Մի քանի նշանակալի գիրք 2015թ.-ից

Ամփոփելով 2015-ը՝ կարելի է արդեն (իհարկե, ըստ անհատական հայեցակետի) ներկայացնել մի քանի ուշագրավ գիրք, որոնք լույս տեսան անցնող տարվա մեջ:

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատունը, համագործակցելով «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո» հրատարակչատան հետ՝ հովանավորությամբ Համազգայինի Կեդրոնական վարչութեան, լույս ընծայեց արձակագիր, բանաստեղծ, գրականագետ Գրիգոր Պըլտեանի «Կրկնագիր մարդը» վեպը, որ «Գիշերադարձ» պատումների շարքի ութերորդ փուլն է, «Տարմ» գրական ուսումնասիրությունների ժողովածուն եւ «Սեմեր» վեպը (որը վերահրատարակություն է): Իր երեք գրքերի հրատարակման առիթով Գրիգոր Պըլտեանի խոսքից. «Գրագէտը կ՛ապրի գիրքին մէջ, այնքան ատեն որ կը գրէ, իսկ երբ աւարտէ ու հրատարակէ զայն, կ՛անդրադառնայ, որ գիրքը իրեն չի պատկանիր, գիրքը զինք դուրս նետած է: Գրագէտը դարձած է սոսկ մնացորդ մը մեծ դէպքէն: Գիրքը հրատարակուելէն ետք ուրիշներ կ՛ապրին գիրքին մէջ: Ընթերցողին է կարգը, թող հրամմէ ու ներս մտնէ… «Մեր», «Իմ» ծննդավայրիս մէջ, ուր միակ տեղը աշխարհի մէջ կրնամ այդպէս վերադառնալ: Այս վերադարձը անհուն շրջադարձի կը նմանի, ոչ թէ անոր համար, որ մեկնումիդ ու վերադարձիդ միջեւ այլափոխուած են, այլ անոր համար, որ ծներ ես քանի մը անգամ՝ Փարիզ, Պէյրութ, եւ երկրորդ ծնունդով առաջինը միայն կ՛ըլլայ «ինքզինք»»:

Համարյա կես դար անց արդեն իրենց ամբողջական (ոչ գրաքննված) տարբերակներով լույս տեսան Կոստան Զարյանի «Նաւը լերան վրայ» (Երեւան, 2015, «Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո» հրատարակչատուն, աշխատասիրությամբ Երվանդ Տեր-Խաչատրյանի) եւ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» (Երեւան, 2015, «Անտարես» հրատարակչություն, աշխատասիրությամբ Գրիգոր Աճեմյանի) վեպերը:

«Սարգիս Խաչենց - Փրինթինֆո» հրատարակչական ծրագրի շրջանակներում լույս տեսավ արեւմտահայ արձակագիր, փիլիսոփա Եղիա Տէմիրճիպաշյանի «Անգեղն երգը» բանաստեղծությունների ժողովածուն, աշխատասիրությամբ Սիրանույշ Դվոյանի:
Այս տարի «Մատնագիր» անվանումով գիրք հրատարակեց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը, որը գիրքը բնորոշել է որպես կենսագրություն ըստ ենթագիտակցության (Երեւան, «Անտարես», 2015): «Գիտակցությունն իր կենսագրությունն է գրում՝ վերահսկված, պատճառահետեւանքային հստակ կապերով, հաջորդական՝ ծնվեց, հաճախեց, ընդունվեց, ծառայեց, ավարտեց... Ենթագիտակցականի կենսագրական գրառումներն այլ են, նույնիսկ մեկնարկն ու ավարտն են անորոշ, ուրիշ պատմություն է, ուրիշ սկզբունքով, ուրիշ առաքելությամբ ու պատվերով գուցե: Այս գիրքը փորձ է պեղելու եւ երեւակելու ենթագիտակցականի կենսագրական գրառումները»:

«Ինքնագիր գրական ակումբի» նախաձեռնությամբ լույս տեսավ ֆրանսիացի մեծանուն արձակագիր, բանաստեղծ Լուի Արագոնի երեւի թե ամենասկանդալային ստեղծագործությունը՝ «Իռենի ճեղքը» (Երեւան, «Ինքնագիր գրական ակումբ», 2015, թարգմանությունը ֆրանսերենից՝ Նազենի Ղարիբյանի): Վեպն առաջին անգամ տպագրվել է 1928 թվականին՝ անստորագիր, այն մեծ աղմուկ է հանում, ոստիկանությունն արգելում է, եւ հրատարակման դեմ դատական գործ է բացվում: Արագոնը, պատասխանատվությունից խուսափելու համար, ստիպված է լինում դատարանում հրաժարվել, որ ինքն է հեղինակը: Վեպի իրական սյուժեն ֆրանսիական երկաթյա մայրիշխանության եւ, ընդհանրապես՝ կանացի պոտենցիայի հաղթարշավի գիտակցության նկարագրությունն է: Երեք սերունդ՝ բառի ուղիղ եւ փոխաբերական իմաստով կաթվածահար տղամարդն ականատես է իր ընտանիքի կանանց աստիճանական փչացմանը. աստվածավախ կնոջից մինչեւ կնասեր դուստրը՝ Վիկտուարը, եւ հեշտամոլ թոռնուհին՝ Իռենը: Կանայք տիրանում, օգտագործում, շահագործում են շրջապատում գտնվող բոլոր տղամարդկանց: Դիպուկ եւ մարգարեական եզրակացություն՝ «կանանց հաղթարշավը եւ նրանց հպարտ առողջությունը»:

«Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից»՝ Ումբերտո Էկոյի եւ Ժան-Կլոդ Կարիերի զրույցների այս ուշագրավ ժողովածուն (Երեւան, «Անտարես», 2015, թարգմանությունը ֆրանսերենից՝ Սարգիս Դավթյանի) այս տարի իմ կարդացած լավագույն գրքերից էր. երկու խորագիտակ գրասերները համակողմանի վերլուծությունների, դիպուկ, սրամիտ, հաճախ էլ անսպասելի ու պարադոքսալ մեկնաբանությունների միջոցով նորովի են բացահայտում այն ամենը, ինչը որեւէ կերպ առնչվում է գիրք եղելությանը:

20-րդ դարի երկրորդ կեսի գերմանական կարճ արձակի վարպետներից մեկի՝ Ինգեբորգ Բախմանի «Զիմուլտան» («Զանգակ», 2015, թարգմանությունը՝ Գայանե Գինոյանի) պատմվածքների ժողովածուն արդեն կարելի է հայերեն ընթերցել: «Դեպի «բաց» աշխարհ նետվող նրա կերպարները կորցնում են լեզու, երկիր եւ ինքնություն, ընտրում են «ոչինչ»-ը, նախընտրում են անել «ոչինչ», ասել բառեր, որոնք գեղեցիկ են հնչում եւ ոչինչ չեն ասում:

Եվ ի՞նչ. «ընդամենը խորաթափանցություն են ձեռք բերում՝ ըմբռնելու համար, թե ինչ է կատարվում իրականում»: Այս տարի «Զանգակ» հրատարակչությամբ լույս տեսավ նաեւ ամերիկացի արձակագիր Հարփըր Լիի, թերեւս, մինչ այս տարի միակը համարվող, ԱՄՆ-ում ամենաընթերցված գործերից մեկը՝ «Ծաղրասարյակ սպանելը» վեպը, թարգմանությունն անգլերենից՝ Արամ Արսենյանի:

Երկու շաբաթ առաջ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ փիլիսոփա, գրականագետ Մարկ Նշանեանի «Պատկեր, պատում, պատմություն» (Երեւան, 2015, «Ակտուալ արվեստ» հրատարակչություն եւ Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ) երկհատոր ուսումնասիրության առաջին՝ «Փիլիսոփայական բարեկամութիւն մը» հատորը, որը ներառում է լուսանկարիչ Կարոլ Ֆեկետեի «Մնացորդաց» շարքի, Մորիս Բլանշոյի եւ Ժորժ Բատայի գրական եւ փիլիսոփայական գործերի ուսումնասիրությունը:

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X