Քաղաքագրություն. Հրազդան գետի կամուրջները

Պատմական առումով որոշ հետաքրքրություն են ներկայացնում տարբեր ժամանակներում Հրազդանի վրա եղած կամուրջները։ Մեզ հասած աղբյուրները եւ Հրազդանի ափերին պահպանված հնությունները թույլ են տվել ենթադրելու, որ Երեւանի շրջակայքում հայտնի կամուրջներ եղել են տակավին ուրարտական ժամանակներից։

Հրազդանի հոսանքի քաղաքամերձ հատվածում ուշ միջնադարում առնվազն երեք կամուրջ է եղել։ Դրանցից մեկը գտնվում էր բերդի հյուսիս-արեւմտյան անկյունում, անմիջապես խանի ապարանքների տակ, երկրորդը՝ Ձորագյուղ թաղամասի շրջանում, իսկ երրորդը գտնվում էր ավելի վերեւ՝ Քանաքեռ գյուղի տակ։ Վերջինիս հետքերը մինչ օրս նշմարվում են։ Ձորագյուղի թաղում եղած երբեմնի կամրջի հետքերը 19-րդ դարի առաջին կեսին հազիվ էին նշմարվում, իսկ այժմ դրանք իսպառ վերացել են։

Համապատասխան աղբյուրների բացակայության պատճառով դժվար է ասել, թե դրանք երբ են կառուցվել եւ նախնական ինչպիսի ձեւ ու մեծություն են ունեցել։ Միայն հաստատ կարելի է պնդել, որ գետի՝ Երեւանին շփվող հատվածում կամուրջներ միշտ պետք է եղած լինեին։ Երեւանում Հրազդանի մի քարակերտ կամրջի մասին հակիրճ հիշատակություն ունի անգլիացի վաճառական-ճանապարհորդ Ջոն Նյուբերին։ Նա գրում է.
«Այս քաղաքի հյուսիսակողմը մոտ մի մղոն հեռու մի քարե կամուրջ կա, որի տակից անցնում է Զանգու (Sanguina) կոչված գետը»:

Անգլիացի հեղինակի այս հիշատակությունը, որ մինչ օրս չի արժանացել մասնագետների ուշադրությանը, բավական անորոշ է։ Դրանով հնարավոր չէ կռահել, թե նրա ակնարկած Հրազդանի (Զանգուի) այդ կամուրջը գետի հատկապես որ մասում էր գտնվում եւ վերը նշված կամուրջներից որին էր համապատասխանում։ Սակայն հարցի մեջ որոշ պարզություն է մտնում, երբ դիմում ենք նույն հեղինակի վկայության հետեւյալ հատվածին.
«Տասներկուերորդ օրը մեկնեցինք Երեւանից եւ օթեւանեցինք քրիստոնյաների մի ամրոց, կոչված Էջմիածին (Echimassen), եւ այստեղ հինգ հին եկեղեցիներ կան...»:

Այստեղից ակնհայտ է դառնում, որ Ջոն Նյուբերիի հիշատակած կամուրջը համապատասխանում էր հետագայում հայտնի կամ բերդի անկյունի կամրջին, կամ Ձորագյուղի։ Քանաքեռի տակ երբեմնի եղած կամուրջը բավական հեռու էր այն ժամանակվա Երեւանից եւ հազիվ թե հիշատակվեր վերջինիս մասին խոսելիս կամ համարվեր նրա կամուրջներից մեկը։

Երեւան քաղաքի պատմությունը

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X