Քաղաքագրություն. Դավա-Յաթաղ, Շիլաչի

Ինչպես հայտնի է, Երեւանը գտնվել է քարավանային ճանապարհների հատման կետում։ Նրա վրայով է անցել Իրանն Անդրկովկասի հետ կապող տրանզիտային ուղին։ Հետագայում այդ ճանապարհով անցնող քարավաններից Երեւանի խանը գանձում էր համապատասխան գումար, որի պատճառով էլ ճամփան ստացավ «Խան-յոլի» (Խանի ճամփա) անվանումը։ Ուղտերով Երեւան են բերվել շատ բարիքներ, որովհետեւ այդ ժամանակ բեռնափոխությունները մեծ մասամբ կատարվել են ուղտերով։

Քարավանների բերած բարիքները քաղաքի գործարար մասին հանձնելուց եւ նորն ստանալուց հետո քարավանատերերը գերադասում են գնալ ծայրամաս, ուր եւ հով է եղել, եւ իջեւանները՝ մատչելի։ Այդ վայրը քաղաքի այժմյան Սարի թաղին հարող եւ Նար-Դոսի փողոցից այն կողմ ընկած բարձրադիր հատվածն է: «Դավա-Յաթաղ» բառը եթե հայերեն թարգմանենք, կլինի «ուղտերի ննջարան» նամ «ուղտերի կացարան»։

Շիլաչի

Երեւանի աշխարհագրական անուններում արտացոլված են նաեւ նրա առանձին մասերի տնտեսության բնույթը, բնակիչների արհեստն ու զբաղմունքը։ Այդպիսիներից մեկի՝ Շիլաչիի անունը մեզ հիշեցնում է այդ թաղի արտադրության բնույթը, հին արհեստավորական Երեւանը։

Ինչպես հայտնի է, այն ժամանակ գործարան եւ գործարանային արդյունաբերություն, ներկա իմաստով, չի եղել։ Եղել են առանձին արհեստավորներ կամ նման տիպի ավելի մեծ ձեռնարկություններ՝ կաշեգործներ, կավագործներ, պղնձագործներ, ներկարարներ եւ այլ արհեստավորներ։ Դրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր շարքը, իր տեղը եւ իր անվանումը քաղաքի գործարար մասում։

Առանձին է եղել նաեւ շոր ներկողների թաղը։ Ի դեպ, եղել են երկու տեսակ ներկարարներ՝ «բոյախչի» եւ «շիլաչի»։

Շիլաչի ասելով՝ նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով ներկող ներկարարները։

Հետագայում, գործարանային արդյունաբերության առաջացման հետեւանքով, բնականաբար, «շիլաչի» վարպետները չկարողացան մրցակցությանը դիմանալ եւ շարքից դուրս եկան՝ սերունդներին թողնելով, իբրեւ հիշատակ, ներկա «Շիլաչի» անունը։

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X