2015-ը հագեցած էր, հետաքրքիր ու բարենպաստ

Հայաստանի համար արտաքին քաղաքական իրադարձությունների առումով 2015-ը երեւի ամենահաջող տարիներից մեկն էր ԽՍՀՄ փլուզումից ի վեր: Ինչպես 80-ականների վերջին միջազգային զարգացումները՝ առանց Հայաստանի մեծ մասնակցության, փլուզեցին ԽՍՀՄ-ը՝ Հայաստանի համար հնարավոր դարձնելով անկախությունը, ինչի մասին այլ պարագաներում հայերը կարող էին միայն երազել, այնպես էլ 2015-ի երկու-երեք միջազգային գործընթաց Հայաստանի համար այնքան բարենպաստ իրականություն ձեւավորեց, որ այլ պարագաներում հնարավոր չէր պատկերացնել:

ISIS-ի հեռահար օգտաբերությունը

ISIS-ը որքան էլ բարբարոսական, քարեդարյա երեւույթ է, որն անգնահատելի մշակույթ է ոչնչացնում, մարդկանց է գլխատում, եւ, հետեւաբար, մինչեւ վերջին զինյալն ու համակիրն արժանի են ոչնչացվելու, այդուհանդերձ, ո՞վ կարող է հերքել, որ հենց ISIS-ի պատճառով Մերձավոր Արեւելքի խնդիրը կանգնեց միջազգային քաղաքականության կիզակետում՝ ստիպելով ողջ արեւմտյան աշխարհին ոչ միայն լծվել Փոքր Ասիայում իրադրության կարճաժամկետ կայունացման, այլեւ երկարաժամկետ, արմատական լուծումներ փնտրելու գործին:

Ընդսմին, երբ 2015-ի տարեսկզբին Charlie Hebdo-ի խմբագրատան վրա հարձակումը եղավ, դրան ի պատասխան՝ Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի բազմաթիվ ղեկավարներ մեկնեցին Փարիզ՝ մասնակցելու միասնության երթի՝ ի ցույց իրենց միասնության եւ համամարդկային արժեքներին նվիրվածության: Մինչդեռ 2015-ի տարեվերջի (նոյեմբերի 13-ի) Փարիզի ահաբեկչությունից հետո այլեւս որեւէ մեկի մտքով չանցավ միասնության ցույցեր կազմակերպել: Արեւմուտքը երեւի նույնիսկ ենթագիտակցական, բնազդային մակարդակում զգաց, որ եվրոպական արժեքները 1948-ի Հռչակագրով համընդհանուր կոչելը եւ տարածելը այլոց այդ արժեհամակարգի հետեւորդ չի դարձրել: Ցանկանում ես թե ոչ՝ աշխարհում իրողություն են բազմաթիվ այլ արժեհամակարգեր, որոնցից եվրոպականն ու դրան գրեթե միաձույլ քրիստոնեականը պետք է պաշտպանել: Եվ, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքում:

Երբ մի դար առաջ Ազգերի լիգայում պետությունների սահմանները գծում էին՝ հաշվի առնելով ժողովուրդների քաղաքակրթության աստիճանը, սխալ չէին վարվում: Հարկավոր էր մի ISIS, որպեսզի ամենքին նույնը համարելու, կրոնների ու ազգերի միջեւ տարբերություն չտեսնելու եվրոպական ինքնախաբեությունը վերջ գտներ: ISIS-ը մի տարում Արեւմուտքին ավելի լավ բացատրեց Փոքր Ասիայի քրիստոնեական բաստիոնների՝ Հունաստանի եւ Հայաստանի արժեքը, քան հայերն ու հույները դա կարողացել էին անել 100 տարում:

Ռուսաստանի ազատ անկումը

Հայաստանի համար երկրորդ բարենպաստ զարգացումը Ռուսաստանի շուրջ սեղմվող մեկուսացման ու տնտեսական քայքայման օղակն է, որ 2015-ին էլ ավելի սեղմվեց: Ընդհանրապես, Ղրիմի բռնակցումն այն կարմիր գիծն էր, որը, հատելով Ռուսաստանը, արտաքսվեց միջազգային, հատկապես արեւմտյան գործընկերության ակումբներից եւ հարթակներից: Եթե նախագահ Պուտինին թվում էր, թե Սիրիայում ռմբակոծություններով ինքն Արեւմուտքի հետ հարաբերություններ կբարելավի, այդ հաշվարկում նույնպես սխալվեց: Ոչ միայն Արեւմուտքի հետ համագործակցության չհասավ, այլեւ Մերձավոր Արեւելքում հակառակորդներ, չասելու համար՝ թշնամիներ ձեռք բերեց:

Սակայն Ռուսաստանի համար ճակատագրականը ոչ այնքան Պուտինի սուբյեկտիվ ընկալումները, սխալ հաշվարկներն ու սրա-նրա հետ անձնական բախումներն են, որքան ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները եւ նավթի գնի անկումը, որ շարունակվեց ու էլ ավելի մեծ թափով կընթանա 2016-ին՝ շատ փորձագետների կարծիքով, հասնելով 20-25 դոլարի: Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցներն արդեն երկարաձգված են մինչեւ 2016-ի կեսերը, ԱՄՆ-ն էլ ընդամենը օրեր առաջ նոր պատժամիջոցներ հաստատեց՝ ցրելու համար Ռուսաստանի պատրանքները, թե որեւէ մեղմացում կարող է լինել: Իմիջիայլոց, ՌԴ բանկային սեկտորի դեմ ԱՄՆ պատժամիջոցները փաստացի արգելափակել են նաեւ Չինաստանի հետ ՌԴ մեծամասշտաբ ծրագրերի իրականացումը: Չինական բանկերը հրաժարվում են գազային, նավթային ծրագրերի ֆինանսավորումից՝երկյուղելով, որ ՌԴ բանկերի հետ համագործակցելով՝ իրենք էլ կարող են պատժամիջոցների ներքո հայտնվել:
Այնպես որ, ԽՍՀՄ փլուզման պատմությունը կրկնվում է՝ գրեթե նույն սցենարով, գուցե մի փոքր արագացած տեմպերով: Իսկ Հայաստանի համար որքան բարենպաստ էր ԽՍՀՄ փլուզումը, էլ ավելի բարենպաստ կարող է լինել Ռուսաստանի փլուզումը:

Թուրքիայի անհաղթահարելի քաոսը

Երրորդ բարենպաստ զարգացումը Հայաստանի համար Թուրքիայում ստեղծված քաոսն է, որ հազիվ թե այդ երկիրը հաղթահարի, նկատի առնելով լարումը, որ առկա է երկրի ներքաղաքական կյանքում Էրդողանի AK-ի եւ մնացյալ քաղաքական ուժերի միջեւ, նաեւ տապալումներն արտաքին քաղաքականությունում, որ արձանագրել են Էրդողանի կառավարությունները: Իրադրությունը թույլ չի տալիս վերջ դնել Թուրքիայում ընթացող ամենաիրական պատերազմին՝ քրդերի եւ իշխանության միջեւ: Իսկ որքան սրվում է քրդական հարցը Թուրքիայում, այնքան կմեծանում է Թուրքիայի տրոհման վտանգը: Այդ վտանգին ի տես՝ վաղ կամ ուշ, Արեւմտյան Հայաստանի եւ Սեւրի դաշնագրի թեման ինքնաբերաբար հանվելու է պատմության դարակներից, քանի որ ոչ մի խելագար չի գտնվի երկրագնդի վրա, ներառյալ թուրք, որը ցանկալի կամ հնարավոր համարի Արեւմտյան Հայաստանում քրդական պետության ստեղծումը:

Հայաստանի՝ ԵՄ-ի հետ վերաինտեգրումը

Վերջապես միակ բարենպաստ զարգացումը Հայաստանի համար, որի հետ Հայաստանն ինքը առնչություն ունի, ինչ խոսք, ԵՄ-ի հետ նոր եւ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկն էր 2015-ի դեկտեմբերի 7-ին: Սա այն ձեռքբերումն է, որով վերջապես չեզոքացվեցին կամ սրբագրվեցին Սերժ Սարգսյանի՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի տխրահռչակ քայլն ու Հայաստանի համար դրա ունեցած հետեւանքները: Երբ շուրջբոլորն սկսվել է փլուզում, հատկապես Հայաստանի դարավոր վնասարարների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի մոտ, ուրիշ ոչինչ չկա անելու, քան օր առաջ Եվրոպայի ապահով, պաշտպանված ու բարեկեցիկ ընտանիքին անդամագրվելը: Գոնե այդ ճանապարհին կանգնելը, որ, փառք Աստծո, սկսվեց:

Լուսինե
ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X