You Are the Next, Դու հաջորդն ես

Երեկ ԱՄՆ նախագահը Պենտագոնում հանդիպում էր իր ազգային անվտանգության համարյա ամբողջ թիմի հետ՝ ISIS-ի շուրջ ռազմավարության հարցով: Հանդիպումից հետո Օբաման հենց Պենտագոնի մամլո-ասուլիսի սրահում հանդես եկավ լրատվամիջոցների համար չափազանց կարճ հայտարարությամբ, որը սակայն հանգամանալից ելույթներից ավելի հիշվող էր; Մանավանդ մի նախադասության պատճառով, “You are the next”, (թարգմանաբար՝ դու հաջորդն ես): Սա ISIS-ի ողջ մնացած մի քանի ղեկավարներին, գուցե անձամբ Աբու Բաքր ալ Բաղդադիին հասցեագրված այն ուղերձն էր, որով ԱՄՆ նախագահն ավարտեց ISIS-ի ընթացիկ տարում ոչնչացված պարագլուխների անունների թվարկումը: Թվարկումից այն տպավորությունն էր, որ գործնականում ISIS-ի հիերարխիայում ալ-Բաղդադիից ներքեւ կանգնած համարյա բոլոր տեղակալները ոչնչացվել են՝ ISIS-ի գանձապահից միչեւ ռազմական գլխավոր հրամանատար:

Էլ ավելի ուշագրավ էր Օբամայի պնդումը, որ ISIS-ը ոչ միայն կորցրել է իր վերահսկած տարածքների 40 տոկոսը Իրաքում, համարյա այդքան էլ Սիրիայում, այլեւ ամբողջ տարվա ընթացքում բարիկադավորված մնացել է Ռաքքայում, Մոսուլում եւ մնացյալ խոշոր քաղաքներում՝ չկարողանալով ծավալել ոչ մի հարձակողական գործողություն: ISIS-ում հրաշալի գիտակցում են, որ եթե իրենց զինյալները քաղաքացիական բնակչության մեջ տարրալուծված վիճակից դուրս գան եւ կուտակվեն մի վայրում՝ ռազմական գործողությունների անցնելու համար, անմիջապես կվերածվեն տեսանելի թիրախի եւ կոչնչացվեն, պարզաբանեց Օբաման: Օբաման թվարկեց մի շարք ազատագրումներ, որոնցից Քոբանիի եւ Սինջարի ազատագրումը առանցքային էր ISIS-ի դեմ միջազգային կոալիցիայի պայքարում:

Նախագահ Օբաման շնորհակալությամբ հիշատակեց Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ավստրալիային, Իտալիային եւ այլոց, որոնք վերջին ժամանակներում ընդլայնեցին իրենց մասնակցությունը միջազգային կոալիցիայի ռազմարշավին եւ հայտնեց, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը ուղեւորվում է Մերձավոր Արեւելք՝ ռեգիոնալ գործընկերների պայքարն էլ ակտիվացնելու համար: Միաժամանակ պետքարտուղար Քերրին մեկնում է Մոսկվա՝ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման (ասել է թե Ասադի՝ իշխանությունից հեռացնելու) հարցերը քննարկելու համար: Օբաման նաեւ կարեւորեց ԱՄՆ հատուկ ջոկատային ստորաբաժանումների տեղակայումը Սիրիայում եւ Իրաքում, որոնք քրդական, արաբական եւ մյուս ուժերի հետ պետք է հետապնդեն եւ ոչնչացնեն ISIS-ի պարագլուխներին:

Իսկ այն հարցում, թե ISIS-ի դեմ պայքարը երբ ավարտին կհասնի, ԱՄՆ նախագահը որեւէ կանխատեսում չարեց՝ բավարարվելով դիտարկմամբ, որ ամենքը՝ ISIS-ի վայրագություններին ենթակա քաղաքացիական բնակչությունից մինեւ Փարիզի ու Սան-Բերնարդինոյի ահաբեկչությունների ականատեսներ ցանկանում են, որ դա շուտ պատահի: Այդուհանդերձ ցանկությունները մի հարց են, հնարավորություններն այլ հարց: Եվ բնական է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Մեծ Բրիտանիան, ոչ Մերձավոր Արեւելքում լայն ներգրավվածություն եւ ներկայություն ունեցող որեւէ այլ տերություն հնարավոր չի համարում ISIS-ի արագ ոչնչացումը: Ինչո՞ւ: Շատ պարզ: ISIS-ը ոչ ահաբեկչական խնդիր է, ոչ էլ ռազմական, ավելի ճիշտ ահաբեկչական եւ ռազմական տեսակետից ISIS-ի չեզոքացումը, ըստ հատուկ ծառայություների եւ զինվորականների, բարդ խնդիր չէ: Բարդը խնդրի աշխարհա-քաղաքական հարթությունն է: Ենթադրենք ISIS-ն էլ ոչնչացվեց, Ասադի ռեժիմն էլ, հետո՞…

Ովքեր են իշխանություն հաստատում Սիրիայում՝ սուննինե՞րը, թե՞ շիաները: Սա է հարցերի հարցը, գրեթե անլուծելի հարցը:

Եթե թողնես շիաների, այսինքն՝ Իրանի հեղափոխության պահապանների գնդի, հատկապես դրա Quds Force-ի (գեներալ Քասիմ Սուլեյմանիի) իշխանությունը հաստատվի Սիրիայում, ինչպես այն հաստատվել է Իրաքում, ողջ Մերձավոր Արեւելքը եռացող կաթսա կդառնա, ինչպես Իրաքը կամ Եմենը, որտեղ սուննի մեծամասնությունը ըմբոստանում է շիա ղեկավարության դեմ: Այլեւս չասած, որ Արեւմուտքը իրավամբ Իրանին համարում է ահաբեկչության հիմնական արտահանող եւ հովանավոր աշխարհում, հետեւաբար Իրանի այաթոլաների ու Quds Force-ի ազդեցության տարածումն անհանդուրժելի է: Եթե թողնես սուննիները իշխանություն հաստատեն Սիրիայում՝ Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ եւ Թուրքիայի ու Քաթարի աջակցությամբ, դա էլ կլինի շարժում “Առաջ դեպի միջնադար” կարգախոսով՝ տանելով դեպի կրոնական խավարամտություն, պետության դաժանություն, ազգային ու կրոնական փոքրամասնությունների, հատկապես քրիստոնյաների ու ալեւիների տեղահանություն:

Երբ Սիրիայի ապագայի շուրջ որոշում գտնվի, ISIS-ի ոչնչացումը տեխնիկական խնդրի կվերածվի: Այնպես որ բոլոր հայացքները նորից վերադառնում են բանակցային գործընթացին, որի հաջորդ փուլը կմեկնարկի Եվրոպայում, դեկտեմբերի 18-ին:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X