Լրագրողը վկա չէ

Երեկ խմբագրություն էին զանգել Աչաջուր գյուղի բնակիչները, որոնք մի ճարպիկ խարդախի զոհ էին դարձել եւ փոխանակ դիմեին ոստիկանություն, զանգահարել էին «Հրապարակ»։ «Մենք ձեզ ավելի շատ ենք վստահում, քան ոստիկաններին, դրանք կգան մեզ կլսեն, հետո կգնան էդ խարդախից փող կառնեն՝ գործը կփակեն։ Դուք գրեք, գոնե մարդիկ իմանան, որ զգուշանան»,- ասում էին զանգողները։ Այնպես է ստացվել, որ մեզանում ոստիկանությունը, քննչական մարմիններն ամբողջ օրը զբաղված են քաղաքական գործերով, ակտիվիստներին, լրագրողներին, քաղաքական գործիչներին տարբեր գործերի շրջանակներում հարցաքննելով-վախեցնելով, իսկ շարքային քաղաքացին մեզանում անպաշտպան է, եւ իրավապահները հասարակական կարգը պահպանելով չեն զբաղված։ Մեր ընթերցողներից մեկը, օրինակ, օրերս պատմում էր, թե ինչպես են իր մեքենայից օրը ցերեկով գողություն արել, եւ ինչպես է ոստիկանությունը բաց թողել գողին բռնելու հնարավորությունը՝ մոտակա տեսախցիկի տեսաժապավենը ժամանակին չառգրավելով։ Փոխարենը, ոստիկան-քննիչները ողջ օրն զբաղված են, մամուլի հրապարակումների հետ կապված, լրագրողներին տանել-բերելով, հաստափոր ու հեռանկար չունեցող գործեր կազմելով։ Նախօրեին, օրինակ, մեր լրագրողին հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն, ավելի ուշ խմբագրություն էր զանգահարել Արարատի քննչականի աշխատակիցը. մեր հրապարակումների հետ կապված մանրամասներ էին խնդրում։ Մի լուրը, օրինակ, վերաբերում էր Արարատի մարզի մի շարք համայնքներին, որտեղ մարդկանց հորդորել էին մասնակցել հանրաքվեին։ Մյուս հրապարակումը Չարենցավան քաղաքի մասին էր։ Նման հարցումներին-զանգերին մենք սովորաբար պատասխանում ենք, որ մենք մեր ունեցած ինֆորմացիան չենք թաքցնում ընթերցողից, եւ այն ամենը, ինչ գիտենք, սովորաբար հրապարակում ենք։ Մնացածն իրավապահի գործն է։

Մարդկանց անուններ տալը, տեսանյութեր, ձայնագրություններ անել-պահել-տրամադրելը քննչական մարմիններին, օգնել, որ նրանք հեշտությամբ նախաքննություն իրականացնեն, մարդկանց դատեն-պատժեն-նստեցնեն, մեր գործառույթների մեջ չեն մտնում։ Մեր նպատակը հարցերը բարձրաձայնելն է, պատկան մարմինների ուշադրությունն այս կամ այն խնդրի վրա հրավիրելը։ Բայց մեր իրավապահները համառ են՝ նրանք ամեն առիթով դիմում են խմբագրություն։ Մի կողմից՝ իրենց գործը հեշտացնելու, մյուս կողմից՝ մեր գործը բարդացնելու համար, որ այսուհետ զգույշ լինենք եւ գլխացավանք առաջացնող նման հրապարակումներից ձեռնպահ մնանք։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X