Արթուր Վարդանյանը օգոստոսին գնացել էր հայրական գյուղ, Ծաղկաբերում հորաքույր ունի

>

Նորք-Մարաշ համայնքում ԱԱԾ-ի կողմից «վնասազերծված» զինված խմբավորման 9 անդամների պարագլուխն ըստ նախնական տեղեկատվության Արթուր Վարդանյանն է, ում գործունեության մասին երեկ տարակարծիք մեկնաբանություններ էին արվում: Արթուր Վարդանյանը, ով կարծես հանդիսանում է «Հայոց Վահան» ազատագրական շարժման ղեկավարը, թեև բնակվել է Իսպանիայում, այնուամենայնիվ արմատներով Լոռու մարզից է, Արթուրի նախնիները հաստատվել են Ծաղկաբերում Ցեղասպանությունից հետո, Մուշից են գաղթել:

Այն տեղեկությունները, թե խմբավորման ղեկավարն ազատամարտիկ Վալերիկ Վարդանյանի որդին է, հաստատվեցին: Hraparak.am-ի հետ զրույցում Սպիտակի տարածաշրջանի Ծաղկաբեր համայնքի ղեկավար Արծրուն Սանթրոսյանը պատմեց, որ Արթուր Վարդանյանը դեռ օգոստոս ամսին եկել էր հայրական գյուղ հանգստանալու: Պատմեց նաև, որ Արթուր Վարդանյանը Ծաղկաբերում ազգականներ ունի:
«Վալերիկ Վարդանյանը մեր գյուղում է ծնվել, բայց մեր համագյուղացին չի եղել: Ինքը տեղափոխվել է քաղաք, այստեղ ծնվել է դասի է գնացել, բայց հետո տեղափոխվել են Երևան: Տղան մի շաբաթով եկել է՝ Արթուրը: Այստեղ տուն չունեն, բայց իր պապի տուն է եկել, այնտեղ մարդ չի ապրում: Եկել մի շաբաթ հանգստացել, գնացել է՝ իր ասելով: Գյուղացիների հետ շփվում էր, ում ճանաչում էր, սովորական վարք ուներ Արթուրը: Ընտանիքի անդամների մասին գիտեմ, որ եղբայր ունի, ինչքանով որ գիտեմ, եղբայրը մայրը Իսպանիայում են ապրում»: Իսկ գյուղում հարազատներ ունի՞. «Իհարկե ունի, հորեղբայր ունի, երկու հորեղբայր՝ Երևանում են ապրում, հորաքույր ունի՝ գյուղում է ապրում, մի հորաքույր կողքի գյուղում է բնակվում: Չեմ կարող ասել մյուսների հետ կապ պահպանում էր, թե չէր պահպանում, բայց այս հորքուրը, որ ամուսինը կորցրեց, նրա հետ իմ կարծիքով կապ ունի, զանգում էր խոսում էր».- ասաց Արծրուն Սանթրոսյանը: Տեղեկանում ենք, որ Արթուր Վարդանյանը վերջին անգամ Ծաղկաբերում եղել է օգոստոս ամսին:

Ի դեպ Արթուր Վարդանյանի հայրը՝ Վալերի Վարդանյանը, 1992 թվականին Արցախյան հերոսամարտին մասնակցել է «Սպիտակ»-ի ջոկատում, ապա ընդգրկվել Ստեփանակերտի հետախուզական խմբում, պատմում են, որ ազատամարտիկը 22 անգամ անցել է թշնամու թիկունք և վերադարձել՝ կատարելով հրամանը: Ազատամարտիկը մահացել է 1994 թվականին: Մեր աղբյուրները հայտնում են, որ Արթուր Վարդանյանը, բացի եղբորից, ունի նաև մեկ քույր:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Ստորև ներկայացնում ենք «Հայոց Վահան» կազմակերպության լուսանկարները Ֆեյբուքյան էջից:

Մեկնաբանություն
X