Արմեն Աշոտյանն ընդդեմ Կարեն Անդրեասյանի. «սերիալը» շարունակվում է Ֆեյսբուքում

Հասունանում է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ թվով երկրորդ, բայց նախկինին ինտրիգայնությամբ ոչնչով չզիջող երկրորդ սկանդալը: Այս անգամ Հանրապետականներից գործի է անցել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ամեն ինչ սկսվեց Օմբուդսմենի «անմեղ» այս հայտարարությունից: Ներկայացնում ենք ամբողջությամբ. «Ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում Կրթության եւ գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը, որտեղ սովորում է առողջական կամ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող 209 երեխա, որոնցից 80-ը գիշերում են այնտեղ: Օմբուդսմենը դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր նախարար Արմեն Աշոտյանին հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին, սակայն ակնհայտ է, որ այս մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել խնդիրների լուծման ուղղությամբ:

Դպրոցի տանիքը վթարված է, առաստաղների եւ պատերի վրա կան ճեղքեր, շատ պատուհաններ չունեն ապակիներ, վնասված է մանրահատակը: Տեսողական խնդիրներ ունեցող երեխանների համար նախատեսված հաստատության մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են լուսավորումից, քանի որ չկան էլեկտրական լամպեր: Բացի այդ, առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր, որոնք վտանգավոր են 6-16 տարեկան երեխաների կյանքի եւ առողջության համար: Մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին: Երեխաների մի մասը գիշերում է հաստատությունում, եւ նման պարագայում խնդրահարույց է, որ դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ: Դպրոցում պատշաճ պահպանված չէ նաեւ սննդի տրամադրման կարգը: Օմբուդսմենի ներկայացուցիչներն արձանագրել են, որ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս պատշաճ չի իրականացվում դեղորայքի տրամադրման գործընթացը: Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին չեն ապահովում հատուկ դասագրքերով:

Ի դեպ, այս տարվա նոյեմբերին դպրոցի տնօրինությունն ապօրինի խոչընդոտել է Օմբուդսմենի ներկայացուցիչների մշտադիտարկմանը՝ենթադրաբար նպատակ ունենալով կոծկել դպրոցում առկա բազմաթիվ անթույլատրելի խնդիրները: Միջադեպի մասին նախարար Աշոտյանի հետ պաշտոնական գրագրությունից հետո միայն Օմբուդսմենի ներկայացուցիչները կարողացել են մուտք գործել անմխիթար պայմաններով եւ չափազանց վատ կառավարվող այս հատուկ դպրոցը:

Հայտնենք նաեւ, որ դեռեւս 2014 թվականին Կրթության եւ գիտության նախարարն Օմբուդսմենին տեղեկացրել էր, որ բյուջեի պահուստային ֆոնդից գումար է հատկացվել շենքի հիմնանորոգման համար՝ նախահաշվարկներ կազմելու նպատակով: Սակայն կարող ենք միանշանակ փաստել, որ հաստատությունում առկա վիճակը շարունակում է մտահոգիչ եւ չլուծված մնալ: Միակ առաջընթացը, որ գրանցվել է մեկ տարվա ընթացքում այն է, որ այս տարի չի հայտնաբերվել ժամկետանց դեղորայք, ինչպես նաեւ մասամբ բարելավվել են դպրոցի խոհանոցային պայմանները»:

Դե նախարար Արմեն Աշոտյանն էլ ինչպես կարող էր չպատասխանել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարարը Կարեն Անդերասյանի «դեմքին էր շպրտել» հետևյալ խոսքերը. «Ժամանակին, երբ Օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն եմ ցուցաբերել նրան, երբ ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ «փիառը» սկսում է հաղթել բովանդակությունը: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել իր խարխլված հեղինակությունը: Հատկապես, եթե մասնագիտական առումով դիտարկեր և հասկանար, որ պետական գերատեսչությունների միջև պարտավորություններ կան կատարելու, ապա ահազանգը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն: Նշեմ, որ այսօր հանրապետությունում վերանորոգման կարիք ունի շուրջ 400 դպրոց, ուստի Օմբուդսմենի աշխատակազմի համար ամեն օր այն կարող է դառնալ մամուլի հաղորդագրության կամ սերիալի թեմա»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Այս թեմայով քննարկումներն այժմ էլ տեղափոխվել են Ֆեյսբուք սոցիալական ցանց, Արմեն Աշոտյանն իր հերթին իր պատին է նյութեր հրապարակում, Օմբուդսմենի ֆեյսբուքյան էջն էլ իր հերթին: Քաղաքացիներից մեկի կարծիքով են կիսվել «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՑԻՆԻԿ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ» վերտառությամբ:

Մեկնաբանություն
X