Խմբագրության փոստից

Ի՞նչ կարծիքի եք՝ կարելի՞ է արդյոք թերթում տպագրել ընթերցողների նամակները։ Առաջին հայացքից թվում է՝ այո, իհարկե։ Ուրիշ էլ ի՞նչ ֆունկցիա ունի մամուլը, եթե ոչ՝ մարդկանց հոգսերը բարձրաձայնելու, նրանց տեսակետները հրապարակելու, նրանց գաղափարները տարածելու։ Թերթը յուրօրինակ ամբիոն է, մեր դեպքում, ես կասեի՝ հրապարակ, որտեղ մարդը կարող է խոսել եւ լսելի լինել։ Բայց ի՞նչ անել, երբ խոսքը մասնավոր հարցի, ուրիշին վերաբերող տեղեկությունների մասին է։ Երբ շոշափվում են այլ անձի անունը, շահերը, եւ հնարավոր է՝ ոտնահարվեն վերջինիս իրավունքները։ Մերժե՞լ այդ նամակ-հոդվածների տպագրությունը, թե՞ ճշտել նրանց հաղորդած տեղեկությունների իսկությունը, ինչը երբեմն շատ բարդ, աշխատատար եւ ժամանակատար պրոցես է։

«Հրապարակն» այս առումով մի կոմպրոմիսային լուծում է գտել՝ թերթի վերջին էջը հատկացրել է ընթերցողների նամակների տպագրությանը։ Եվ խորագիրն ու ներքեւում տեղադրված գրությունն էլ համապատասխան են ընտրված. «Ազատ խոսքի հրապարակ» եւ «Ազատ խոսքի Ձեր հրապարակում կարող է տպագրվել Ձեր խոսքը։ Գրեք մեզ, զանգեք մեզ Ձեզ հուզող ցանկացած հարցով»։ Բայց արդյոք սա մեզ ազատո՞ւմ է պատասխանատվությունից։ Իհարկե՝ ոչ։ Մեր թերթի էջերում իրենց անունը, իրենց շահերը շոշափելու համար մարդիկ գալիս են խմբագրություն, բողոքում են մեզ, մեր դեմ են դատարան դիմում, այլ ոչ թե հոդվածագիր-նամակագիրների։ Օրեր առաջ մեր թերթում մի քաղաքացու բաց նամակն էինք տպագրել՝ ուղղված տրանսպորտի եւ կապի նախարարին, քաղաքամերձ թիվ 205 երթուղու մասին, որը գերծանրաբեռնված է աշխատում։

Քաղաքացին բողոքել էր վարորդների վերաբերմունքից, վատ աշխատանքից, հնամաշ մեքենաներից եւ այլն։ Նամակը տպագրվելուց 2 օր անց խմբագրություն այցելեցին երթուղու վրդովված աշխատակիցները՝ իրենց հետ բերելով 40-ից ավելի ստորագրություն-նամակ՝ շնորհակալություններով եւ երթուղու լավ աշխատանքին նվիրված ձոներով։ Մեզ այցելած անձինք պնդում էին, որ նման նամակ չկա, նամակագիր՝ եւս, որ մենք հորինել ենք այն եւ «պատվեր» ենք կատարել իրենց դեմ։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X