«Հանրաքվեն ուղղորդված էր քաղաքական շահագրգռություններով»

Դե ինչ, Հայաստանի ժողովրդին կարելի է շնորհավորել, բոլոր այն մարդկանց, ովքեր, անկախ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների դրական կամ բացասական լինելուց, անկախ անգամ այդ փոփոխությունների նախագիծը տեսած լինել-չլինելուց, ցանկանում էին հանրաքվեի տապալում, որպեսզի արդյունքում տապալված տեսնեն Սերժ Սարգսյանի եւ նրա իշխանության վարկը, մանավանդ արտաքին աշխարհի առջեւ: Երեկ երեկոյան պարզվեց, որ, չնայած հանրաքվեի ժամանակ քվեարկված կամ նկարված 825 հազար ձայնին, իշխանությունը կատարյալ ֆիասկո է ապրել:

Երեկ ԵԽԽՎ 11 հոգուց բաղկացած բազմակուսակցական պատվիրակությունը, որը Հայաստանի հանրաքվեն դիտարկող ամենամեծ դիտորդական առաքելությունն է Եվրոպայից (երկրորդը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն էր՝ 5 դիտորդով) տարածեց դեկտեմբերի 6-ի հանրաքվեի իր դիտարկման արդյունքները եւ գնահատականը: Պատվիրակությունը Հայաստանում է գտնվել դեկտեմբերի 4-7-ը, հանդիպել է պատգամավորների, կուսակցությունների, քաղհասարակության ու լրատվադաշտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ:

Եռօրյա աշխատանքի արդյունքում ԵԽԽՎ պատվիրակների կազմած գնահատականը, որը, ամենայն հավանականությամբ, ի գիտություն կընդունվի եւ կտիրաժավորվի մյուս եվրոպական կառույցներում, իր ճշգրտությամբ, խորությամբ, հանրաքվեի գործընթացին եւ անձնապես Սերժ Սարգսյանին ուղղված շառաչուն հարվածներով աննախադեպ մի փաստաթուղթ է: Հայաստանի բոլոր ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները, իրար գումարած, չեն կարողացել տալ այնքան կտրուկ, կոշտ ու դատապարտող գնահատական հանրաքվեին, որքան ԵԽԽՎ պատվիրակները:

Ինչ են ասել ԵԽԽՎ դիտորդները հանրաքվեի առնչությամբ: Նախ արձանագրել են, որ բառացիորեն. «Մասամբ աննկատ քարոզարշավից (after a somewhat low-key campaign բառակապակցությունն է օգտագործված, որը հավասարապես կարելի է թարգմանել «փոքր-ինչ խղճուկ, ընկճված քարոզարշավից») հետո, որին հասարակությունը փոքր մասնակցություն ցուցաբերեց, հետեւեց խաղաղ հանրաքվեի օր, երբ, համաձայն նախնական արդյունքների, քվեարկությանը մասնակցածների 64%-ը կողմ արտահայտվեց փոփոխություններին, այդպիսով ապահովելով ցուցակներում ընդգրկված ընտրողների 25%-ի քվորումը, որն անհրաժեշտ էր փոփոխություններ կատարելու համար»:

Ապա գնահատել են․ «Հասարակության հարաբերականորեն ցածր, մոտ 50% մասնակցությունն արտացոլեց այն իրողությունը, որ հանրաքվեն ուղղորդված էր քաղաքական շահագրգռություններով՝ հայ հանրության կարիքներին արձագանքելու փոխարեն (the referendum was driven by political interests instead of the needs of the Armenian public) եւ բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվեց ավելի շուտ որպես իշխանության հանդեպ վստահության, քան առաջարկվող բազմաթիվ փոփոխությունների քվեարկություն: Երկուեւկես տարի տեւած գործընթացը բավականաչափ ներգրավող չէր, խորհրդարանը միայն մի քանի շաբաթ ժամանակ էր ունեցել տեքստը քննարկելու համար, եւ հանրային բանավեճերը սահմանափակվել էին երկու ամսով՝ խնդրահարույց դարձնելով հասարակական փոխհամաձայնության հասնելը: Այսպիսով առանցքային սահմանադրական փոփոխությունը՝ նախագահականից խորհրդարանական համակարգի անցումը, չափազանց շատ քաղաքացիների կողմից ընկալվեց որպես գործող նախագահի համար՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո (որն այլապես վերջինը կլիներ) իշխանության մնալու միջոց» (Thus, the core of the constitutional change - the shift from a presidential to a parliamentary system - was understood by too many citizens as being a means for the current president to remain in power after the end of his second (and what would have been final) term)։

Դե ինչ, հնարավո՞ր էր ավելի էֆեկտիվ ոչնչացնել հանրաքվեն, քան Սերժ Սարգսյանին ներկայացնելով իբրեւ հանրային գիտակցության մեջ հաստատված իշխանության ուզուրպատոր: Բայց դա էլ դեռ վերջը չէ: ԵԽԽՎ պատվիրակությունը շարունակել է. «Քվեարկության գործընթացի կապակցությամբ պատվիրակությունը ցավում է, որ իշխանություններն ավելի մտահոգ չէին նոր Սահմանադրության տանող գործընթացի ամբողջականության խնդրով, եւ մենք հարկադրված ենք մատնանշել մի շարք խնդիրներ, որոնցից շատերին ԵԽԽՎ-ն, Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն անդրադարձել են անցյալում»:

Այնուհետեւ թվարկված է հանրաքվեն ստվերած ու կասկածի տակ դնող ընտրախախտումների ցանկը, որոնցից մի քանիսը թարգմանաբար մեջբերում ենք.

«ա) ընտրական ցուցակների անճշտությունը, մշտապես դրսում բնակվող անձանց, անգամ մահացածների անունների առկայությունը դրանցում, ինչը պնդումների տեղիք է տալիս, որ նման ինքնությունները հետագայում օգտագործվում են անձանց կողմից, ովքեր իրականացնում են բազմակի քվեարկություն

բ) ամբաստանությունները՝ լայնամասշտաբ, կազմակերպված ձայների գնման, կարուսելով քվեարկության եւ ընտրողների հանդեպ ճնշումների վերաբերյալ

գ) գործադիր մարմինների կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը

դ) ընտրական հանձնաժողովների անդամների նկատմամբ ճնշումների եւ նրանց կաշառելու փորձերի վերաբերյալ ամբաստանությունները»:

Իբրեւ վերջաբան էլ ասված է. «Պատվիրակությունը հորդորում է իշխանություններին լուծում տալ այս խնդիրներին, որպեսզի վստահություն ստեղծվի քվեարկության գործընթացի եւ քաղաքականության հանդեպ ընդհանրապես՝ երաշխավորելու Հայաստանի համար իրապես ժողովրդավարական ապագա»:

Ասված է ամեն ինչ՝ Սերժ Սարգսյանի համար չթողնելով որեւէ հույս, թե անցկացված հանրաքվեն եւ Սահմանադրությունն իրեն որեւէ դիվիդենտ կբերեն, ընդհակառակը՝ դրանք չեզոքացրին Սերժ Սարգսյանի՝ Արեւմուտքի համար ընդունելի լինելու շանսերը: Իսկ բուն Սահմանադրության մասով, իհարկե, այս նորն ավելի վատը չէ, նույնիսկ ավելի հաջող է, քան հինը, բայց դա երկրորդական հարց է:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X