանի համար։ Շատ քիչ դեպքեր կան, երբ մարդը տարիներ շարունակ զբաղվում է նույն ոլորտով, տիրապետում է այդ ոլորտի նրբություններին եւ շարունակում է գրել ուշագրավ, լավ լեզվով, առանց մասնագիտական խճողումների։ Նման լրագրողի օրինակ է «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը, որը, թերթի ծննդյան օրից սկսած, գրում է այդ թեմաներով եւ դեռեւս չի ձանձրացրել իր ընթերցողին։ Ափսոս՝ մեր հայտնի լրագրողներն այնքան զբաղված են, որ աշակերտներ պահելու, նոր սերնդին կրթելու ժամանակ ու հնարավորություն չունեն։ Թեեւ դա պետք է անեին բուհերը, հատկապես մայր բուհը, որտեղ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ով ասես դասավանդում է, բայց ազատ, ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչները մուտք չունեն։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X