Մեդալի հակառակ երեսը

>

Նորքի 9-րդ զանգվածում ապրող Ֆահրադյան եղբայրների պատմությունն անչափ ուշագրավ է եւ ուսանելի մամուլի ու լրագրողների աշխատանքը վերլուծելու առումով։ Այս պատմությունը նաեւ վկայում է այն մասին, թե որքան բարդ է լրագրողի աշխատանքը, եւ ինչքան խութեր կան մեր աշխատանքի մեջ։ Բավական է փոքր-ինչ անուշադիր լինես, փոքր-ինչ մակերեսային վերաբերմունք դրսեւորես փաստերին ու երեւույթներին, եւ դու կարող ես հայտնվել քո իսկ հյուսած ծուղակում։

Թվում է՝ «Հրապարակի» թղթակիցը գործել է բավականին բարեխիղճ։ Գնացել է 9-րդ զանգվածի բնակիչների բողոքի հետքերով, որտեղ բարձրահարկերի բակում ինչ-որ «թաղային հեղինակություններ» ավտոտնակ, ավտոլվացակայան են սարքել, փակել բնակիչների ճանապարհը, սյուներ տնկել, խանգարում են երթեւեկությանը, դժվարանցանելի են դարձրել ճանապարհը եւ այլն։ Լրագրողը եղել է «դեպքի վայրում»՝ լուսանկարել, խոսեցրել եւ նյութ գրել։ Ընդ որում, նյութն այնքան «դիպուկ» է եղել, որ տպագրությունից անմիջապես հետո վարչական շրջանի համապատասխան ծառայությունը ժամանել է բակ եւ քանդել վերը նշված սյուները՝ ազատելով բակը։ Մեր լրագրողն այս «արձագանքն» էլ է ֆիքսել՝ նկարագրելով, թե ինչպես «ճշմարտությունը հաղթեց»՝ տեղում մնացել են միայն «բարձր բորդյուրները», որոնք եւս բնակիչները պահանջում են քանդել, քանի որ «դրանք խոչընդոտում են ազատ տեղաշարժին: Ծերերն ու երեխաները քայլելու խնդիրներ են ունենում, իսկ մեքենաները՝ ազատ երթեւեկի: «Բորդյուրներն» այնքան բարձր է շարել, որ միայն տանկը կարող է վրայով անցնել»,- ասել են բնակիչները մեր լրագրողին:

Այս երկրորդ հոդվածից անցնում է մի քանի օր, խմբագրություն են այցելում Նոր Նորքի 9-րդ զանգվածի վերոնշյալ նյութի հերոսները՝ «թաղային հեղինակությունները», ինչպես նրանց որակել էին թաղի բնակիչները։ Երկար, մոտ երկու ժամանոց զրույցի ընթացքում բացվում է նաեւ «մեդալի հակառակ երեսը»։

Ֆահրադյան եղբայրները՝ Արան եւ Կարենը, անհայր մեծացած տղաներ են, բուժքույր մայրը, հազար ու մի դժվարություններով, մենակ է մեծացրել նրանց։ Միշտ ապրել են այս շենքում, եւ անգամ այն ժամանակ, երբ հնարավորություն են ունեցել ավելի էլիտար թաղում տուն գնել, չեն տեղափոխվել, քանի որ 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցն իրենց «հայրենիքն» է։ Անշուշտ, դժվար է մարդկանց խոսքից հեռուն գնացող եզրակացություններ անել, սակայն մի բառ կա, որն այս տիպի մարդկանց լավ է բնութագրում՝ «ռաբատյագ»։

Երեւում է, որ իրենց աշխատանքով, իրենց խելքով ու շնորհքով ոտքի կանգնած մարդիկ են՝ իրենք իրենց ստեղծած։ Չարենցի փողոցի վրա ավտոսպասարկման կետ ունեն, որտեղ մեքենաների «պլյոնկա» են քաշում։ Ինչպես իրենք են ասում՝ «քաղաքի կենտրոնում աշխատում ենք, տանում ծախսում Նորքի 9-րդ զանգվածում»։ Նրանք մոտ մեկ ժամ, իրար հերթ չտալով, պատմում ու ցույց էին տալիս, թե ինչ են կառուցել իրենց տան բակում, թե ինչ թափթփված ու անխնամ բակ է եղել, ինչպես են ասֆալտապատել, բարեկարգել, սյուներ դրել, որոնց վրա՝ լույսեր։ Պատմում են, որ ավտոլվացման կետը 2 ամիս էլ չի աշխատել։ Զայրացած ու վիրավորված են հարեւաններից, մեզնից, թաղապետարանից, աշխարհից, որ չենք գնահատում իրենց ջանքերը։ Իրենք ընդամենն ուզեցել են մաքուր, կոկիկ բակ ունենալ։ Այնպես անել, որ ով որտեղ ուզենա՝ չկանգնի։ Որ բակը լուսավոր լինի։

Մեր առաջին հոդվածից հետո թաղապետարանից եկել՝ սյուներն են քանդել, իսկ երկրորդից հետո՝ «բորդյուրները»։ Իրենց աչքի առաջ ավերել են ամեն ինչ։ Իրենք էլ սրտի ցավով որոշել են գալ խմբագրություն եւ տեսնել, թե ով է գրել այս նյութը, ինչու։ Եվ ամենից շատ վիրավորված են, որ իրենց «թաղային հեղինակություն» են անվանել։ Կարեն Ֆահրադյանն ասում է՝ մեզնից ի՞նչ թաղային հեղինակություն, «Յունիբանկից» 40 հազար դոլար վարկ ենք վերցրել, գործ դրել, գիշեր-ցերեկ աշխատում ենք՝ տուն պահում։ Եվ զարմանում են, թե ինչով են հեղինակություն կամ մեծահարուստ, որ իրենց բակը բարեկարգում են՝ դրանո՞վ, որ քաղցած չեն, որ չքավորի նման չեն հագնվում, որ քիչ թե շատ բարեկեցիկ տանն են ապրում։ Բայց դա իրենց տքնաջան աշխատանքի արդյունքն է՝ բացատրում են նրանք։ Անկեղծ ասած, այս մենախոսությունն ինձ համոզիչ է թվում, քանի որ գիտեմ, թե ինչքան չարություն եւ նախանձ կա մեր հասարակության մեջ, եւ ինչպես կարող են «լուն ուղտ դարձնել»։ Բայց նաեւ հասկանում եմ, թե ինչպես է գրվել հոդվածը, եւ լրագրողին էլ չեմ ուզում մեղադրել։

Ի վերջո, նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, արդար եւ օբյեկտիվ լինելու համար երկարատեւ աշխատանք, փաստերի ու իրադարձությունների մեջ խորամուխ լինելու ժամանակ է հարկավոր։ Նման իրավիճակներում, երբ լրագրողը պետք է «վճիռ» կայացնի մեկ կամ մի քանի օրվա աշխատանքի արդյունքում, հեշտ չէ։ Դատավորներն այդ նույն գործն անում են ամիսների ընթացքում եւ էլի հաճախ սխալվում, թերանում են։ Այնպես որ, չի կարելի լրագրողին մեղադրել օբյեկտիվ չլինելու մեջ։ Իսկ, այ, վարչական շրջանի աշխատողներին կարելի է մեղադրել՝ ինչո՞ւ են թույլ տվել, որ մարդը կառուցի, փող ծախսի, եւ չեն զգուշացրել հետեւանքների մասին։ Ինչո՞ւ են լռել, եթե ապօրինություն է արել, եւ ինչո՞ւ են «անգղների» նման վրա տվել «Հրապարակի» հոդվածից հետո։

Արմինե
ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X