Մեդիախոհանոց-41

Ինչ է էթիկան

Ամեն տեղից վեր կացող դաս է տալիս լրագրողներին, իրենք՝ լրագրողներն էլ են միմյանց դասեր տալիս։ Եվ ստացվում է, որ ոչ այնքան սեփական անելիքի վրա են կենտրոնացած, որքան ուրիշների չարածի կամ վատ արածի։ Ես կհասկանամ, որ ընթերցողն իր դժգոհությունը հայտնի լրագրողներից, լրատվամիջոցներից։ Ասի, որ այս բանը թերի եք լուսաբանել, այստեղ քիչ եք խորամուխ եղել, այս մյուսում վախեցել եք կոշտ գնահատականներ տալուց, երրորդում թույլ եք տվել, որ ձեզ խաբեն-մոլորեցնեն։ Բայց երբ խոսում են «էթիկայի» կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին եւ քննարկման նյութ դարձնում՝ կարելի՞ է արդյոք մահացած մարդու մասին ճշմարտությունը գրելը, կամ՝ որքանո՞վ է էթիկայի շրջանակներում անձի ֆեյսբուքյան էջից առանց թույլտվության լուսանկար վերցնելը, ես հուսահատվում եմ։ Մի երկրում, որտեղ ազատության դեֆիցիտ կա, որտեղ գրեթե միակ զսպաշապիկը մնացել են մամուլն ու նրա բացահայտումները, էթիկական նրբությունները պետք է վերջին տեղում լինեն։ Դրանք չեն կարեւորը, այլ այն, որ մեր մամուլն ազատ չէ, անկաշկանդ չէ, տեխնիկապես ու գիտելիքներով զինված չէ։

Այն, որ ամեն օր լրագրողները հանդիպում են իշխանությունների, չինովնիկների խոչընդոտներին, որ տարրական տեղեկություններ ստանալն անգամ բարդ է եւ խորամանկություն, կապեր ու տքնաջան աշխատանք է պահանջում։ Այն, որ պետական պաշտոնյան ու քաղաքական գործիչը կարող են նայել աչքերիդ մեջ ու ստել։ Այն, որ իրավապահները կարող են իրենց նախընտրելի՝ ծախու լրագրողներն ունենալ եւ նրանց միջոցով ցանկալի ինֆորմացիա տարածել։ Այն, որ լրատվական ծառայությունները վերածվել են ինֆորմացիան թաքցնող անառիկ բերդերի։ Այն, որ տարբեր ոլորտների անկախ մասնագետներ չկան, որոնք փորձագիտական գնահատականներ տան այս կամ այն երեւույթին։ Այն, որ լրատվամիջոցներն այնքան աղքատ են, որ արտերկրյա գործուղումներ չեն կարողանում ուղարկել, մարզերում թղթակիցներ չեն կարողանում պահել, էլ չենք խոսում հարեւան երկրներում պահելու մասին։ Այն, որ նոր վառ լրագրողներ գրեթե չեն հայտնվում դաշտում։

Այն, որ գնալով պակասելու փոխարեն ավելանում են փակ օղակները, փակ հանդիպումներ-քննարկումները, եւ ցանկացած քննադատական խոսք պատասխանատուները որպես անձնական վիրավորանք են ընդունում։ Այն, որ լուրջ մամուլը գնալով իր տեղը զիջում է սկանդալային վերնագրերով բամբասանքներ տարածող, գեղարվեստն էրոտիկայի հետ շփոթած, լուն ուղտ սարքող լրատվամիջոցներին։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X