Ինձնից դուրս չգա

Զանգ խմբագրություն․ «Կներեք, խմբագրի հե՞տ եմ խոսում»։ «Այո՝ լսում եմ ձեզ»։ «Ես ձեր մշտական ընթերցողն եմ, շատ եմ սիրում ձեր թերթը։ Կարդում եմ ձեր բոլոր հոդվածները։ Լավ հոդվածները նույնիսկ 2 անգամ եմ կարդում։ Ձեր բոլոր լրագրողներին անուն-ազգանուններով գիտեմ։ Շատ լավ, համարձակ հոդվածներ եք գրում։ Չեք վախենում՝ բոլորին քննադատում եք։ Անցած օրը ձեր հոդվածն էի կարդում ընտրությունների կեղծիքների մասին, շատ լավն էր»։ «Շնորհակալ եմ։ Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»։

«Զանգել եմ պատմեմ, թե ոնց է մեր շենքի համատիրությունը մեզ թալանում՝ փողը հավաքելուց շատ պարտաճանաչ հավաքում են, բայց ոչ մի բան չեն անում։ Տանիքը կաթում է, շքամուտքը՝ կեղտոտ, լույս չկա։ Մենակ էդ համատիրության աշխատողներն են հարստանում մեր հաշվին։ Սա ի՞նչ խայտառակություն է։ Բա սովետի ժամանակ սենց բան հնարավո՞ր էր։ Մի հատ նամակ էինք գրում, արձագանքում էին։ Ղեկավարություն կար, տեր կար։ Էս ո՜նց քանդեցին էս երկիրը ու տեղը բան չսարքեցին»։ «Որտե՞ղ եք ապրում՝ հասցեն ասեք, լրագրող ուղարկեմ, գա զրուցի ձեր շենքի բնակիչների հետ, հոդված գրի»։

«Չէ, ի՞նչ եք ասում։ Բնակիչները բան չեն ասի։ Ո՞ւմ ինչ պետքն է, որ բողոքեն։ Մենակ իմ սիրտն է ցավում։ Հին մարդ եմ, ամբողջ կյանքս կոմունիստ եմ եղել, սենց անարխիա տեսած չկամ։ Հիմա բոլորը վախենում են բողոքեն, բան ասեն»։ «Դե, լրագրող ուղարկեմ՝ Ձեզ հետ խոսի. կպատմեք, ցույց կտաք շենքը, շքամուտքը՝ կգրենք»։ «Չէ, չէ, պետք չի։ Ի՞նչ է փոխվելու։ Համատիրության նախագահը շատ կեղտոտ անձնավորություն է՝ թերթում տեսնի բողոքել եմ, վրեժ կլուծի, թոռներիս կվնասի»։ «Դե, լրագրող ուղարկեմ՝ համատիրության նախագահի հետ հանդիպի, զրուցի, հասկանա, թե ինչու իրենց պարտականությունները չեն կատարում։ Շենքի հասցեն ասեք՝ կուղարկեմ»։ «Չէ, չէ, պետք չի՝ գլխի կընկնեն, որ ես եմ բողոքել․ անցած տարի ապրիլին փողոցում տեսա դրան, ասեցի՝ շենքը վատ վիճակում է, տանիքը կաթում է, ասեց՝ կգանք, կստուգենք։ Կհիշի, որ ես եմ էն ժամանակ ասել էդ մասին»։

Ա. Օ.

Մեկնաբանություն
X