Հանգստացեք, պարոնայք

Երեկ ոստիկանությունը, նրան մերձ տարբեր պնակալեզներ, ընտրական հանձնաժողովների անդամներ ու որոշ պատգամավորներ շատ ծանր էին տարել մեր թերթում տպագրված լուրը Գյումրիից ստացված ահազանգի հետ կապված։ Խոսքն այն մասին էր, որ Գյումրիից մեր ընթերցողն էր զանգել եւ ասում էր, որ ողջ Գյումրին զայրացած է. լուրեր են շրջում, թե հունվարին սպանված Ավետիսյանների ընտանիքի տվյալները հանված չեն ընտրացուցակներից, եւ քվեարկության գնացած անձը դրանց դիմաց ստորագրություններ է հայտնաբերել։ Զանգը մեր խմբագրությունում հնչել էր ուշ ժամի, եւ քանի որ այս օրերին ամենաֆանտաստիկ խարդախությունների ու ընտրակեղծիքների ականատեսն ենք, ընդառաջելով ահազանգողի խնդրանքին, այն զետեղեցինք թերթում՝ հատուկ ընդգծելով, որ լուրը ճշտելու հնարավորություն չենք ունեցել։ Ինչպեսեւ սպասվում էր՝ ոստիկանության որոշ աշխատակիցներ այս լուրն ընկալեցին որպես անձնական վիրավորանք եւ սկսեցին Ֆեյսբուքում արդեն ավանդույթ դարձած ոճով հերքումներ տարածել, որակումներ տալ, մեղադրանքներ բարձրաձայնել ու սպառնալ «Հրապարակին»։

Այս տարիներին նման սպառնալիքներ ու պիտակներ այնքան ենք լսել, որ մեզ համար արտառոց բան չկար դրանց մեջ։ Մեզ հասկանալի է նաեւ մամուլից հեռու, մամուլի աշխատանքը սեփական գլխուղեղում տեղավորելու անընդունակ մարդկանց աղմուկը, որոնք իշխանությանը, սեփական շեֆերին ուղղված ցանկացած հրապարակումից հետո մի քանի գիշեր չեն քնում՝ վրեժ լուծելու ծրագրեր մշակելով։ Բայց մեր ընթերցողին ուզում ենք ներկայացնել այն սկզբունքները, որով առաջնորդվում է «Հրապարակը», եւ պետք է առաջնորդվեն լրագրողի կոչումը կրող բոլոր անձինք։

Մամուլն իրավապահ համակարգ չէ, որ հրապարակումներ անելիս անպայման իր ձեռքին ունենա տեսագրություններ, ձայնագրություններ, իրեղեն ապացույցներ։ Մամուլի խնդիրը հասարակության մեջ արծարծվող ցանկացած հարց, ցանկացած երեւույթ ներկայացնելն է, դրա մասին բարձրաձայնելը, դա քննարկման առարկա դարձնելը։ Եվրոպական դատարանի նախադեպերով ամրագրված է, որ խոսքի ազատության բաղկացուցիչներից են անգամ հասարակության մեջ տարածված բամբասանքները հրապարակելը եւ հասարակության մեջ առկա կասկածների մասին խոսելը։ Ասենք, եթե հայտնի է, որ դատավորներն ու ոստիկանները կաշառք են վերցնում, պարտադիր չէ կոնկրետ դեպք «բռնես», որ դրա մասին գրես։ Կոնկրետ դեպքերի բացահայտումը քննչական մարմինների գործն է։ Կամ՝ եթե մարդը դիմում է խմբագրություն եւ պատմում, որ իր աչքի առաջ, նախքան քվեարկությունը, առաջ փող են բաժանել, նշում է, թե որքան, որ գյուղում, քանի հոգի են վերցրել եւ այլն, չի կարելի մարդուց տեսագրություն պահանջել այն հրապարակելու համար։ Առավել եւս՝ չի կարելի պահանջել, որ մարդը ներկայանա, դառնալով պետական հրեշավոր մեքենայի թիրախը։ Հիմա՝ Գյումրիի պատմությունը։

Երբ վրդովված քաղաքացին զանգում է խմբագրություն՝ այն դիտելով վերջին ատյան, որտեղ կարող է պատմել իր տեսածն ու լսածը, եւ որպես վերջին հույս, որտեղ ոչ միայն կլսեն, այլեւ կհրապարակեն այն, ու ճշմարտությունը ջրի երես կելնի, լրագրողն իրավունք չունի մերժել նրան՝ ինչ է թե ոստիկանության ինչ-որ չինովնիկներ կազդվեն այդ պատմությունից։ Անգամ եթե նա սխալվել է, մոլորության մեջ է, պետք է լուրերը հրապարակայնացնել՝ դրանց հաստատման կամ հերքման համար։ Պատկան մարմինները հենց դրա համար են՝ որ փարատեն անհիմն կասկածները եւ գործ հարուցեն, եթե այդ կասկածները հիմնավոր են։ Երեկ տարբեր մարմիններից պնդում էին, որ Ավետիսյանների մասին լուրերն անհիմն են։ Հուսանք, որ այդպես է, եւ ուրախանանք, որ մեր հրապարակումն օգնեց այդ ամենի վրա լույս սփռելուն։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X