Չեմ կարծում, թե հանրաքվեն ավելի պառակտեց հասարակությանը, գուցե չկարողացավ պառակտումները հաղթահարել

Հարցազրույց Սահմանադրական հանրաքվեն դիտարկած ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Անդրեաս ԳՐՈՍԻ հետ

- Պրն. Գրոս, ուրախ եմ, որ հինգ տարի հետո նորից առիթ ունեմ Ձեզնից հարցազրույց վերցնելու: Շնորհակալություն Ձեր պատրաստակամության եւ ԵԽԽՎ պատվիրակության կողմից դեկտեմբերի 6-ի հանրաքվեին տրված ճշմարիտ եւ խորը գնահատականների համար: Խնդրում եմ փոքր-ինչ մանրամասնել՝ ովքե՞ր էին ընդգրկված ԵԽԽՎ բազմակուսակցական պատվիրակության կազմում: Արդյոք պատրաստվո՞ւմ եք Ձեր դիտարկումները եւ եզրակացությունները ներկայացնել ԵԽԽՎ-ին, եւ, եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգով եւ ֆորմատով:

  • Դժբախտաբար, մեր պատվիրակությունը փոքր էր: Չափազանց շատ խորհրդարանականներ չկարողացան մեզ միանալ, քանի որ ազգային խորհրդարաններում բյուջեի հաստատման լսումներին էին մասնակցում եւ չկարողացան գալ Երեւան:

Հանրաքվեից հետո մենք ամփոփեցինք մեր տպավորությունները եւ դիտարկումները կարճ մամլո հաղորդագրության մեջ, որն էլ հիմք ծառայեց դեկտեմբերի 9-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում առաջին քննարկման համար: Մասնակցում էին մեր պատվիրակությունից երկու անդամներ, նաեւ Հայաստանից մեր գործընկեր Արմեն Ռուստամյանը: Հաջորդիվ մենք կազմելու ենք հուշագիր, որն ավելի շատ դիտարկումներ կընդգրկի, ինչպես նաեւ երեւանյան պատասխանատու անձանց կողմից մեզ ուղարկված որոշ մեկնաբանություններ: Այս հուշագիրը մաս կկազմի խորհրդաժողովին ներկայացվող առաջընթացի զեկույցին, որը քննարկվելու է Բյուրոյում, այնուհետ՝ ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի լիագումար նիստում: Այն կգումարվի 2016-ի հունվարի վերջին շաբաթում: Քննարկումը կկայանա այդ շաբաթվա երկուշաբթի օրը:

- Ձեր պատվիրակության գնահատականը՝ «Հանրաքվեն ուղղորդված էր քաղաքական շահագրգռություններով՝ հայ հանրության կարիքներին արձագանքելու փոխարեն», ուշագրավ էր: Ինչպե՞ս էր հաջողվել իրականության այդքան խորը եւ ճշգրիտ ընկալման հասնել մի քանի օրում:

  • Մենք քննարկումներ էինք ունեցել շուրջ 25 հոգու հետ՝ ՀԿ-ներից, լրատվադաշտից, վարչակազմից, իշխող եւ ընդդիմադիր կուսակցություններից, ինչպես նաեւ հանդիպել ենք դիվանագետների եւ շահագրգիռ քաղաքացիների: Իհարկե, նաեւ ընթերցել ենք Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի զեկույցները, նաեւ վերջին շաբաթներում եւ ամիսներին միջազգային մամուլում տեղ գտած հոդվածները, որտեղ վերլուծվում էր, փորձ էր արվում հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Եվ եթե ընդունակ ես լսել ու կարդալ նաեւ տողատակերում, գիտես երկրի պատմությունը, տարածաշրջանի քաղաքական դրվածքները, սկսում ես ինչ-որ բան հասկանալ: Բայց դա միշտ էլ դժվար խնդիր է, եւ ես երբեք չեմ կարծում, թե բավարար իմացություն ունեմ, միշտ էլ պատրաստ եմ ավելին տեղեկանալու:

Նաեւ կիրակի օրվա հանրաքվեի ընթացքում շփվեցի քաղաքացիների հետ, որոնց հանդիպում էի, եւ փորձեցի հասկանալ, թե իրենք ինչպես են տեսնում հանրաքվեն եւ դրա ավելի լայն կոնտեքստը:

- Մեկ այլ մեջբերում. «Առանցքային սահմանադրական փոփոխությունը՝ նախագահականից խորհրդարանական համակարգի անցումը, չափազանց շատ քաղաքացիների կողմից ընկալվեց որպես գործող նախագահի համար պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո իշխանության մնալու միջոց»: Հենց միայն այս ֆրազը քողազերծում է մանեւրումները, հաշվարկները, լատենտ մտադրությունները, որ նախագահ Սարգսյանը կարող էր ունենալ: Կարո՞ղ եմ խնդրել այն մեկնաբանեք:

  • Դա հիպոթեզ է, որին ինքս հանգել եմ բոլոր այն խոսակցությունների, շփումների հանրագումարում, որոնց մասին վերը հիշատակեցի: Դա ուղղակիորեն հասցեագրված չէ նախագահ Սարգսյանին, որի մտադրություններին ինքս ծանոթ չեմ, իմ՝ Երեւանում գտնվելու ընթացքում նա ինձ չի հրավիրել, ես նրան չեմ հանդիպել: Այդուհանդերձ, ես նկատել եմ, որ շատ մարդիկ են շփոթության մեջ նրա մտադրությունների առնչությամբ:

Չնայած նրա մտերիմ գործընկերներից մեկը, որը նաեւ իմ ընկերն է ու նախկին կոլեգան (յոթ տարի առաջ մենք երկուսս Սերբիայի ընտրությունների դիտորդ-զեկուցողներ ենք եղել) պնդում է, որ այսօրվա նախագահը մտադրություն չունի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտից հետո մնալ իշխանությունում: Սակայն, միեւնույն է, հասարակության շրջանում չորսկողմը խորը կասկածամտություն եւ ասեկոսեներ են առկա, եւ պատասխանատու անձանց պարտականությունն է վստահեցնել սեփական քաղաքացիներին, թե իրենք իրականում ինչ մտադրություններ ունեն եւ իրականում ինչի են ձգտում հասնել:

- Դուք նաեւ թվարկել էիք Ընտրական օրենսգրքի չվերջացող ոտնահարումներից մի քանիսը: Ձեր տպավորությամբ, ո՞ր գործոնն է ավելի մեծ դեր կատարում այդքան ընտրախախտումներ գեներացնելու գործում ՝ Ընտրական օրենսգրքի «հնարքներն» ու անկատարություննե՞րը, թե՞ Հայաստանի իշխանությունների հանցավոր էությունը, որ սովոր են ամեն միջոցով հասնելու ցանկալի արդյունքին։

  • Կարծում եմ՝ ճիշտ չի լինի խոսել իշխանությունների «հանցավոր էության» մասին: Իմ կոլեգաներից մեկն ինձ ասաց, որ մենք միանգամայն ճշգրիտ ենք թվարկել համակարգի թերությունները, որոնք ինքը նույնպես կցանկանար հաղթահարված տեսնել. կոլեգաս կարծում է, որ համակարգը փոխելով՝ հնարավոր է այդ խախտումներից շատերը հաղթահարել: Պետք է կրկնեմ, որ որոշ խախտումներ վերացնելու ուղղությամբ իրոք քայլեր արվել են. օրինակ, մահացած անձինք կարծես թե ցուցակներում են մնացել միայն այն դեպքում, եթե նրանք արտերկրում են մահացել, թվում է՝ բավականին հաջող վերացվել է նաեւ «կարուսել» կոչվող ընտրախախտումը: Եվ պաշտոնյաներն էլ, որոնք թույլ են տալիս իրենց կաշառք վերցնել, գիտեն, որ եթե բռնվեն, ավելի խիստ պատժի կարժանանան, քան անցյալում:

Այսինքն՝ ինչ-որ ջանքեր գործադրվում են, եւ ես կցանկանայի աջակցություն հայտնել դրանց արդյունավետությանը, որպեսզի հաղթահարվեն առկա ձախողումները: Միայն ճիշտ, օրինական գործընթացի արդյունքում կարող է ստացվել ցանկալի արդյունքի լեգիտիմություն եւ հասարակության վստահության վերականգնում, ինչի կարիքը քաղաքական գործիչները Հայաստանում, ինչպես եւ այլուր, մնացյալ աշխարհում շատ ունեն:

- Ձեր կարծիքով, որքանո՞վ են արդարացված երկյուղները, թե այս հանրաքվեն ավելի պառակտեց հայաստանյան հասարակությանը, ավելի խորացրեց վստահության ճգնաժամը երկրի նախագահի եւ իր կառավարության հանդեպ:

  • Անկեղծորեն, ես չեմ կարծում, թե այս հանրաքվեն ավելի պառակտեց հայաստանյան հասարակությանը, գուցե այն չկարողացավ առկա պառակտումները հաղթահարել, ինչպես կարելի էր հույս ունենալ, բայց չեմ կարծում, թե դրանք ավելի խորացրեց: Մենք ամրագրել էինք հայտարարությունում, որ ցանկալի կլիներ իշխանություններն ավելի շատ ժամանակ եւ ջանքեր տրամադրեին քաղաքացիների հետ քննարկումներին, որպեսզի մարդիկ գիտակցեին, որ իրենց է պատկանում այդ սահմանադրությունը, ինչպես պատշաճ է, որ լինի որեւէ սահմանադրական բարեփոխման գործընթացում: Այդ ճանապարհով իշխանությունները կկարողանային նպաստել նաեւ հասարակության համախմբմանը եւ անցյալից եկող բաժանումների, պառակտումների հաղթահարմանը: Թեեւ նման արդյունքի հասնելու համար պետք է նաեւ ի զորու լինես տնտեսական անկումը կանգնեցնել եւ բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները փարատել:

- Օգտվելով հանգամանքից, որ մեկ ամիս առաջ Դուք ղեկավարել եք Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին հետեւած ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, խնդրում եմ համեմատեք ընտրական գործընթացները երկու երկրներում։ Որտե՞ղ է գործընթացը թվում ավելի ժողովրդավարական՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Թուրքիայում եւ ինչու։

  • Դա շատ դժվար խնդիր է, հազիվ թե այս երկու երկրները հնարավոր է համեմատել: Չափերը, մշակույթները, պատմությունը, խնդիրները, նաեւ վերջին 15 տարվա զարգացումները ծայրահեղ տարբեր են: Թուրքիայում կան ուժեղ, երբեմն գրեթե ֆանատիկ կուսակցություններ եւ շատ ակտիվ քաղաքացիական հասարակություն, արդեն 13 տարի իշխանության ղեկին է նոր կուսակցություն, որը շատ արդյունավետ աշխատեց եւ կարողացավ բարձրացնել բնակչության աղքատ եւ միջին խավերի 90 տոկոսի բարեկեցությունը, նաեւ ընդլայնեց ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Սակայն վերջին երեք տարում նորից հետընթաց է դիտվում, ամենաբարձր, ղեկավար շրջանակում տեսանելի են ավտորիտարիզմի հակումներ, վայրի լարվածություն է ծագել Թուրքիայի հիմնական մարտահրավերի, այսպես կոչված՝ քրդական հարցում, նաեւ նոր խտրականություն, ագրեսիա է գործադրվում լրատվադաշտում եւ ընդդիմությունում քննադատաբար մտածողների հանդեպ:

Հայաստանի հասարակությունը քաղաքական առումով շատ ավելի ապատիկ է, նվազ տաքարյուն, երկրի վրա դրոշմ են թողնում ահռելի արտագաղթը, տնտեսական դժվարությունները, թույլ քաղաքական կուսակցությունները:

Թուրքական ընտրությունները վտանգված էին բռնություններով, վախերով եւ լարվածությամբ: Հայաստանյան հանրաքվեում, չնայած բոլոր տնտեսական դժվարություններին, մթնոլորտը խաղաղ էր, նոր սահմանադրության նախագիծն էլ ուղղված էր համակարգի ավտորիտար բնույթը կրճատելուն: Մինչդեռ Թուրքիայում նախագահ Էրդողանը ցանկանում է ավելի ուժեղացնել իր՝ առանց այն էլ մեծ իշխանությունը, բայց ակտիվ հասարակության շատ հատվածների կողմից դիմակայության է հանդիպում: Այնուամենայնիվ, երկու երկրներն էլ հսկայական հնարավորություններ ունեն իրապես հզորացնելու եւ զարգացնելու իրենց ժողովրդավարությունները եւ չպետք է այդ հնարավորությունները բաց թողնեն:

- Ընտրական գործընթացներին առնչվող խնդիրները թե Թուրքիայում, թե Հայաստանում բազմաթիվ արմատներ ու պատճառներ ունեն: Սակայն կան նաեւ թերություններ, որ առաջին դեմքերի լատենտ հաշվարկների ու մտադրությունների արգասիք են: Ընտրական գործընթացներից դատելով՝ ո՞ր առաջնորդն է ավելի ավտորիտար եւ վտանգավոր ժողովրդավարության համար՝ Թուրքիայի գործո՞ղ նախագահը, թե՞ Հայաստանի:

  • Ես Էրդողանին շատ ավելի լավ եմ ճանաչում, շատ ավելի երկար եւ իր մասին շատ ավելին գիտեմ, քան Սարգսյանի, դրա համար էլ անարդար կլինեմ, եթե փորձեմ այսօր այդ հարցին պատասխանել: Ես պատրաստ եմ դա անել ապագայում, երբ ավելի շատ այցելություններ կատարած լինեմ Հայաստան, ինչը միանգամայն հնարավոր է 2016-ին:

Հարցազրույցի անգլերեն բնօրինակը՝ այստեղ

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X