Սերժ Սարգսյանի թռիչքներն ու վայրէջքները

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ գործընկերների առջեւ եւ, որքան էլ անսպասելի, մի քանի առանցքային եւ աննախադեպ հայտարարություններ է արել, ինչն ուղղակի արժանի է դրվատանքի, ի հակադրություն ընդամենը օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթի, որից լրատվամիջոցներին տարածված հատվածները դատարակախոսության տպավորություն էին թողնում:

Ելույթ, որ արժանի է դրվատանքի

Նախ այն, ինչը գնահատման է արժանի: Սարգսյանը, չգիտես ինչից դրդված, որ միջատի խայթոցի արդյունքում, երեկ Մոսկվայում Ռուսաստանին հրապարակավ մի քանի ապտակ է հասցրել՝ բերելով թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման օրինակը եւ ընդգծելով, թե ինչ միաձայնությամբ ՆԱՏՕ-ն կանգնեց Թուրքիայի կողքին:

Սարգսյանը, ըստ ՀՀ նախագահականի, բառացիորեն ասել է. «Խոցված ռուսական ինքնաթիռի հետ կապված իրավիճակի զարգացման մեջ մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես է տեղի ունենում գործուն ռազմաքաղաքական դաշինքների ձեւավորումը: ՆԱՏՕ-ի երկրների՝ ներառյալ, օրինակ, Հունաստանի անվերապահ աջակցությունը Թուրքիային ակնհայտորեն ցույց է տալիս, որ «մեկը՝ բոլորի եւ բոլորը՝ մեկի համար» սկզբունքը հանդիսանում է նման կառույցների արդյունավետության պարտադիր պայման:

Նույնիսկ այն դեպքում, երբ Թուրքիայի գործողությունները հակասում էին բարեկամության եւ բարիդրացիության բոլոր նորմերին ու սկզբունքներին, նույնիսկ այն դեպքում, երբ այն խոցել էր ահաբեկչության դեմ պայքարող միջազգային հանրության համար կարեւորագույն մարտական հանձնարարություն իրականացնող ինքնաթիռ, ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր կասկածի տակ չդրեց թուրքական կողմի գործողությունը: Մենք պետք է դրանից դասեր քաղենք»:

Այ քեզ ֆելիգրան դիվանագիտական խոսք: Նախ, Սարգսյանը մատնացույց է արել, թե որքան միասնական է ՆԱՏՕ-ն, եւ ինչ ողորմելի միայնության մեջ է Ռուսաստանը, այնուհետ բաց տեքստով ՆԱՏՕ-ի գործուն ռազմաքաղաքական դաշինքը հակադրել է մեռելածին ՀԱՊԿ-ին, երրորդ՝ շրջանցել է ռուսական ինքնաթիռի խոցման իրավական կողմը՝ ձեռնպահ մնալով որեւէ դատողությունից, թե արդյոք ռուսական ինքնաթիռը խախտե՞լ էր Թուրքիայի սահմանը, եւ արդյոք իրավաչա՞փ էր այն խոցելը, լոկ ասելով, թե դա «բարեկամության եւ բարիդրացիության» քայլ չէր։ Վերջապես՝ ամրագրել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կանգնած են Թուրքիայի կողքին:

Այդքանից հետո էլ շարունակել է. «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշքեքի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված»: Սարգսյանն այնուհետ թվարկել է, թե Ադրբեջանը Հայաստանի սահմանին ինչ թշնամական գործողություններ է ծավալում, եւ արձանագրել է, որ դրա դիմաց ՀԱՊԿ անդամ-երկրները ոչ միայն Հայաստանի հետ համերաշխություն հանդես չեն բերում, այլեւ երկկողմ ձեւաչափով խրախուսում են Ադրբեջանին՝ դրանով «կրակոցների տակ դնելով» ՀԱՊԿ-ն, դրա հեղինակությունն ու կարեւորությունը:

Հայաստանի կողմից նման մակարդակով եւ նման խստությամբ ՀԱՊԿ գոյության իմաստն ու նպատակահարմարությունը վիճարկելը, իրոք, հարգանքի արժանի քայլ է: Եվ Ռուսաստանին խիստ նեղ դրության մեջ դնող քայլ, որովհետեւ ՀԱՊԿ կոչվող խեղկատակության ողջ իմաստը Հայաստանում ռուսական ռազմաբազա պահելն է: Դե, թող դրա համար էլ Ռուսաստանը վճարի՝ կամ Ադրբեջանի հետ լատենտ գործընկերությանը վերջ տալով, կամ Հայաստանից հեռանալով: Պարզ է, որ Ռուսաստանը մոտ ապագայում (մանավանդ սիրիական ճահճում խրվելուց հետո) հայաստանյան ռազմաբազայից չի հեռանա, հետեւաբար, թող դրա համար վճարի այնքան թանկ, որքան Հայաստանին հարկավոր է, եւ անի այն ամենը, ինչ Հայաստանին հարկավոր է:
Սարգսյանին պետք է արժանին մատուցել:

Միայն Ալիեւի համա՞ր է խոսում

Փոխարենը՝ դեկտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն էր անցկացրել, որտեղ ճիշտ հակառակ որակի խոսք էր ասել։ Ըստ իր աշխատակազմի տարածած հաղորդագրության, «Նախագահն ընդգծել է, որ հայկական բանակը, գերժամանակակից տեխնիկայով լայնորեն համալրման գործընթացին համահունչ, անհրաժեշտ է նույնքան ուշադրություն դարձնել այդ տեխնիկայի օգտագործման մասնագիտական կարողությունների անընդհատ կատարելագործմանը»:

Փաստորեն, հայկական բանակը, ըստ նախագահ Սերժ Սարգսյանի, գերժամանակակից տեխնիկա ունի իր արսենալում, նույնիսկ այն «համալրում» է, այն էլ՝ «լայնորեն»: «Համալրվելը՝ այն էլ լայնորեն» դեռ մի կողմ թողնենք. Հայաստանին գերժամանակակից ռազմական տեխնիկա որտեղի՞ց: Հայաստանի գիտության վիճա՞կը, թե՞ արդյունաբերական հզորությունն է թույլ տալիս նման զենքի թեկուզ մի ազդօրինակ ստեղծել՝ սերիական արտադրությունը մի կողմ թողած: Թե՞ հազիվ մի երեք-չորս միլիարդ դոլարի բյուջե ունեցող, անգամ նվազագույն սպառողական զամբյուղը կենսաթոշակներով ծածկել չկարողացող երկիրը հանկարծ նվիրատվություններով, պետական կաշառակերությամբ ու հանցագործություններով այնպիսի «սեւ բյուջե» է հավաքագրում, որ ի զորու լինի գերժամանակակից զենք գնել:

Լավագույն դեպքում Հայաստանը կարող է ունենալ նույն կարգի զենքեր, ինչը հարեւան Իրանը կամ Թուրքիան, դա էլ, թերեւս, նվիրատվություններով կամ ինչ-ինչ բարտերային գործարքներով ձեռք բերված: Բայց նույն Իրանը կամ Թուրքիան կարո՞ղ են երբեւէ ունենալ այնպիսի զինատեսակներ եւ արսենալ, ինչպիսին, ասենք, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, թեկուզ Ռուսաստանը կամ Չինաստանը: Իհարկե՝ ոչ, որովհետեւ, ճիշտ է, թվարկված բոլոր երկրներն էլ զենք արտադրում եւ վաճառում են, բայց հաստատ այլոց վաճառում են միայն այն զենքը, որի ավելի կատարելագործված, նոր սերնդի մոդելներն իրենք ստեղծել են: Դրա համար էլ գերժամանակակից զենք լինում է միայն հզոր տնտեսություն, գիտություն եւ ռազմարդյունաբերություն ունեցող երկրներում, ոչ թե նրանից զենք գնողների կամ նվիրատվություն ստացողների արսենալում:

Իսկ որպեսզի պատկերացնենք, թե Հայաստանն էլ, իր հարեւաններն էլ որքան հեռու են գերժամանակակից զենք ունենալուց, արժե մեջբերել այն, ինչ Էստոնիայում մի անգամ հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Էստոնիայի նախագահը լրագրողների առջեւ մտահոգություն էր հայտնել Ռուսաստանի ռազմական ակտիվացումից եւ ծախսերի մեծացումից, Բայդենը պատասխանել էր. «Ինչի՞ց եք մտահոգվում, ինչի՞ց եք վախենում, ԱՄՆ-ն միայնակ ավելի մեծ ռազմական բյուջե ունի, քանի ռազմական բյուջեների մեծությամբ մեզ հաջորդող մյուս տասը երկրներն իրար գումարած»: Ի գիտություն ընթերցողի, այդ տասը երկրների թվում, որոնց բոլորի ռազմական բյուջեներն իրար գումարած չեն հասնում ԱՄՆ 650-680 միլիարդանոց ռազմական բյուջեին, եւ Ռուսաստանն է՝ իր 30-40 միլիարդ ռազմական բյուջեով, եւ Չինաստանը, եւ Գերմանիան, եւ Մեծ Բրիտանիան եւ մյուսները:

Այնպես որ, Սերժ Սարգսյանը ճիշտ կվարվի, եթե իր ելույթներն Ալիեւի համար չկառուցի: Այլոք նույնպես այդ ելույթները լսում են, չարժե հայտարարությունների սնամեջությամբ նրանց քմծիծաղն առաջացնել:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X