Թերթեր կարդացեք

Մարդկանց միշտ հետաքրքիր է՝ կարդո՞ւմ է արդյոք ՀՀ նախագահը թերթեր, նայո՞ւմ է հեռուստացույց, հետեւո՞ւմ է մամուլին։ Մեզ դիմող մարդիկ, որոնք խնդրում են ներկայացնել իրենց խնդիրները, հաճախ են հարցնում՝ իսկ Սերժ Սարգսյանը կարդո՞ւմ է ձեր հոդվածները։ Երեկ ՀՀ նախագահի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մասամբ այս հարցի պատասխանը տվեց։ Շատերն ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ Սերժ Սարգսյանն ուշիուշով հետեւում է մամուլին եւ, ինչպես ինքն է ասում, «Յուքոմ»-ի շնորհիվ, վերջին ամիսներին քաղաքական հաղորդումներ շատ է նայում։ Նա ցիտում էր տարբեր հեռուստաընկերություններում հեռարձակված հաղորդումներից, թոք-շոուներից հատվածներ, հեռուստամեկնաբանների եւ նրանց հյուրերի խոսքերն էր մեջբերում։ Անշուշտ զարմանալի է, որ երկրի նախագահը, որի ուսերին այսքան բեռ կա դրված, հասցնում է հեռուստացույց նայել։ Մանավանդ՝ իր իսկ խոսքերից դատելով, այնքան մեծ է այդ բեռն ու բազմաբնույթ, որ գործող Սահմանադրությունը փոխելու փաստարկներից մեկն էլ հենց դա է՝ մեկ մարդը չի կարող եւ անվտանգության խնդիրներից գլուխ հանել, եւ տնտեսությունից, եւ արտաքին քաղաքական հարցերով զբաղվել, եւ պետական կառավարում իրականացնել։ Սակայն ամեն դեպքում լավ է, որ ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողը հետեւում է մամուլին։

Որովհետեւ որքան էլ ինձ համոզեն, որ ամեն օր թղթապանակները թեւի տակ նախագահական շտապող պաշտոնյաները նրան իրերի իրական վիճակն են ներկայացնում, ես դրան չեմ կարող հավատալ։ Փափուկ բարձ դնել, իրավիճակը գունավոր ակնոցով ներկայացնել բոլորն են սիրում, հատկապես չինովնիկները եւ մանավանդ՝ բարձրաստիճան չինովնիկները։ Իսկ ռեալ իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար մամուլը կարող է շատ մեծ դեր կատարել։ Հատկապես՝ ազատ մամուլը։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X