Ծանոթացեք՝ ահա «Հրապարակի» աշխատակազմը

Մոտ ութ տարի՝ շաբաթը հինգ անգամ, «Հրապարակ» օրաթերթը ձեր սեղանին է։ Այս 8 տարվա ընթացքում շատ քիչ օրեր են եղել, որ մենք լույս չենք տեսել։ Անգամ տոնական օրերին հիմնականում աշխատել ենք՝ այն հույսով ու հաշվարկով, որ ընթերցողն սպասում է մեզ, եւ մենք այնպես, ինչպես կենսապահովման օբյեկտները՝ հիվանդանոցներ, հացի փռեր, մթերային խանութներ, դեղատներ, իրավունք չունենք հանգստանալու։ Մանավանդ՝ եթե մենք հանգստանում ենք տոն օրերին, նշանակում է ընթերցողը թերթ չի կարդալու հաջորդ՝ աշխատանքային օրերին։ Եվ այն կարճատեւ դադարները, որ տարվա ընթացքում վերցրել ենք, մեղավորության զգացումով ենք վերցրել։ Մեղավորություն ընթերցողի առաջ, անգամ եթե այդ օրերին մեզ սպասողն ընդամենը մեկ անձ է, այլ ոչ թե 3 հազար հոգի։ Այսպես ենք ապրել ու աշխատել արդեն մոտ 8 տարի՝ հուսալով, որ մեր արածն անիմաստ չէ, եւ մեր գործը գնահատվում է հասարակության կողմից։ Խոսքը պարգեւների, մրցանակների կամ շռայլ խոսքերի մասին չէ, այլ մեր տքնաջան աշխատանքը գոնե լռելյայն ու զուսպ գնահատականի արժանացնելու։ Մանավանդ՝ հույս ունենք, որ «Հրապարակի» գոյությունն ինչ-որ բան ավելացնում է մեր երկրում, եւ առանց «Հրապարակի» մեր իրականության մեջ ինչ-որ բան կպակասեր։ Մենք, անշուշտ, անսխալական չենք, ոչ էլ հավակնում ենք վերջին ճշմարտությունն ասողի կարգավիճակին։ Մենք բազում սխալներ ու վրիպումներ ենք ունեցել, էլի կունենանք, բայց ընթերցողը, առավել եւս՝ իշխանությունը, պետք է հասկանա, որ դա անխուսափելի է, քանզի նախ այդ սխալների մեջ լրագրողների մեղքը հազիվ մի 20 տոկոս է, ապա՝ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Այս առումով արժե հետեւել արեւմտյան փորձին, որն ազատ լրագրության մեջ տասնամյակների, եթե չասենք՝ հարյուրամյակների ավանդույթներ է մշակել։ Ահա թե ինչ է ասել այս թեմայով ամերիկացի լրագրող, մեդիա-ձեռներեց, Արիզոնայի նահանգային համալսարանի դասախոս Դեն Գիլմորը media.am-ին․ «Կարծում եմ՝ բոլորս պետք է հասկանանք, որ մարդ ենք եւ սխալներ ենք գործում, եւ թույլ չտանք, որ կառավարությունները... ասեն, թե ինչ չեն կարող հրապարակել: Ես հավատում եմ, որ խոսքը կարեւոր է, եւ որ մենք չպետք է խոչընդոտենք, որ մարդիկ նյութեր հրապարակեն: Իսկ զրպարտչական հրապարակումների հարցը լուծելու համար այլ ուղիներ կան»: Եվ վերջապես՝ ովքեր են դատավորները։ Անազատ, սեփական կարծիքն իրենց «շեֆերին» զիջած, հաճախ ստի ու կեղծիքի մեջ թաղված մարդիկ, ովքեր իրենց բուն գործունեության մեջ ոտքից գլուխ խոցելի են, հանցանքների ու կոռուպցիայի մեջ թաղված, իրավունք չունեն դատել լրագրողներին։ Իր հոդվածում ինչ-որ բան շփոթած լրագրողը, մանավանդ՝ եթե այն միտումնավոր չի արել, անմեղ հրեշտակ է այս «դատավորների» համեմատ։ Իսկ պետական միջոցներ լափող չինովնիկն ընդհանրապես իրավունք չունի խոսել լրատվամիջոցների թերություններից։ Դա նման է այն բանին, որ մարդասպանություն կատարած անձը սեղանի շուրջ խոսի էթիկետի կանոնները պահպանելու մասին։ Այս բոլոր «դատավորներն ու դատախազները» պետք է հիշեն՝ այնքան սխալներ ու թերություններ, որքան կան իրենց համակարգերում, մինչդեռ պետական հսկայական միջոցներ են տնօրինում, կայուն աշխատավարձեր ստանում եւ բազում արտոնություններ ունեն, եթե մեզ տային, ապա իդեալական ԶԼՄ-ներ կունենայինք։

Իսկ դժվարությամբ գոյատեւող, շուկայական հարաբերությունների բոլոր բացասական կողմերն իրենց վրա կրող ԶԼՄ-ներն ու չնչին աշխատավարձ ստացող լրագրողներն այս հասարակության սանիտարների դերն են խաղում՝ հաճախ միայն էնտուզիազմի վրա աշխատելով օրական 18 ժամ, ենթարկվելով բազում ռիսկերի, պայքարելով չինովնիկական խոչընդոտների դեմ եւ ինչ-որ խմբերի կողմից էլ քարկոծվելով։ Գնահատեք լրագրողի աշխատանքը, սիրեք նրանց, ներեք նրանց թերությունները՝ նրանք կարեւոր գործ են անում։

Ուզում եմ ասել, որ շատ բարդ է այսօր օրաթերթում աշխատելն ու չմահավան ընթերցողին բավարարող հոդվածներ հրապարակելը։ Ճանաչեք նրանց, ովքեր այդ անշնորհակալ գործն են արել 2015-ին «Հրապարակում», եւ, հուսով եմ, կանեն նաեւ 2016-ին։
Ընդհանրապես թերթն ապրող, շնչող օրգանիզմ է։ Այստեղ աշխատող անձնակազմն էլ փոփոխվում է՝ ինչ-որ մարդիկ գնում են, նորերն են գալիս։ Ես, որպես խմբագիր, ճահճացած՝ անփոփոխ աշխատակազմի «թշնամին» եմ, դրա մեջ վտանգ եմ տեսնում։

Մարդիկ, մանավանդ լրագրողները, հոգնելու, «մաշվելու» հատկություն ունեն, եւ երկար ժամանակ նույն գործն անելն ու նույն աշխատավայրում աշխատելը վնասում են նրանց, ուստի միշտ ուրախանում եմ, երբ նոր մարդ է հայտնվում թերթում։ Իսկ գնացողներին, անգամ եթե «վատով» են գնացել, միշտ հաջողություն եմ ցանկանում։ Ի վերջո, մնում են նրանք, ովքեր սիրում են «Հրապարակը», իսկ առանց սիրո աշխատելը վտանգավոր բան է։

Մեր «ամենահնաբնակն» այսօր Աշխեն Քեշիշյանն է, որն ինձ հետ է եղել թերթի հիմնադրման օրերին։ Աշխենն իմ ճանաչած ամենապայծառ, բարի մարդկանցից է։ 5 տարի առաջ նա իր կյանքում մի շատ կարեւոր որոշում կայացրեց՝ զավակ ունեցավ։ Եվ պարզվեց, որ նա ոչ միայն լավ մարդ է, այլեւ իդեալական մայր։ Աշխարհի առանցքը դարձավ նրա հրաշք Արեգը, որին ես «Հրապարակի» որդին եմ համարում։ Ափսոս, որ մայրությունն այնքան էներգիա, ժամանակ, ուշադրություն է խլում Աշխենից, որ նա ակտիվ լրագրությամբ այլեւս չի զբաղվում, բայց թղթակցում է «Հրապարակին», փորձում է գտնել իր մասնակցության ձեւը թերթում։ Ես որեւէ կերպ չեմ սահմանափակում կամ ռեժիմ չեմ սահմանում. գրում է այնքան, ինչքան հասցնում է, այնպես, ինչպես ուզում է։ Ինքս երկու աղջիկ եմ մեծացրել՝ աշխատանքին զուգահեռ, բայց յուրաքանչյուրի հետ 2-ական տարի «բացակայել» եմ լրագրությունից եւ դրանք համարում եմ իմ կյանքի ամենաերջանիկ տարիները։

Մյուս «հնաբնակը» Սյուզին է՝ Սիմոնյան։ Թերեւս խմբագրության ամենաբարդ եւ ամենահետաքրքիր մարդը։ Իր փորձով, գիտելիքներով նա շատերին է գերազանցում, ուստի մի կողմից շատ հեշտ է նրան որեւէ հանձնարարություն տալը, մյուս կողմից՝ շատ բարդ. ամեն թեմա չէ, որ նրան հոգեհարազատ է, եւ եթե թեման «սրտին» չկպավ, անգամ «տանկով» չես կարող ստիպել, որ այդ հոդվածը գրի։ Եվ հակառակը՝ մի տարեց կնոջ, մի կասկածելի հանցագործի, մի վտանգավոր գործարարի «թեմայով» կարող է ոգեւորվել ու հսկայական, բայց նաեւ վիճելի նյութ գրել։ Ժամանակի ընթացքում, անշուշտ, գտանք աշխատանքային ընդունելի ձեւը․ մյուս կողմին խոսեցնելով՝ փակում ենք էմոցիոնալ սուբյեկտիվության հիմքերը։ Բայց ամեն անգամ ես զգում եմ նրա լուռ դժգոհությունը՝ «ախ, եթե դատական հերթական հայցն ունենալու վտանգը չլիներ, ո՜նց կգրեի, ո՜նց կնախշեի էդ սրիկային»։ Սյուզին նաեւ մեր խմբագրության «ամենաՀԱԿամետ» լրագրողն է եւ, որպես կանոն, չի թաքցնում իր համակրանք-հակակրանքները։ Ընդհանրապես, ես չեմ խրախուսում քաղաքական համակրանքների դրսեւորումները հոդվածներում։ Բայց հասկանում եմ, որ լրագրողը նաեւ քաղաքացի է, հայացքներ ունի եւ իրավունք՝ դրանք արտահայտելու։ Ինչքա՜ն վեճեր ու խնդիրներ եմ ունեցել, օրինակ, Էդիկ Անդրեասյանի հոդվածների կապակցությամբ. ՀՅԴ-ին չսիրող ընթերցողները նրա հոդվածներում շարունակ «պրոդաշնակցական» մտքեր են գտնում եւ քննադատում մեզ։ Բայց ես ՀՅԴ անդամ աշխատակից ունենալը նորմալ եմ համարում եւ սովորաբար չեմ միջամտում Էդիկի հոդվածներին։ Մարդը հրապարակախոսական ժանրում է ստեղծագործում, եւ չի կարելի նրանից պահանջել, որ մեր պատկերացումների շրջանակներում լինի օբյեկտիվ։ Մանավանդ՝ Էդիկ Անդրեասյանի գրիչը քչերն ունեն, եւ նման հեղինակ-աշխատակից ունենալն արդեն արժեք է ու հպարտանալու առիթ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Էդիկը լոռեցի է՝ իմ հայրենակիցն ու շատ լավ մարդ։ Հիմա արդեն մեզ մոտ է նաեւ Հասմիկ Անդրեասյանը՝ Էդիկի դուստրը։ Հմայիչ, լուսավոր ու գրագետ աղջիկ՝ hraparak.am կայքի աշխատակիցը։

Մեր մյուս «հնաբնակը» Սոնան է՝ Ադամյան։ Մեր խմբագրության գեղեցկության, համեստության, պարկեշտության սիմվոլը։ Մեր մշակութային էջի պատասխանատուն՝ իսկապես մշակութային աղջիկ։ 5-6 տարվա աշխատանքի ընթացքում նրանից երբեք բարձր խոսք, անտակտ արտահայտություն, մարդկանց հետ հարաբերվելիս որեւէ սխալ չեմ նկատել։ Իսկ այդքան երկար շփման ընթացքում դժվար է սխալներ թույլ չտալը։ Ի վերջո, մարդ ենք՝ երբեմն նյարդայնացած ենք լինում, հիվանդ ու հուզված, անձնական դժվարություններ ենք ունենում եւ կարող ենք սայթաքել, դիմացինին վիրավորել, սխալ պահել մեզ։ Սոնայի հավասարակշռությանն ուղղակի նախանձել կարելի է։ Անգամ եթե ես երբեմն դժգոհում եմ իր աշխատանքից եւ դիտողություն անում, թե՝ թուլացրել ես տեմպը, հետաքրքիր, սուր նյութեր չես գրում, նա, որպես կանոն, ոչ թե նեղանում է, այլ փորձում է շտկել վիճակը եւ արագ վերագտնում է իրեն։

Մենք երկու Լուսինե ունենք՝ իրարից շատ տարբեր, բայց երկուսն էլ անչափ սիրելի ինձ։ Խմբագրության «հիմնասյունը» Լուսինե Շահվերդյանն է, որը Մասիսից ամեն օր գալիս է աշխատանքի՝ մեր քաղաքական լրագրողը։ Իմ ճանաչած ամենավստահելի մարդկանցից է մեր Լուսինեն։ Իր եսն ունեցող, կամային, համարձակ մարդ։ Նրան բնութագրելիս ամենահարմարը «գլուխը հազարի վրա աշխատում է» արտահայտությունն է, բայց երբեմն չարաշահում է իր «դեմբելի» կարգավիճակը եւ բարդացնում նորելուկների կյանքը։ Այնպես, ինչպես կարող է բարդացնել ցանկացած քաղաքական գործչի կյանքը՝ սուր հարցերով եւ գոտկատեղից ներքեւ «հարվածներով»։ Մյուս Լուսինեն Պետրոսյանն է, որը հիմնական աշխատող չէ՝ կարող է ամիսը 1-2 հոդված գրել, բայց դրանք կարող են, այսպես ասած, հեղաշրջում առաջացնել։ Ավելի հետեւողական, իր աշխատանքի նկատմամբ ավելի բծախնդիր մարդ ես չեմ ճանաչում։ Նա նաեւ շատ հարցերում մեծամասնությունից խիստ տարբերվող օրիգինալ կարծիք ունի, որը քչերին է հասկանալի լինում։ Նրան կամ շատ գովում են, կամ շատ քննադատում։ Իր տեսակով ու մտածողությամբ Լուսինեն «հայ» չէ, թեեւ իմ ճանաչած ամենահայրենասեր մարդկանցից է։ Եվ ունի որոշակի սեւեռումներ՝ չի սիրում Ռուսաստանն ու Պուտինին, սիրում է եվրոպական ամեն ինչ եւ Ասոցացման պայմանագրի վառ ջատագովներից է։ Այսպիսի առողջ մտածողության տեր մարդիկ մեր շրջապատում շատ քիչ կան, ուստի ես միշտ ուշադիր եմ Լուսինեի կարծիքի ու դիտարկումների հանդեպ։

Իմ սիրելի աղջիկների խումբը եզրափակում են Սիրան Հունանյանն ու մեր «նորելուկը»՝ Ինգան։ Սիրանի հանդեպ ես մի ուրիշ թուլություն ունեմ՝ շատ եմ հավանում ապրելու նրա ոճը, հումորը։ Եթե չամուսնանա եւ չփախչի «Հրապարակից», շատ լավ լրագրող կդառնա, արդե՛ն դառնում է։ Իսկ Ինգայի եռանդն ու կենսուրախությունը ոչ ոք չունի։ Նա գաղափարների շտեմարան է, մեր կայքի «գեներատորը»։ Իր տարիքի համեմատ շատ հասուն եւ խելացի աղջիկ։ Մի վտանգ կա՝ խմբագրի կարգավիճակի բեռին չդիմանալը, դե՝ 24 տարեկանում կայքի խմբագիր դառնալու փորձությանը շատերը չէին դիմանա, բայց ես հուսով եմ՝ Ինգան կհաղթահարի դա եւ հումորով կվերաբերվի իր «պաշտոնին», ինչպես փորձում եմ անել ես։

Տղաները մեզ մոտ քիչ են՝ Արամ Պաչյանն ու Վահե Մակարյանը։ Արամը միակ մարդն է, որն աշխատանքից ուշանալու, ժողովներին չգալու, գրողական դեպրեսիաների փուլեր ունենալու արտոնություն ունի մեր խմբագրությունում։ Բայց նրա ազնիվ ու անկաշառ տեսակը մեր հասարակության մեջ ամենից շատ պակասողն է, եւ մեր խմբագրությունն էլ առանց Արամի անհոգի ու անսիրտ մի մարմին կլիներ։ Վահեն մեր ամենաամբիցիոզ լրագրողն է՝ բառի լավ իմաստով։ Նա կարող է գնալ ասուլիսի, ամենասուր հարցը տալ չինովնիկին, հետո հոդված չգրել՝ բավարարվել հարցը հնչեցնելու «դափնիներով»։ Բայց փառասիրությունը մեր գործի համար շատ դրական որակ է, ուստի Վահեի նման լրագրողների կարիք կա մեզանում։ Նա նաեւ սուր հումորի զգացում ունի, որը ես եւ ընթերցողը բարձր ենք գնահատում։

Եվ վերջապես, «Հրապարակը» հրապարակ չէր լինի, եթե մեզ մոտ չաշխատեին բեղմնավոր գրիչ ունեցող Հասմիկ Բաբաջանյանը, մեր սրբագրիչ-հմայիչ Արուսը, լուրջ եւ ընդդիմադիր Միհրանը, երկու հրաշք թոռների տատիկ տիկին Մարինան եւ մեր բոլորի «ահուսարսափ» հաշվապահ տիկին Վալյան։ Արժեր հիշել նաեւ «Հրապարակի» ընկերներին ու մշտական հեղինակներին, բայց տեղի սղության պատճառով բավարարվենք այսքանով։ Կհանդիպենք 2016-ին։

Արմինե
ՕՀԱՆՅԱՆ

Մեկնաբանություն
X