Ամեն ինչի տակ «պատվեր» ման մի եկեք

Օրերս մի լուր էինք տպագրել, որտեղ ներկայացրել էինք, որ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն աշխատանքի է տեղավորել իր ողջ ազգուտակին՝ քույր, եղբայրներ, բաջանաղներ եւ այլն։ Երեկ փորձեցինք մանրամասներ ճշտել պարոն Սաֆարյանից, որը միանգամից նյարդայնացավ հարցից ու դրա տակ «պատվեր» տեսավ։ Անգամ այն տեղեկությունները, որոնք իրականությանն ամբողջովին համապատասխանում են, մեր պաշտոնյաներին դուր չեն գալիս, եւ դա նրանք «պատվեր» են որակում։ Ուշագրավ է, որ նման տրամաբանությամբ են առաջնորդվում ոչ միայն շմայսանման դեմքերը, այլեւ լուրջ պաշտոնյայի համարում ունեցողները։ Իսկ Պավել Սաֆարյանն այն պաշտոնյաներից է, որին մենք շատ հարգալից ենք վերաբերվել ու մշտապես լուսաբանել ենք։ Հիմա, երբ «հազար տարվա» մեջ մի անգամ իր մասին ոչ հաճելի բան է գրվել, մոռանում է նախկին բոլոր հրապարակումներն ու «պատվեր» բացահայտում։ Եվ այնպես էլ կարեւորում են իրենց անձը, որ գեթ կես րոպե չեն մտածում՝ ո՞վ պետք է իրենց դեմ պատվեր տար։ Չէ՞ որ այդ ենթադրյալ «պատվիրատուներն» էլ են հաճախ հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում։ Բայց զարմանալիորեն այդ նյութերը նրանք «պատվեր» չեն որակում, դրանք օգտակար, հանրային կյանքն առողջացնող, լրագրողական ճիշտ նյութեր են իրենց աչքում։

«Դուք ո՞ր թերթից եք... ուրեմն ձեզ են պատվեր տվել, դուք էլ գրել եք։ Ով որ պատվերը վերցրել ա, ինքն էլ գրել ա, ինքը կիմանա երեւի,-դարի «ճշմարտությունը» երեսիս շրխկացրեց փոխնախարարն ու ավելացրեց։- Ես էդ հարցով չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ, որովհետեւ ես էժանագին բաներին չեմ անդրադառնում, դա համարում եմ էժանագին լուր»։ Ամեն դեպքում՝ իր բարեկամներից կա՞ն նախարարությունում աշխատողներ։ «Պատկերացրեք, որ մեր բարեկամներն էլ են աշխատում։ Ու շատ զարմանալի չէ, այսինքն։ Եթե ասոցիացիան էսքան տարվա Ձեր թերթի նկատմամբ էն ա, որ ինձ հետաքրքրող բանը միայն էդ ա, ես ափսոսում եմ ձեր համար։ Այսինքն, եթե իմ անձը դրանով ա միայն ձեզ հետաքրքիր... ես ամեն տարի գալիս եմ էստեղ՝ բյուջե եմ ներկայացնում, եւ եթե ձեզ համար ամենակարեւորն էդ հարցն ա եղել, եւ էդ հարցով եք դիմել, ես ափսոսում եմ ձեզ համար»,-ասաց նա՝ հաստատելով լուրի իսկությունը եւ մոռանալով, որ մենք հարյուրավոր այլ հարցերով էլ ենք իրեն դիմել նախկինում։ Վերջապես՝ ինչո՞ւ պետք է միայն բյուջեի հարցերով իրեն մոտենայինք եւ ինչո՞ւ չպետք է հետաքրքրվեինք իր ազգականների՝ ֆինանսների նախարարությունում աշխատելու փաստով։ Իսկ եթե կարծում է, որ իր ազգականներն արժանի են ֆիննախում աշխատելուն, ապա այդպես էլ պետք է ասի, ոչ թե մեզ մեղադրի այդ հարցին անդրադառնալու մեջ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X