Անսպասելի քամին անսպասելի օգնություն բերեց

>

Օրեր առաջ հանրապետությունում մոլեգնած փոթորիկը բարեբախտաբար մարդկային զոհեր չբերեց, սական հսկայական նյութական վնաս պատճառեց: Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հատկապես լրջորեն վնասվել էր բնակելի ֆոնդը: Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի հավաստմամբ միայն 52 բազմաբնակարան շենքի տանիք ու լուսամուտներ են վնասվել՝ չհաշված մասնավոր բնակարանային ֆոնդը, որ սոցիալական անապահով իրավիճակում առավել խոցելի էր և տասնամյակներ շարունակ չէր վերանորոգվել: Բարեբախտաբար ժամանակին կազմվել էր համապատասխան հանձնաժողով և արագ գույքագրվել ու հաշվառվել է համայնքին պատճառված վնասի չափը:

Քաղաքապետի խոսքով՝ միայն 4000 քառ. մետր տանիք է ավիրվել, իսկ վերահաս անձրևների վտանգը ստիպում է առաջնահերթորեն հենց դրանց վերանորոգումն ավարտել:

Աղետի հետևանքները վերացնելու համար, բացի կառավարության օժանդակությունից Ալավերդին նաև մասնավոր օժանդակություն է ստացել:

Կարեն Փարեմուզյանը առանձնահատուկ նշում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը, որ առաջարկել է ոչ միայն նյութական, այլև մասնագիտական օժանդակություն: Ըստ քաղաքապետի, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն աղետի հենց հաջորդ օրն անձամբ եկել է Ալավերդի՝ տեղում ծանոթանալու փոթորկի պատճառած վնասներին և քաղաքային իշխանությունների հետ անձամբ քննարկել օժանդակության ձևերն ու ծավալները:

Այսօրվա դրությամբ Ընկերությունը քաղաքային իշխանություններին տրամադրել է մոտ 680 քառ. մետր (340 հատ) ասբեստե և 500 քառ. մետր թիթեղյա շիֆեր:
Բացի դրանից, ընկերության Սանահին կայարանի և երկաթուղային դեպոյի աշխատակիցները ավելի քան մեկ շաբաթ կամավոր օգնել են աղետի հետևանքների վերացման աշխատանքներին:

Նրանց ուժերով կտրվել ու տեղափոխվել է 23 շրջված ծառ, ևս 9 ծառ, որոնք վտանգ են ներկայացնում քաղաքի ենթակառուցվածքներին և բնակչությանը, կհեռացվեն օրերս:
Երկաթուղայինների օժանդակությունից առանձնապես շոյված են քաղաքացիները, որոնք ամեն տեղից օգնության ակնկալիք ունեին, բացի երկաթուղուց: Սակայն օրհասական պահերին օգնությունը գալիս է անակնկալ:

«Երբ փոթորիկն անցավ, ամեն մեկը մտածում էր իր կրած վնասների հետևանքների վերացման մասին: Արդեն պատրաստվում էինք ցելոֆան ու շիֆերներ ճարել, որ արագ տանիքները ծածկենք, թե չէ անձրևները կարող էին բազմապատկել վնասը: Բայց հենց հաջորդ օրն իմացանք, որ երկաթուղին օգնություն է բերել: Այդ մի հոգսից ազատվեցինք»,- պատմում է Ալավերդու բնակիչ Գևորգ Իսլամիդիսը:

Քաղաքի թ. 3 մանկապարտեզի տնօրեն Անուշ Թամազյանը հիշում է, որ փոթորկի պահին մանկապարտեզում 26 երեխա կար, որոնց ծնողները ամեն րոպե անհանգստացած զանգահարում էին: Տնоրենի որոշմամբ երեխաները մնացին մանկապարտեզում այնքան ժամանակ, քանի դեռ արհավիրքը չէր դադարել, քանի որ ամենաապահով տեղն այդ պահին դա էր:

Ցավոք տուժել է նաև մանկապարտեզի շենքը, որի տանիքի համար նույնպես երկաթուղին է շինանյութ տրամադրել:

Մեզ հետ զրույցի ժամանակ Անուշ Թամազյանը մի տեսակ ամոթխածությամբ հույս հայտնեց, որ երկաթուղին չի բավարարվի միայն տանիքի մասնակի նորոգմամբ: Եթե այն ամբողջությամբ նորոգվի, ապա հնարավոր է մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնապատկել: Չէ՞ որ այդ մանկապարտեզից օգտվում են հիմնականում երկաթուղայինների ընտանիքները:

Քաղաքապետը հատուկ կարևորում է երկաթուղու աջակցությունը, քանի որ մինչ այժմ քաղաքային իշխանությունների և երկաթուղու համագործակցությունը ցանկալի մակարդակի վրա չի եղել, այն դեպքում, երբ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը Ալավերդում հսկայական տնտեսություն և ենթակառուցվածքներ ունի:
Մինչ այժմ միայն որոշակի մշակութային համատեղ ծրագրեր են իրականացվել, սակայն երկաթուղու նոր գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ արդեն պայմանավորվածություն կա ընկերության արտադրական հզորություններն օգտագործել նաև քաղաքի կարիքների համար:

Կարեն Փարեմուզյանի խոսքով նախատեսվում է երկաթուղայինների հետ միասին բարեկարգել բակային խաղահրապարակները, քաղաքի արտաքին ձևավորման, նստարանների պատրաստման և մանկական կարուսելների տեղադրման աշխատանքներ սկսել:

Քաղաքապետը հույս ունի, որ շուտով կվերականգնվի նաև տուրիստական գնացքը, որ տարիներ առաջ մայրաքաղաքից մեծ թվով զբոսաշրջիկներ էր բերում Ալավերդի:
Քաղաքի բնակիչներն ու ղեկավարությունը հիմա համոզված են, որ երկաթուղին ամենադժվար պահերին իրենց կողքին է, իսկ այդ դեպքում ոչ մի աղետ ու արհավիրք սարսափելի չէ:

Ոչ ոք ապահովագրված չէ տարերային աղետներից: Միաժամանակ, քչերն են ի զորու աղետի հետևանքները վերացնել միայն սեփական ուժերով: Ալավերդու օրինակը հույս է ներշնչում, որ տարատեսակ աղետների հետևանքների վերացման գործում իրենց օգնությունը, «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի օրինակով, կբերեն նաև այլ ընկերություններ՝ հայկական, թե օտարերկրյա:

Բարեգործությունը յուրահատուկ է միայն ուժեղներին:

Էդուարդ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Մեկնաբանություն
X